Արայիկ Հարությունյանի օգնությունը պետք չէ, թող ինքը Ղարաբաղի անվտանգությամբ զբաղվի․ Անդրանիկ Քոչարյան

Լրագրողների հարցերին պատասխանել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանը
– Պարոն Քոչարյան, ինչպե՞ս եք մեկնաբանում ԳՇ հայտարարությունը։
– Անկեղծ ասած՝ ես հանդարտության կոչ կանեմ, որովհետև երբ ծանոթացա ԳՇ շտաբի պետի հայտարարությանը, այնտեղ կապում են Տիրան Խաչատրյանի հեռացման հետ։ Կներեք՝ աշխարհի ոչ մի երկրում դուք նման բան չեք տեսնի, որ զինվորականին աշխատանքից հանում են, բանակը քաղաքական հայտարարություն է անում։
– Դե, ասում են, որ երկար ժամանակ են համբերել։
– Իսկ դուք չե՞ք հիշում, որ պատերազմի ժամանակ քաղաքական ուժեր կային, որ դիմում էին բանակին իշխանությունը վերցնելու համար, երբ պատերազմը դեռ ընթանում էր։
– Բայց դա չիրագործվեց։
– Դուք այս ամբողջը, որ տեսնում եք, այդքան ստորագրություններ սպաների, հո պարոն Խաչատրյանի հանելուց հետո չհավաքվեցի՞ն։ Սա եփված թեմա էր, կարծում եմ, որը, իհարկե, վտանգներ պարունակում է։
– Հնարավո՞ր է՝ սա կապ ունի «Իսկանդերի» հետ կապված Նիկոլ Փաշինյանի հայտարարության հետ։
– Ես չեմ կարծում, թե սա «Իսկանդերի» հետ կապ ունի, սա կապ ունի բանակի սպասվող բարեփոխումների հետ։
– Իսկ «Իմ քայլը» խմբակցությունում ի՞նչ քննարկեցիք։
– Ես չեմ քննարկել, ես եկել եմ ու արագ դուրս եկել։
– Վարչապետի հայտարարությունը չե՞ք քննարկել։
– Բնականաբար, քաղաքական իշխանությունը ո՞նց կարա․․․ իրավիճակ է փոխվել։
– Ասում են՝ Գլխավոր շտաբի նոր պետ են նշանակելու։ Այդ գործընթացներն ավելի չե՞ն սրի վիճակը։
– Ի՞նչ եք ասում։ Շտաբի պետը քաղաքական հայտարարություն է արել։ Եթե մենք պետություն ենք, բնականաբար, քաղաքական գործընթացը բանակից պետք է հեռացվի։ Եվ շտաբի պետը, հանուն շտաբի պետի հեղինակության համար, փոխվի։ Համոզված եմ՝ ստորագրած զինվորականների մեծ մասը չի կարող մեր երկրի ճակատագիրը կապել Տիրան Խաչատրյանի աշխատանքից ազատելու փաստի հետ։ Կներեք դա ինձ համար․․․ բանակում անընդհատ փոփոխություններ են լինում, բա այդ դեպքում բազմաթիվ գեներալներ են հանում, այն ժամանակ ինչի՞ հայտարարություն չէին անում։
Ես կուզեի, որ բանակը հանդարտության կողմը կանգներ ու ավելի շատ կենտրոնանար մեր պատերազմի հետևանքների վերացման վրա։ Սուրաթ Հուսեյնովի սինդրոմը տեղափոխվեց Հայաստա՞ն։
– Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ է Փաշինյանը ժողովրդին կանչում հրապարակ․․․
– Չեմ կարող ասել։ Ես մի բան գիտեմ, մեր երկիրը պիտի զերծ մնա ներքին ցնցումներից։ Ամենավտանգավոր բանը, որ անընդհատ, մեկ ամիս է՝ գեներացնում էին, Մանուկյան Վազգենն ասում էր՝ ես զանգում եմ գեներալներին, մյուսներն էին զանգում․․․ Այ հիմա մեր պարտությունների պատճառները շատ ավելի տեսանելի են դառնում, և ես կարծում եմ, որ կամ մենք մոտակա 5 տարվա համար կարգավորում ու կառուցում ենք մեր Զինված ուժերի հեռանկարը, կամ մեզ շատ վատ օրեր կարող են սպասվել։ Բայց ես լիահույս եմ, որ վատ օրերը մեզ չեն առաջնորդի, մենք կգտնենք սողոմոնյան լուծում։
– Բայց պարոն Խաչատրյանի ազատումը Ձեզ համար պա՞րզ էր, ինչո՞ւ հեռացվեց, ո՞րն էր նրա թերացումը։ Իրենք ասում են, որ առանց պատճառաբանության Գլխավոր շտաբի պետի տեղակալին հանեցիք։
– Գնացեք, քարտեզը նայեք ու հարավի մասին մեր որոշ գործողությունների մեջ մարդիկ․․․
– Կներեք՝ հոկտեմբեր ամսին Տիրան Խաչատրյանն արժանացավ Ազգային հերոսի կոչման, փետրվարին ազատվում է, ի՞նչ փոխվեց այս ընթացքում։
– Երևի, ինչ-որ բան փոխվել է։
– Ի՞նչ, պարոն Քոչարյան։
– Լսեք՝ բաներ կան, որոնք ինձ հասկանալի են, բայց որպեսզի կարողանամ ձեզ ճիշտ մեկնաբանել, ինձ էլ է ժամանակ պետք։ Անձամբ ինձ համար ԳՇ հայտարարությունն անակնկալ էր, որովհետև հայտարարությունը կապել զինվորականի պաշտոնից ազատման հետ, մեր բանակը տանել ցնցումների, կներեք․․․
– Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը Ձեր ընկերն է, իրենից Դուք չէի՞ք ստանում բանակի տրամադրությունները, որ լարվածություն կա այնտեղ, մարդիկ կան, որոնք այս գործընթացների հետ անհամաձայնություններ ունեն․․․
– Այսօր բանակը գնում է լրջագույն փոփոխությունների, կադրային փոփոխությունների ևս և դրանք կարող էին առաջացնել անհանգստություններ։ Ես հիմա տեսնում եմ անհանգստություններ կադրային կոնկրետ փոփոխության հետ։ Ուրիշ ոչ մի բան։ Իսկ բանակին թույլ տալ, որ մտնի քաղաքականության մեջ, մեր երկրի շահերից չի բխում։
– Քաղաքացիներին հրապարակ կանչելը ո՞նց եք որակում, վտանգ չե՞ք տեսնում, որ բախումներ կլինեն։
– Դուք բոլորդ կգնաք հրապարակ, կտեսնեք՝ բախում չի կարող լինել։ Մեր երկրում բախում չի կարող լինել։ Ով գնում է բախումների՝ մեր պետականության գերեզմանաքարն է դնում։ Ներքին բախումներ տեսել ենք Մարտի 1-ին, մինչև հիմա տակից դուրս չենք գալիս, մենք պետք է խոսենք, գնում ենք հրապարակ, որ խոսենք, որովհետև աննախադեպ իրողության հետ ենք առնչվում։
– Դո՞ւք էլ եք պատրաստվում գնալ հրապարակ։
– Իհարկե։
– Իսկ ի՞նչ եք պատրաստվում խոսել քաղաքացիների հետ։
– Հիմա ի՞նչ եմ խոսում։
– Չէ, այսինքն, ի՞նչ եք ներկայացնելու, որ մեզ սատարեք․․․
– Հանրապետության վարչապետն է հրավիրել քաղաքացիներին, ինքն ուզում է խոսել, վա՞տ է։ Խոսելը միշտ ավելի լավ է, քան չխոսելը։
– Բայց ինքն ուղիղ եթերով հանգիստ խոսում է։
– Դուք ուղիղ եթերով նայեք, ի՞նչ եք ուզում։
– Չէ, ասում եք՝ ուզում է երկխոսի, ես էլ ասում եմ՝ ուղիղ եթերով էլ կարող է երկխոսել։
– Չէ, այսպես եմ գտնում հարմար, դա ի՞նչ ասելու բան է։
– Ասում է՝ փորձում են հեղաշրջման փորձ անել, այդ պատճառով կանչում եմ հրապարակ։
– Հանրապետության վարչապետը ռազմական դրության պայմաններում նաև Գլխավոր հրամանատարի պարտականություններն է կատարում և տեսնում է, որ Զինված ուժերը հայտարարություն են արել, որն ունի ակնհայտ քաղաքական ենթատեքստ։ Հիմա բանակը թողնել քաղաքական գործընթացների մեջ,-բանակը միայն արտաքին թշնամի կարող է ունենալ, ներքին թշնամի չի կարող ունենալ, մի անգամ մարտի 1-ին բանակը բերեցին ներքին «թշնամու» այդպիսի բանի մեջ, մինչև հիմա տակից դուրս չենք գալիս։ Պետք է բանակը հեռու պահել, նա պետք է զբաղված լինի մեր արտաքին սահմանների պահպանությամբ և կատարի իր ֆունկցիաներից ևս մեկը՝ հրադադարի ռեժիմի պահպանությունը։ Եթե մենք այստեղ մտանք այս գործընթացի մեջ, հակառակորդն ամեն վայրկյան մեզ թողած հնարավորություններից մեզ զրկելու է։
– Պարոն Քոչարյան, ինչքանո՞վ եք հավանական համարում, որ մյուս ուժայինները միանան բանակին։
– Հավանականությունը շատ ցածր է, զրո։ Նայեք՝ Շտաբի ցանկը եթե նայեք, դա հո ամբողջ սպայակազմը չէ՞։
– Բայց այնտեղ շատ մեծ թվով մարդ կա։
– Ես բան չասացի, բայց դա ամբողջ սպայակազմը չէ, մի հսկայական սպայակազմ, զինվորներ․․․ Էս որ էսպիսի հայտարարություն են անում, մտածո՞ւմ են զինվորների ընտանիքների վիճակի մասին։ Դուք հասկանո՞ւմ եք՝ սա ինչ է։ Դու ծնող ես, ես ծնող եմ, ի՞նչ պիտի մտածեմ։ Այդ զինվոր երեխաների հոգեվիճակը հասկանո՞ւմ եք։ Պատերազմը հլը չի ավարտվել, հլը նոր փխրուն հրադադար է, էս ի՞նչ եք անում։ Պարոն Օնիկ Գասպարյանն էս ի՞նչ արեց։
– Սպասո՞ւմ էիք իրենից նման հայտարարություն։
– Ոչ։
– Նրան ինչպիսի՞ ռազմական գործիչ եք համարում։
– Ես իր բարոյական նկարագրի հետ կապված որևէ կասկած երբևէ չեմ ունեցել։
– Իսկ պաշտպանության նախարարի հետ խոսե՞լ եք։
– Պարոն Վաղարշակ Հարությունյանը մեր բանակը պետք է այս վիճակից հանի։ Դրա համար էլ ինքը նախարար է։
– Արայիկ Հարությունյանն է ասում՝ Երևանում եմ, պատրաստ եմ միջնորդել։
– Պետք չէ, մենք իրար հետ մեր հարցերը կլուծենք, Արայիկ Հարությունյանը լավ կլինի՝ Արցախի անվտանգության խնդիրների վրա կենտրոնանա։
– Լավ, որպես խորհրդարանի իշխող ուժ, դուք ի՞նչ եք պատրաստվում անել իրավիճակը հանգուցալուծելու համար։
– Խոսել։
– Դուք ինչպե՞ս եք պատկերացնում այդ երկխոսությունը։
– Օրինակ՝ այնտեղ կան գեներալներ, որոնց հետ անպայման պետք է խոսեմ։ Իմ կենսագրությունն ինձ թույլ է տալիս, որ ես խոսեմ։
– ԳՇ-ն բռնության կոչեր չի անում, նրանք նախազգուշացնում են․․․
– Հլը մնում էր, որ բռնության կոչեր անեին․․․
– Նրանք նախազգուշացնում են ձեռնպահ մնալ ժողովրդի դեմ ուժ կիրառելուց։
– Իսկ ո՞վ է ժողովրդի դեմ ուժ կիրառել։
– Գուցե տեսնո՞ւմ են նման վտանգ։
– Որտե՞ղ։ Դուք այսպիսի թավիշային ոստիկանություն տեսե՞լ եք։ 20 տարի տեսել եք փշալար, հավաքել, աչք հանել, կրակել․․․
– Չէ, բայց հիշո՞ւմ եք, երկու օր առաջ ականատես եղանք գործողությունների․․․
– Վայ, Սաղաթելյանը վազում էր, գրկեցին ու քթից արյուն եկավ։ Թող չվազեր։ Կուսակցության ղեկավարները չպետք է վազեն, կանգնեն և պատասխանեն ոստիկանության կամ որևէ մեկի օրինական պահանջներին։ Այդքան բան։ Հիմա վազեցին, նրանք էլ իր հետևից վազեցին։ Ես երբեք չեմ տեսել Դաշնակցության որևէ լիդեր վազեր, ինչ-որ մեկն էլ նրան գրկած տաներ․․․