Անիմաստ է գնալ ընտրությունների, որում մենք հաղթելու ենք բոլոր հարցումներով ու քաղաքական հաշվարկներով․ Արուսյակ Ջուլհակյան

365news.am-ի զրուցակիցն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արուսյակ Ջուլհակյանը
– Ընդդիմությունը սկսել է նոն ստոպ ակցիաներ։ Նրանց ակցիաների ձեռագիրը որոշ իմաստով նման է 2018-ի հեղափոխության ձեռագրին բառապաշարային փոքրիկ տարբերություններով՝ կայծակնային հեղափոխություն, շենքեր գրավել և այլն։ Ինչքանո՞վ եք հնարավոր համարում ընդդիմության հաջողությունը։
– Ես գնահատում եմ ընդդիմության հնարավոր հաջողությունը զրոյական, որովհետև իրենց շարքերում են քաղաքական ուժեր, որոնք իրենց ամբողջ արժեհամակարգով կամ դրա բացակայությամբ մերժվել են 2018-ի հեղափոխության ժամանակ։ Ընդ որում՝ արժանացել են տոտալ մերժման։
Եվ այս հիմնավորմամբ ես կարծում եմ, որ իրենք չեն կարող հաջողություն ունենալ, որովհետև լայն հանրային աջակցությունն անհնար է առավել ևս այն մեթոդաբանությամբ, որ իրենք են ընտրել։ Չնայած այն բանին, որ իրենք փորձում են կապկել խաղաղ անհնազանդություն և քաղաքական պայքարի խաղաղ անելու մեր մեթոդները, արանքներում, ցավոք սրտի, դուրս են գալիս այդ շրջանակներից, ցույց են տալիս իրենց իրական դեմքը, այն է՝ բռնության կոչեր, ոչ այնքան օրինական գործողություններ, որոնք չեն կարող հանրության աջակցությանն արժանանալ։
– Ինչպե՞ս եք վերաբերվում այն մեղադրանքին, որ Նիկոլ Փաշինյանին իրականում ձեռք է տալիս իր այսօրվա ընդդիմությունը, քանի որ նրանց ընդդիմադիր լինելու պարագայում իշխանությունը կորցնելու ոչ մի շանս չկա։
– Այսպես ասեմ՝ ես չեմ կարծում, որ ձեռք է տալիս։ Ավելի ճիշտ՝ հակառակը։ Ես միշտ եմ ասել և վերջին շրջանում ավելի հաճախ եմ հանգում այն մտայնությանն ու համոզմանը, որ, ցավոք սրտի, մեր երկրի գլխավոր պրոբլեմներից ու ազգային անվտանգության խնդիրներից մեկն ընդդիմության բացակայությունն է։
Ստեղծվում է մի իրավիճակ, երբ ուղղակի ընդդիմությունն այնպիսի որակ, այնպիսի գործելաոճ ու հռետորաբանություն է որդեգրում, երբ նրա հետ անհնար է դառնում թե քաղաքական երկխոսությունը, և այն, որ ժողովրդի համար դժվարանում է օբյեկտիվ ընտրություն կատարելը։ Ես սա համարում եմ ազգային անվտանգության հարց ու կարծում եմ, որ այս հարցը պետք է լուծվի։ Այդ լուծումը արհեստական չեմ պատկերացնում։
Ես լսել եմ մեղադրանքներ, որ Նիկոլ Փաշինյանը չի ստեղծում ընդդիմություն, բայց ինչպե՞ս Նիկոլ Փաշինյանը պետք է ստեղծի ընդդիմություն։ Մենք գիտենք, որ քաղաքական դաշտը երկար տարիներ եղել է ամայացած, Սերժ Սարգսյանի իշխանության վերջին տարիներին քաղաքական դաշտն ավելի ամայի էր, և դա էր պատճառը, որ երբ հեղափոխություն եղավ, քաղաքական ամբողջ վակուումը լցվեց Նիկոլ Փաշինյանով։ Եվ երբ Նիկոլ Փաշինյանն օբյեկտիվորեն իր հեղինակության որոշ հատվածը, իր հանրային վստահության որոշ հատվածը կորցրեց, ինչը նորմալ է քաղաքակիրթ բոլոր երկրներում, այդ կորցված հատվածը լցնող որևէ քաղաքական ուժ այդպես էլ չհայտնվեց։
Բայց ես չեմ պատկերացնում անկեղծորեն այն մեղադրանքները, որոնք հնչեցնում են մեր հասցեին, այդ մեղադրանքների հեղինակներն ի՞նչ են ակնկալում՝ ի՞նչ պետք է անի Նիկոլ Փաշինյանը, որ այդ հատվածը լցվի, ես չեմ պատկերացնում։ Կարծում եմ, որ այդ մեղադրողները, ինչպես նաև հանրության այն շրջանակները, որոնք ունեն թե՛ օբյեկտիվ, թե՛ սուբյեկտիվ դժգոհություն, պետք է ավելի պրոակտիվ լինեն, նախաձեռնողականություն ցուցաբերեն և քաղաքական հայտ ներկայացնեն։ Որովհետև երբ դու մի բանից դժգոհ ես, պետք է նաև առաջարկես լուծում, որովհետև Նիկոլ Փաշինյանը քո փոխարեն չի կարող լինել թե՛ իշխանություն, թե՛ ընդդիմություն։
Անկեղծ ասած՝ չեմ էլ պատկերացնում, եթե Նիկոլ Փաշինյանը ստեղծի ընդդիմություն, ի՞նչ բանավեճ պետք է տեղի ունենա, և հետո չե՞ն ասի՝ սա գրպանային ընդդիմություն է։ Ընդդիմությունը պետք է օբյեկտիվորեն ծնվի ու ձևավորվի որպես լուրջ քաղաքական ուժ։ Մենք ի՞նչ կարող էինք անել՝ ընդունել «Կուսակցությունների մասին» օրենքը և քաղաքական ուժերի ձևավորման համար ավելի լավ պայմաններ ստեղծել, մենք արդեն արել ենք։ Եվ հիմա գնդակն այն քաղաքացիների ու այն շրջանակների դաշտում է, որոնք ունեն դժգոհություն ու կարող են ներկայացնել քաղաքական հայտ։
– Մամուլը գրում է արդեն, որ երկրում անիշխանություն կա, իսկ Նիկոլ Փաշինյանը հրաժարվում է արտահերթ ընտրությունների գաղափարից։ Ինչպե՞ս սա հասկանալ։
– Ես համաձայն չեմ մամուլի հետ, որ երկրում կա անիշխանություն։ Չկա անիշխանություն։ Այո, կա որոշակի լարվածություն՝ պայմանավորված այս անհասկանալի քաղաքական ուժերի գործունեությամբ, բայց ես չեմ տեսնում որևէ քաղաքական շրջանակ, որի մասին անընդհատ տարփողում են տարբեր շրջանակներ, բայց ես իմ դիրքորոշումը կարող եմ ասել, դա մեր քաղաքական ուժի դիրքորոշումը չէ։ Իմ դիրքորոշումն այն է, որ նման քաղաքական դաշտով, այո, արտահերթ ընտրությունների գնալն ուղղակի իմաստ չունի, որովհետև գնալ ընտրությունների, որտեղ թե՛ բոլոր հարցումներով, և թե՛ բոլոր քաղաքական հաշվարկներով մենք նորից հաղթելու ենք այն պայմաններում, երբ ունենք նաև արտաքին մարտահրավերներ, արկածախնդրություն է ու անիմաստ։
Զրուցեց Մհեր Արշակյանը