Մելիայի ձերբակալությունն ընդդիմությանը քաղաքական գործընթացից կտրելու փորձ է․ Վասաձե

Վրաստանում ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահ Նիկա Մելիան այսօր ձերբակալվել է։ Ընդդիմադիր քաղաքական գործչի ձերբակալության հետևանքների վերաբերյալ 365news.am-ը զրուցել է Վրաստանի ռազմավարական վերլուծությունների կենտրոնի ավագ գիտաշխատող Գելա Վասաձեի հետ։
– Պարոն Վասաձե, փաստացի ինչո՞ւ Նիկա Մելիան ձերբակալվեց:
– Նիկա Մելիայի ձերբակալությունն ընդդիմությանը քաղաքական գործընթացից կտրելու փորձ է, ինչպես նաև, ձերբակալությունը քրեական տարր հռչակելով, փորձում են այս կերպ քաղաքական ճգնաժամից դուրս գալ: Ձերբակալությունը կապված է նաև «Վրացական երազանքի» ներկուսակցական պայքարի և ուժային մի խումբ պաշտոնյաների՝ իշխանության հենակետը ձեռք բերելու ցանկության հետ:
– Արդյո՞ք ընդդիմադիր քաղաքական գործչի ձերբակալումն էլ ավելի կսրի Վրաստանի ներքաղաքական ճգնաժամը:
– Անկասկած, իշխանությունները միտումնավոր գնացին քաղաքական ճգնաժամը սրելու։
– Պարոն Վասաձե, ամեն դեպքում հնարավո՞ր է ընդդիմությունն ու գործող իշխանությունը համագործակցության եզրեր գտնեն։
– Անհնար է ընդհանուր լեզու գտնել ուժային մի խումբ պաշտոնյաների հետ, որոնք այժմ գտնվում են իշխանության ղեկին, և որոնց գլխավորում է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: Նրանք իրենք են ժխտում երկխոսության հնարավորությունը՝ ընդդիմությանն անվանելով հանցագործներ և ահաբեկիչներ: «Վրացական երազանքի» այլ «թևերի» դեպքում դա հնարավոր է, բայց դա կլինի միայն այն դեպքում, եթե ներկայիս վարչապետը հրաժարական տա։
– Արտաքին ուժերը կարծես թե փորձում են միջամտել ձեր ներքին քաղաքական կյանքին։ Դուք նման բան նկատե՞լ եք:
– Մեր հասարակության մեջ կա կոնսենսուս, որ մենք գնում ենք ՆԱՏՕ և Եվրամիություն, և այդ դեպքում ԱՄՆ-ն ու ԵՄ-ն կարող են լինել Վրաստանում քաղաքական գործընթացների մոդերատոր: Հետևաբար սա ոչ թե միջամտություն է, այլ օգնելու փորձ, և բոլոր քաղաքական ուժերը՝ ներառյալ կառավարությունը, դա ընդունում են:
Զրուցեց Մելինե Պետրոսյանը