1ԳլխավորԼուրերԿարծիքՆերքինՔաղաքականություն

Մանուկյանի կողմից ներկայացված երկու տարբերակներն էլ հակասահմանադրական են․ Ղևոնդյան

«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը փետրվարի 20-ին կայացած հանրահավաքի ժամանակ խոսել էր իշխանության հասնելու երկու պլանների մասին։ Եթե պլան Ա-ն համեմատաբար ավելի մեղմ միջոցների մասին էր, ապա պլան Բ-ում ամբողջությամբ խոսվում էր ուժի կիրառման ու ապստամբության մասին։

Թեմայի վերաբերյալ 365news.am-ը զրույցել է քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի և «Հանուն Հանրապետության» կուսակցության անդամ, քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի հետ։

Քաղաքագետների կարծիքով՝ Վազգեն Մանուկյանի հայտարարությանը պետք է տրվի քրեաիրավական գնահատական և դրան պետք է հետևեն իրավապահ մարմինների կողմից համապատասխան գործողություններ։

Ռուբեն Մեհրաբյանի համոզմամբ՝ այս պահին որևէ նախադրյալ չկա, թե ինչո՞ւ պետք է հանրությունն աջակցի նման կազմակերպված հանցավորությանը․ «Չնայած դեռևս որևէ նախադրյալ չեմ տեսնում, որ հասարակությունը կաջակցի այդ հանցավորությանը, այնուամենայնիվ, գիտենք, որ նման արարքներ գործելու համար առանձնապես մեծ թվով անձանց սատարման անհրաժեշտություն չկա։ Հետևաբար ժողովրդավարությունը պետք է լինի բռունցքներով»։

Մեհրաբյանի խոսքով՝ այս ամենը նրա արդյունքն է, որ իշխանությունը «քնած» է, մատների արանքով է այս ամենին նայում․ «Իշխանությունը չի ստեղծում այն մթնոլորտը, որը հասու կլինի յուրաքանչյուր քաղաքացու և կստեղծի այն համոզմունքը, որ յուրաքանչյուր օրինապահ քաղաքացի և իր կողմից ընտրված իշխանությունը պատշաճ կերպով պաշտպանված են, ինչպես նաև պաշտպանված է ժողովրդավարությունը»։

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանն էլ Վազգեն Մանուկյանի կողմից ներկայացված երկու տարբերակները որակեց որպես հակասահմանադրական և հանցավոր։

«Իրավապահ մարմինները շատ լուրջ պետք է զբաղվեն այս հարցով, քանի որ Հանրապետության հրապարակից բացահայտորեն կոչ է արվում տապալել ՀՀ սահմանադրական կարգը»,- նշեց քաղաքագետը։

Ղևոնդյանի համոզմամբ՝ տվյալ կոնտինգենտը որևէ կերպ չի կարող հավակնել ժողովրդի այնպիսի մեծ աջակցության, որի միջոցով կկարողանա սահմանադրական ճանապարհով իշխանության հայտ ներկայացնել, այդ իսկ պատճառով էլ փորձում է հակասահմանադրական ուղիներ փնտրել ու հակառակ ժողովրդի կամքի՝ իշխանություն զավթել։

«Ամեն դեպքում մենք չպետք է մոռանանք մի քանի կարևոր բան։ Այդ հանրահավաքը հետևեց իշխանության կողմից արտահերթ ընտրության չեղարկման վերաբերյալ հայտարարությանը, այդ հավաքին ներկա էին աննախադեպ թվով մարդիկ ու այս կոնտինգենտի կողմից կազմակերպված հանրահավաքին երբևէ այդքան մեծ քանակությամբ քաղաքացիներ չէին մասնակցել։ Ուստի՝ կարող ենք ասել, որ սա իշխանությունների թուլանալու և սեփական մտադրությունից հրաժարվելու արդյունքն է»,- ընդգծեց Ղևոնդյանը։

Հարցին՝ արդյո՞ք այս պահին կան նախադրյալներ կարծելու, որ ընդդիմադիրները կարող են ոչ ինստիտուցիոնալ ձևով զավթել իշխանությունը, Ղևոնդյանը պատասխանեց․ «Ուժային միջոցների կիրառմամբ իշխանությունը զավթելու տարբերակը որևէ կերպ պետք չէ բացառել, ուղղակի այստեղ հարցն այլ է՝ արդյո՞ք ՀՀ ժողովուրդը և ՀՀ ժողովրդի կողմից ընտրված իշխանությունը թույլ կտա հակօրինական ճանապարհով իշխանությունը զավթել և արդյո՞ք հակառակ կողմի ռեսուրսները կբավարարեն այդ գործողություններն իրականացնելու համար։ Այս հարցում ես լավատես եմ ու կարծում եմ, եթե նույնիսկ իշխանությունը թուլակամ գտնվի ու չկարողանա այդպիսի զարգացմանը հակադրել օրինական մեթոդներով, այնուամենայնիվ, ՀՀ ժողովուրդը որևէ դեպքում թույլ չի տա հանցավոր նախկինների վերադարձն իշխանության»։

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close