1ԳլխավորԼուրերՀարցազրույցՏնտեսություն

«Այս պահին թոշակ բարձրացնել այն դեպքում, երբ ունենք բյուջեի մեծ դեֆիցիտ, մասնագիտական առումով անընդունելի է»․ Բաբկեն Թունյան

365news-ի զրուցակիցն է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը

Պարոն Թունյան, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը փետրվարի 20-ի հանրահավաքում ասել է, որ տնտեսությունը գահավիժում է, դոլարի կուրսն անկառավարելի է դարձել։ Տնտեսական պատճառներով Դուք սպասո՞ւմ եք նոր հեղափոխության։

-Նկատի ունեք քաղաքական հեղափոխությա՞ն տնտեսական դժվարությունների պատճառով։ Չէ, ես անկեղծ ասած չեմ կարծում, որ Հայաստանում ժողովուրդը տնտեսական կամ սոցիալական դժգոհությունների պատճառով հեղափոխական քայլերի կգնա։ Մանավանդ, եթե էդ տնտեսական ու սոցիալական դժվարությունների պատճառներն օբյեկտիվ են։ Իսկ հայ ժողովուրդը շատ լավ հասկանում է՝ եթե դժվար է, ինչո՞ւ է էդպես, և ի՞նչ է արվում, ինչքանով է արվում այդ վիճակը հաղթահարելու համար։ Իսկ դրամի փոխարժեքն անկառավարելի չէ։ Այսինքն, Կենտրոնական բանկը ոչ թե ֆիքսում է փոխարժեքը, այլ ցնցումներից զերծ է պահում փոխարժեքը, տնտեսությունն էլ դժվար վիճակի մեջ էր, հիմա էլ դժվարություններ կան, բայց կարծում եմ էս տարի կլինի կայունացման տարի։

Պարոն Թունյան, բյուջեի վրա որոշակի ծանրաբեռնվածություն է ավելացել նաև այն պատճառով, որ մենք այլևս չենք տիրապետում այն տարածքներին, որոնք ունեինք, որոնք այս կամ այն չափով նպաստում էին մեր բյուջեի ձևավորմանը, մեր անասունները չեն արածում այլ հողերում, գումարած այն, որ սահմանամերձ գոտիների թիվն ավելացել է, և դա ենթադրում է ֆինանսական նոր խաղի կանոներ։ Այս պայմաններում Դուք ինչպե՞ս եք սպասում տնտեսական կայունացման։

-Իհարկե, այն տարածքները, որոնք մնացել են Ադրբեջանի տիրապետության տակ, ազդեցություն ունեին մեր տնտեսության վրա երկու հանգամանք հաշվի առնելով՝ էներգետիկան ու գյուղատնտեսությունը։ Բայց այնպես չէ, որ այդ տարածքները մասնակցում էին Հայաստանի բյուջեի ձևավորմանը։ Էներգետիկան համոզված եմ, որ շատ արագ կվերականգնվի այլ աղբյուրների հաշվին, այսօր մարդիկ կան, որոնք պատրաստ են ներդրումներ անել նույն արևային էներգիայի ոլորտում կամ հիդրոէլեկտրոկայանների ոլորտում։ Այնպես որ, եթե պահանջարկ կա, առաջարկը միշտ ծնվում է։ Անասնապահության մասով չեմ կարող մանրամասն ասել։ Եվ այդ դժվարություններն, իհարկե, կան, բայց անլուծելի չեն, ժամանակ է պահանջվում լուծելու համար։ Տնտեսական հեղափոխության մասին էիք հարցնում։ Տնտեսական հեղափոխությունը, որ հայտարարվել էր, կովիդն ու պատերազմը հետաձգել են, բայց ես մինչև հիմա հավատում եմ, որ մեր տնտեսության մեջ հեղափոխական փոփոխություններ ունենալու ենք, որովհետև ես հավատում եմ մեր ժողովրդի ստեղծագործական, գործարար, գիտական տաղանդին։

Իշխանության գալուց հետո Նիկոլ Փաշինյանն ամեն տարի 10 տոկոսով ավելացնում էր ուսուցիչների աշխատավարձը, թոշակառուների թոշակը։ Այդ գործընթացը ո՞ր փուլում է։

-Էդ գործընթացը կարող ենք ասել, որ ժամանակավորապես ոչ թե ընդհատվեց կամ կասեցվեց, այլ ընդմիջվեց։ Որովհետև կան դասական հարկաբյուջետային կանոններ՝ եթե քո երկրում դու ունես հարկային եկամուտների նվազում ու ստիպված պետական պարտք ես ներգրավում, սխալ է պետական պարտքով լուծել ընթացիկ խնդիրներ, այդ թվում՝ սոցիալական։ Իսկ աշխատավարձի ու թոշակների բարձրացումը սոցիալական խնդիրներ են։ Այսինքն, ավելի լավ է այդ արտաքին պարտքը, որը ներգրավում է, օգտագործվի տնտեսական աճի ներուժը վերականգնելու նպատակով՝ ենթակառուցվածքների վրա և այլն։ Կա մինիմալ մակարդակ, որը պետք է ապահովվի, այսինքն, կան մինիմալ ծախսեր, որոնք պետք է ապահովվեն, բայց էս պահին թոշակ բարձրացնել էն դեպքում, երբ մենք ունենք բյուջեի ահագին մեծ դեֆիցիտ, մասնագիտական առումով անընդունելի է, որովհետև մենք հետո կարող ենք ավելի մեծ խնդիր ունենալ։ Ես երբ լսում եմ, որ մեր ընդդիմադիր գործընկերները մի կողմից խոսում են էն մասին, որ պարտք է ավելացվում, մի կողմից խոսում են, որ տնտեսության վիճակը վատ է, մյուս կողմից ասում են, որ թոշակները պետք է բարձրացնեք, վարկերը պետք է մարեք, ներեք, տոկոսները պիտի վճարեք, բայց պետք է նկատի ունենալ, որ էդ բոլոր քայլերը ծախսեր են ենթադրում, ու էդ գումարը պետք է մի տեղից լինի։ Հիմա այդ գումարը պետք է լինի կամ հարկերի միջոցով, կամ պարտքերի միջոցով։ Այսինքն, երբ ես հայտարարել էի, որ պետական պարտքը ներգրավում են նաև,-այս «նաև» բառը կարևոր է,-որպեսզի մարդկանց թոշակ ու աշխատավարձ հնարավոր լինի վճարել, մի կողմից այդ հայտարարությունն են քննադատում, մյուս կողմից ասում են՝ պարտք վերցրեք, մարդկանց թոշակն ու աշխատավարձը ավելացրեք։ Դրա համար երբեմն այդ քննադատությունների մեջ ինձ համար անհասկանալի է, որ նույն մարդը նույն ելույթում կարող է իրեն հակասել։ Մեզ քննադատողների մեջ, բնականաբար, երբ խոսքը վերաբերվում է տնտեսական բնույթի քննադատություններին, առողջ քննադատությունը միշտ պետք է։ Մենք հիմա ունենք հա՛մ առողջ քննադատություն, հա՛մ էլ սուտ ու մանիպուլացիա։ Ցավոք, այդ առողջը քիչ է։ Օրինակ էս վերջերս լսում էի նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի հարցազրույցը, որտեղ կար իրավիճակի սթափ գնահատական, որտեղ կար նաև քննադատություն,  ագրեսիա չկար։ Մարդը շնորհավորեց կառավարությանն ու Կենտրոնական Բանկին եվրոբոնդերի թողարկման կապակցությամբ։ Բայց մարդ էլ կա գիտի, թե եվրոբոնդով պարտատոմս թողարկելը նշանակում է եվրոյով պարտատոմս թողարկել։ Այսինքն, ինքն իրեն համարում է շատ բարձր կարգի մասնագետ, բայց էսպիսի բան չգիտի։ Կամ ասում է՝ Թուրքիայում, Ադրբեջանում տնտեսությունն աճել է, բայց ես չգիտեմ, թե Իրանում որտեղից այդ տվյալները, որ տնտեսությունը աճել է։ Կամ համեմատականները բերում են այնպես, որ որ թիվն ինչպես ձեռնտու է, որ տարիների հետ համեմատելը ձեռնտու է, այնպես ասում են։ Կամ երբ պետք է հավատում են վիճակագրական կոմիտեին, երբ պետք չէ, չեն հավատում։ Օրինակ, երբ տնտեսությունը անկում է ապրում ՀՀ-ում, նշանակում է՝ վիճակագրական կոմիտեն ճիշտ է տվել տվյալները, երբ աճ է լինում, ուրեմն նկարել են։ Ցանկությունս այնպիսին է, որ մասնագիտական դաշտում գոնե կարծիքներն ու քննադատությունը լինի օբյեկտիվ։

Պարոն Թունյան, տնտեսագետներն այն կարծիքին են, որ եթե դուք պետական պարտքը հասցրել եք ՀՆԱի 70 տոկոսի չափով, էդ պայմաններում հնարավոր չէ խոսել տնտեսական աշխուժացման մասին։ Այդպե՞ս է, թե ոչ։

-Երկրներ կան, որտեղ պետական պարտքը ՀՆԱ-ի 100 տոկոսից  ավել է, և այդ երկրները զարգացած են և սրընթաց զարգանում են։ Եթե կան այդպիսի մարդիկ, որոնք օրինակներ կբերեն կամ փաստացի մասնագիտորեն կապացուցեն, որ կա էդպիսի ճշմարտություն, որ 70 տոկոսանոց պետական պարտքով հնարավոր չէ զարգանալ, ես ներողություն կխնդրեմ ու կասեմ՝ դուք ճիշտ եք, ես չգիտեի էդ մասին։ Բայց երբ պետական պարտքի մակարդակը վկայակոչել ու ասել, որ անհնար է տնտեսություն աշխուժացնել, ես այդպիսի բան նույնպես չգիտեմ։

Ներքաղաքական լարվածությունն ինչքանո՞վ կանդրադառնա այս տարվա տնտեսական աճի վրա, եթե հաշվի առնենք, որ որոշ օլիգարխներ անթաքույց սատարում են ընդդիմությանը։

-Ներքաղաքական լարվածությունը ենթադրում է որոշակի անորոշություններ ու տնտեսական աշխուժության վրա ազդում է այն ժամանակ երբ մարդիկ հավանական են համարում, որ ինչ-որ բան կարող է փոխվի։ Այսինքն, խոսքը ոչ թե ընդամենը զուտ իշխանության փոփոխության մասին է, այլ խաղի կանոների փոփոխության մասին է։ Էդ ժամանակ գործարարները սովորաբար իրենց ծրագրերը հետաձգում են մինչև երևա, թե ինչ է տեղի ունենում։ Մեր դեպքում կազդի, թե չի ազդի, կախված է նրանից, թե հասարակությունը որքանով է լուրջ վերաբերվում և որքանով է բարձր գնահատում իշխանության փոփոխության հավանականությունը։ Այ թե ինչքանով է լուրջ վերաբերվում ու ինչքանով է բարձր համարում հավանականությունը, չեմ կարող ասել։ Ինձ համար ինդիկատորը փոխարժեքն էր, իսկ փոխարժեքը կայունացել է։ Նոյեմբերի 10-ից հետո ընկած շատ կարճ ժամանակահատվածում մենք ունեցանք դրամի արժեզրկում, բայց հիմա մենք ունենք փոխարժեքի կայունացում։ Ինչը նշանակում է, որ հասարակության սպասումները գոնե ազգային արժույթի ու մնացածի նկատմամբ որոշ չափով խարսխված են։

Դուք համաձա՞յն եք, որ նախկիններն իրենց ֆինանսական հնարավորություններով որոշակի ազդեցություն ունեն Հայաստանի տնտեսական աշխուժության վրա։

-Ազդեցություն ունեն բնականաբար։ Որովհետև եթե նայում ենք խոշոր հարկատուների ցանկը, այնտեղ կարող ենք գտնել տասնյակ ընկերություններ, որոնք եղանակ են ստեղծում մեր տնտեսության մեջ։ Բայց մյուս կողմից այդ ընկերությունները շահույթ հետապնդող ընկերություններ են․․․

Այսինքն, ուզածչուզած պետք է աշխատեն․․․

-Այսինքն, այո, իրենք պետք է նայեն առաջին հերթին իրենց շահերին։

Նկատի ունեք Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինա՞տը․․․

-Անուններ չեմ ուզում տալ, բայց կան բազում ընկերություններ, որոնք իմ ունեցած տեղեկություններով իրենց ղեկավարներով, սեփականատերերով, աշխատակիցներով ակտիվ մասնակցում են իշխանության դեմ իրականացվող ակցիաներին, բայց մյուս կողմից, օրինակ, տարբեր օրենսդրական նախաձեռնությունների շուրջ քննարկումների մեջ են թե՛ կառավարության, թե՛ ԱԺ-ի հետ։ Այսինքն, էն, որ ասում են՝ «բիզնեսը՝ բիզնես, քաղաքականությունը՝ քաղաքականություն» մեխանիզմը աշխատում է։ Նույն կառավարությունը կարող է ընդունել որոշումներ կամ նախագծեր, որոնց իրականացումը նպաստելու է բիզնեսի որոշակի ոլորտներին, իսկ էդ ոլորտներում կարող են խոշոր խաղացողները լինեն էն մարդիկ,-նկատի ունեմ սեփականատերերին,-որոնք անթաքույց պայքարում են իշխանության դեմ։ Այսինքն, հին ու նոր Հայաստանի հիմնական տարբերությունը դա է՝ մենք տնտեսությունը չենք ուզում քաղաքականացնել, մենք չենք ասում՝ այ, որ այս ընկերության սեփականատերը մեզ քննադատում է, ուրեմն իրեն պետք չէ աջակցել, իրեն պետք է սնանկացնել և այլն։ Նման բան չկա, որովհետև տնտեսությունը, ֆինանսական համակարգը, հարկաբյուջետային կանոնները, քաղաքականությունը, կայունությունը պետք է լինեն մասնագիտական նշաձողի վրա։

Պարոն Թունյան, Ամուլսարն աշխատացնելու որոշումը ե՞րբ է կայացվելու։

-Ամուլսարը ես չեմ աշխատացնելու կամ ես չեմ փակել, բայց կարծում եմ, որ այդ հարցը մոտ ապագայում կլուծվի։ Այսինքն, չեմ կարող ասել, թե որ ուղղությամբ կլինի լուծումը, բայց գնահատելով կառավարության վերջին նիստերից մեկում վարչապետի արտահայտությունը, իմ մոտ տպավորություն ստեղծվեց, որ այդ հարցը լուծման գործընթացում է։

Զրուցեց Մհեր Արշակյանը

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել