ԼուրերԿարևորՀարցազրույցՏնտեսություն

Ի՞նչ վիճակում է Հայաստանի տնտեսությունը․ մեկնաբանում է տնտեսագետը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրեր առաջ հայտարարեց, որ տնտեսությունը հետճգնաժամային վերականգնման առաջին նշաններն է ցուցադրում: 365news.am-ը թեմայի վերաբերյալ զրուցել է տնտեսագետ Սուրեն Պարսյանի հետ։

Պարոն Պարսյան, արդյո՞ք այս պահին տնտեսության հետճգնաժամային վերականգնման միտումներ կան։

– Մենք 2021 թվական մուտք ենք գործել սոցիալ-տնտեսական բավականին վատ տվյալներով։ Պաշտոնական տվյալներով՝ 2020 թվականին գրանցվել է 8-8․5 տոկոս ՀՆԱ-ի անկում, տնտեսության, գրեթե, բոլոր ոլորտներն անկման մեջ են։ Բացի դրանից, ունենք նաև գործազրկության աճ՝ տարբեր հաշվարկներով մինչև 50․000 աշխատատեղ է փակվել։

2020 թվականին, ի թիվս մնացած խնդիրների, ունեցել ենք մոտավորապես 22․000 բիզնեսի դադար։ Այսինքն՝ 2020 թվականը որպես այդպիսին բավականին վատ տարի է եղել, ուստի՝ այս տարվա համար էլ բիզնեսն ու հանրությունն ունեն բացասական սպասելիքներ, քանի որ տնտեսական խնդիրներին անվելանում է նաև քաղաքական անկայունություն։ Սրան պետք է ավելացնել նաև դրամի արժեզրկումը, որը հանգեցրեց մի շարք ապրանքների գների կտրուկ աճի։

Պաշտոնական տվյալների համաձայն, նախորդ տարվա հունվարի համեմատ, այս տարվա հունվարին գներն աճել են 4․4 տոկոսով, իսկ կոնկրետ սննդամթերքի գներն այս տարվա հունվարին, նախորդ տարվա հունվարի համեմատ, աճել են 6․4 տոկոսով, բանջարեղենինը՝ 9․9 տոկոսով, մրգինը՝ 12 տոկոսով, ձեթինը՝ 44․3 տոկոսով, հացաբուլկեղնինն ու ձավարեղենինը՝ 8․4 տոկոսով և այլն։ Փաստացի այսքանից հետո, երբ որ վարչապետը հայտարարում է, որ մեզ մոտ շրջանառության աճ կա, պետք է հասկանանք, թե այդ շրջանառության աճն ինչո՞վ է պայմանավորված՝ գնաճո՞վ։

Հնարավոր է՝ շրջանառությունն ավելանա, բայց սպառման քանակը նվազի։ Մարդիկ չեն կարող հրաժարվել առաջին անհրաժեշտության ապրանքներից, կհրաժարվեն հագուստ գնելուց, բայց երբեք բանջարեղենի գնումից։ Պետք է հասկանալ մարդկանց սպառման կառուցվածքում ի՞նչ փոփոխություններ են եղել, նոր ասենք՝ շրջանառության աճ կա՞, թե՝ ոչ։

– Ի՞նչ պատկեր ունենք արտահանման և ներմուծման ոլորտում։

– Անցած տարվա հաշվարկներով՝ մենք ունենք 3․9 տոկոս արտահանման կրճատում։ Այս թիվը, եթե համեմատենք տարածաշրջանային երկրների հետ, այդքան էլ մեծ չէ, սակայն մեզ մոտ տեղի է ունցել արտահանվող ապրանքների կառուցվածքի փոփոխություն՝ հանքահումքային ապրանքների տեսակարար կշիռն ավելացել է, մենք դարձել ենք ավելի շատ հանքահումք, մասնավորապես, պղինձ ու մոլիբդեն արտահանող։

Եթե 2019 թվականին 28 տոկոսն էին կազմում հանքանյութերը, ապա հիմա արդեն 33 տոկոսի է հասել ու դեռ ավելանում է։ Մետաղի գների բարձրացմամբ դու կարող ես 10-15 տոկոս մետաղի արտահանման աճ ունենալ՝ ի համեմատ նախորդ տարվա, սակայն դա չես կարող գնահատել որպես ճգնաժամի փուլի հաղթահարում կամ տնտեսական աճի կարևոր ցուցիչ։ Առհասարակ 15 օրվա կտրվածքով նման գնահատականներ տալն այդքան էլ ճիշտ չէ։

Խոսեցիք հունվար ամսի գնաճի մասին, իսկ այս պահին գնաճի միտումը շարունակվո՞ւմ է, թե՞ արդեն կայունացում կա:

– Փետրվար ամսվա պաշտոնական թվերը դեռևս հրապարկված չեն, սակայն որոշակի ապրանքների դեպքում գնաճ դեռևս նկատվում է, մասնավորապես, սննդամթերքի՝ բանաջերեղնի ու մրգի գներում։

Այս դեպքում ի՞նչ քայլեր պետք է արվեն, որպեսզի տնտեսությունը վերականգնման նշաններ ցույց տա:

– Այս պահին տնտեսությունը լուրջ սպասումների մեջ է։ Խոշոր ու միջին ներդրումային նախագծերը սառեցված են և այդ սառեցումը պայմանավորված է վերը նշված պատճառներով՝ սպառման նվազմամբ, երկրի սոցիալ-տնտեսական վիճակով։ Մի երկրի, որտեղ սպառումը կրճատվել է ու միայն մանրածախ առևտուրը 18 տոկոսով նվազել է, այդ երկրում բիզնես դնելը քիչ շահավետ է, քանի որ սպառում չկա, իսկ արտահանման հնարավորությունները դեռևս մեծ չեն։

Տնտեսության վերականգնմանը խանգարում է նաև կառավարության հատվածական որոշումները՝ մի կողմից հայտարարում են, որ 6 ամսով արգելելու են թուրքական ապրանքների ներմուծումը, ըստ որի՝ կխրախուսվի տեղական արտադրությունը, մյուս կողմից էլ հայտարարում են, որ ապաշրջափակում են անելու և կարողանալու են օգտվել թուրքական նավահանգիստներից։

Եթե 6 ամիս հետո սահմանները բացի, մենք չենք կարողանալու մրցել թուրքական ապրանքների հետ։ Բացի այս ամենից բիզնեսին պետք է ավելի երկարաժամկետ երաշխիքներ ու տեղեկատվություն տանք, պետք է վերացնենք կապիտալի կամ սեփականության վերաբաշխման սպառնալիքները։

 Զրուցեց Մելինե Պետրոսյանը

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close