ԼուրերԿարևորԿարծիքՆերքինՔաղաքականություն

Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցը որևէ կապ չունի փետրվարի 20-ի հանրահավաքի հետ․ կարծիքներ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: 

365news.am-ը կապ հաստատեց քաղաքագետներ Հայկ Սուքիասյանի և Աղասի Մարգարյանի հետ՝ պարզելու, թե ինչո՞ւ այդ հեռախոսազրույցը տեղի ունեցավ փետրվարի 20-ին կայանալիք մեծ հանրահավաքին ընդառաջ։

Քաղաքագետների կարծիքով՝ նախորդ օրը տեղի ունեցած հեռախոսազրույցը որևէ կապ չունի կայանալիք հանրահավաքի հետ։

«Չեմ կարծում՝ որևէ կապ ունի մեկը մյուսի հետ, բացի դրանից, տրամաբանական չէ, որ ՀՀ վարչապետը երկրի արտախորհրդարանական ուժերի կողմից կազմակերպված ինչ-որ մի հանրահավաք քննարկի ՌԴ նախագահի հետ։ Կարիք չկա ներքաղաքական ասպեկտում որևէ ենթատեքստեր փնտրել»,- նշեց Աղասի Մարգարյանը։

Սուքիասյանի խոսքով էլ սովորական աշխատանքային գործընթաց էր ու հնարավոր էր՝ ՌԴ նախագահի հետ հեռախոսազրույցի փոխարեն լիներ Իտալիայի վարչապետի հետ հեռախոսազրույց։

«Պաշտոնապես ներկայացվել է, թե հեռախոսազրույցի ժամանակ ինչ հարցեր են քննարկվել, ուրեմն՝ այդ օրակարգն է եղել։ Վստահ եմ՝ որևէ կապ չունի Հայաստանի ներքաղաքական գործընթացների հետ»,- ընդգծեց Սուքիասյանը։

Նրա համոզմամբ՝ Հայաստանում կան ուժեր, որոնք ամեն կերպ ամեն ինչ փորձում են մեկնաբանել ՌԴ-ի՝ որպես «մեծ եղբոր» աջակցության ֆոնի ներքո, բայց այդ աջակցությունը չի լինելու, ու ավելին՝ Հայաստանը պետք է այնպես անի, որ որևէ պետություն «քիթը չխոթի» իր ներքին կյանքի մեջ, մասնավորապես, Ռուսաստանը։

Մելինե Պետրոսյան

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close