1ԳլխավորԼուրերԿարծիքՆերքինՔաղաքականություն

Հայաստանյան իրականության մեջ անվտանգության խորհրդի քարտուղարը, մեղմ ասած, իր գործունեությամբ չի նկատվում․ պատգամավոր

Սերժ Սարգսյանը հանդես եկավ երկմաս հարցազրույցով, որտեղ, մասնավորապես, խոսել է Արցախի երկրորդ պատերազմի մասին՝ նշելով, որ նա երբևէ չի եղել «ոչմիթիզական», և որ պրոցեսը հասել էր մի կետի, որ 7 շրջանը պետք է զիջվեր առանց կարգավիճակի երաշխիքի։ Նա նաև նշել է, որ ներկայիս իշխանությունները ոչ թե հող են տանուլ տվել, այլ կապիտուլյացիայի են ենթարկել Հայաստանը։

Սարգսյանի հարցազրույցին արձագանքել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ նշելով, որ 2016 թվականին նախագահի պաշտոնը զբաղեցնում էր Սարգսյանը, և եթե պատրաստ էին զիջումների, ապա ինչո՞ւ իր պաշտոնավարման օրոք ստացավ պատերազմ։

365news.am-ը կապ է հաստատել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի, քաղաքագետներ Արմեն Բաղդասարյանի և Արեգ Քոչինյանի, ինչպես նաև ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հետ՝ նպատակ ունենալով ստանալ մեկնաբանություն, թե արդյո՞ք իշխանությունները չշտապեցին արձագանքել Սերժ Սարգսյանի հարցազրույցին, արդյո՞ք արձագանքը պետք է լիներ ԱԽՔ-ի պաշտոնակատարի կողմից և Արմեն Գրիգորյանն ի՞նչ խոստումների մասին էր բարձրաձայնել «Ազատության» հետ զրույցում։

Հատկանշական է, որ մի շարք պատգամավորներ, քաղաքագետներ և վերլուծաբաններ չպատասխանեցին հնչեցված հարցերին՝ նշելով, որ ծանոթ չեն հարցազրույցի բովանդակությանը։

Պատգամավոր Գևորգ Պապոյանն ասաց, որ իշխանությունը չի շտապել արձագանքել Սերժ Սարգսյանի հարցազրույցին, քանի որ դա պարզապես տեղեկատվություն է եղել, որը փոխանցվել է հասարակությանը:

«Քանի որ Արմեն Գրիգորյանը մեր երկրի ամենաբարձր պաշտոն ունեցող անձանցից մեկն է և այդ ոլորտում ամենատեղեկացվածը, բնականաբար, նման բաներից նա ավելի տեղյակ է և իր ունեցած տեղեկությունները փոխանցել է հասարակությանը»,- նշեց պատգամավորը:

Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը, սակայն չի կիսում պատգամավորի կարծիքը, նա ընդգծեց, որ իր կարծիքով՝ Սերժ Սարգսյանին պետք է արձագանքեր Նիկոլ Փաշինյանը:

Քաղաքագետ Արեգ Քոչինյանը նկատեց, որ Արմեն Գրիգորյանը չի բարձրաձայնել, թե ինչ խոստումների մասին է խոսքը, քանի որ այդ թեման այն թեման չէ, որ հնարավոր է բառ առ բառ ասել։ Ըստ քաղաքագետի՝ ավելի քան հասկանալի է, թե ինչի մասին է խոսել Արմեն Գրիգորյանը։

«Որպես վերլուծաբան՝ կարող եմ ասել, որ այն կետերը, որոնք Արմեն Գրիգորյանը որպես պատասխան ներկայացրեց, դրանք կետեր են, որոնք ամբողջությամբ զրկում են Սերժ Սարգսյանին այդ թեմայով խոսելու հնարավորությունից: Եթե Արմեն Գրիգորյանը ներկայացնում է, որ Սերժ Սարգսյանի խնդրանքով է Ապրիլյան պատերազմը դադարեցվել և վերջինս պարտավորություն է վերցրել հստակ ժամանակային քարտեզով Ադրբեջանին գոհացնող միջոցառումներ կազմակերպել, ապա այս ամենից հետո Սարգսյանի՝ այս թեմայով խոսելը, մեղմ ասած, անբարոյականություն է»,- նշեց քաղաքագետը:

Իսկ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն ասաց, որ հայաստանյան իրականության մեջ Անվտանգության խորհրդի քարտուղարը, մեղմ ասած, իր գործունեությամբ չի նկատվում, և նա՝ որպես պատգամավոր, ուշադրություն չի դարձնում և չի դարձրել հարցազրույցին, և եթե Արմեն Գրիգորյանի տեղեկատվական դաշտում լուրջ քննարկման առարկա հանդիսացող դրսևորումները սահմանափակվում են ինչ-որ հայտարարություններին արձագանքելով, դա տխուր է։

«Ինչ քննարկումներ են եղել առհասարակ բանակցային գործընթացի ընթացքում և որոշակի փուլերի ժամանակահատվածներում, դրանց վերաբերյալ պարզ տեղեկատվություն տրամադրել են համանախագահ երկրների ներկայացուցիչները: Մինսկի խմբի անդամները, մասնավորապես, վերջին շրջանում հանդես են եկել որոշակի պարզաբանմամբ, ես կասեի՝  լույս սփռեց, մասնավորապես, իշխանությունների դիրքորոշումների առնչությամբ ռուս համանախագահության ներկայացուցիչը: Հետևաբար մեր հասարակությունը և հարգարժան լրատվամիջոցները կարող են տեղեկություններ քաղել դրանից՝ ո՞վ էր ճիշտ՝ Սարգսյա՞նը, իշխանության ներկայացուցի՞չը, թե՞ այլ գործիչ, ըստ էության, դառնում է երկրորդական»,- եզրափակեց պատգամավորը:

Ալինա Դավթյան

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close