1ԳլխավորԼուրերԿարծիքՆերքինՔաղաքականություն

Սարգսյանը գործող իշխանությանը չի կարող մեղադրել կապիտուլյացիայի մեջ, քանի որ բոլորի աչքի առաջ է պատերազմը եղել․ Ենգիբարյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հանդես է եկել ծավալուն հարցազրույցով, որի ընթացքում խոսել է 2018 թվականից հետո Հայաստանում ստեղծված իրավիճակի, ինչպես նաև Արցախյան հարցի բանակցային գործընթացի մասին։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը 365news.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Սերժ Սարգսյանի հարցազրույցին, նշեց, որ հարցազրույցը շատ տխրեցնող էր, քանի որ երկրի նախկին ղեկավարն իր խոսքում օգտագործում էր այնպիսի բառապաշար, որն, ըստ պատգամավորի, հարիր չէ ոչ մի երկրի թեկուզ նախկին ղեկավարին։

«Կարծում եմ՝ բոլոր դեպքերում ինչ-որ մի միտք արտահայտելիս կարելի է օգտվել ավելի ընդունելի բառապաշարից»,- նշեց պատգամավորը։

Ըստ Ենգիբարյանի, եթե հարցազրույցն ամբողջության մեջ դիտարկենք, ապա նախկին ղեկավարը մեղադրում է ՀՀ-ին բանակցային գործընթացը խաթարելու, պատերազմ սկսելու և կապիտուլյացիայի մեջ, ու պատգամավորը չգիտի, թե այս մեղադրանքները կոնկրետ ում են ուղղված․ «Անկեղծ ասած, չգիտեմ՝ այդ մեղադրանքներն ում են ուղղված, բայց այստեղ պետք է հստակ նշենք, որ երբ դա ասում է երկրի թեկուզ նախկին ղեկավարն, ապա դա լուրջ մեղադրանք է, չնայած որ ամբողջ աշխարհը գիտի, որ պատերազմը սկսել է Ադրբեջանը, սակայն իր հարցազրույցից դուրս է գալիս, որ Հայաստանն է սկսել, մինչդեռ դա որևէ կերպ չի համընկնում իրականության հետ»։

Անդրադառնալով տարածքների վերադարձի հետ կապված դիպվածին՝ Ենգիբարյանը նկատեց. «Սարգսյանի հայտարարությունից պարզ երևում է, որ դրսում նախկին իշխանությունները մի բան են քննարկել, իսկ Հայաստանում հասարակությանը լրիվ այլ տրամաբանություն են մատուցել»։

Մեր զրուցակցի պնդմամբ՝ Սարգսյանը չի կարող իրենց մեղադրել կապիտուլյացիայի մեջ, քանի որ բոլորի աչքի առաջ է պատերազմը եղել, ու եթե գործող իշխանությունները կապիտուլյացիայի գնային, ապա հենց առաջին օրվանից կգնային ու կհանձնեին ամբողջ Արցախը․ «Մենք եթե կապիտուլյացիայի գնայինք, ապա հենց առաջին օրը կգնայինք՝ հանձնելով ամբողջ Արցախը, սակայն նման բան չի եղել, ու Հայաստանն իր զինված ուժերի ամբողջ ներուժն օգտագործել է Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման համար»։

Խոսելով ՀՀ զինված ուժերի մարտունակության ու դրանից բողոքելու մասին՝ պատգամավորն ասաց, որ Հայաստանի զինված ուժերի մարտունակության մեջ, ինչպիսին էլ այն գնահատենք, ո՛չ Լևոն Տեր-Պետրոսյանը, ո՛չ Վազգեն Սարգսյանը, ո՛չ Ռոբերտ Քոչարյանը, և ո՛չ էլ Նիկոլ Փաշինյանը չունեն այնքան պատասխանատվություն, որքան որ ունի հենց Սերժ Սարգսյանը․ «Սերժ Սարգսյանը որևէ առիթ չպետք է ունենա ՀՀ զինված ուժերից բողոքելու համար, քանի որ ՀՀ պատմության մեջ ամենաշատ պատասխանատվությունն ինքն ունի»։

Ենգիբարյանի համոզմամբ՝ Սերժ Սարգսյանը, լավ իմանալով բանակցային գործընթացում առկա փակուղու մասին, 2018 թվականից հետո իր համախոհների և նրանց պատկանող լրատվամիջոցների միջոցով գործող իշխանություններին մեղադրում է այն բանում, որ եկել են հողեր հանձնելու ու արհեստականորեն հասարակության շրջանում առաջացնում էին դիմադրություն բանակցային գործընթացների նկատմամբ։ Հիմա ինքը պետք է պատասխանի այն հարցերին, թե ինչո՞ւ էր այդ ամենը լավ իմանալով նման քայլեր անում։

Մելինե Պետրոսյան

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close