Ամենաուժեղ ցնցումների ժամանակ «Իմ քայլը» խմբակցությունն ինչքան կարող էր երերալ, արդեն երերացել է․ Թագուհի Ղազարյան

365news.am-ի զրուցակիցն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Թագուհի Ղազարյանը
– Տիկին Ղազարյան, Էդմոն Մարուքյանն ասում է, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները փողոցում չեն կարողանում հանգիստ քայլել։ Դուք անհանգի՞ստ եք փողոցում։
– Ես ամեն օր աշխատանքի ոտքով եմ գնում և ոտքով եմ վերադառնում աշխատանքից տուն։ Դա իմ ամենօրյա ճանապարհն է, երբեմն զբոսնում եմ նաև, հատկապես եղանակների լավանալու հետ։ Ես չգիտեմ, թե ում մասին է խոսում Էդմոն Մարուքյանը։ Միգուցե, եթե ինքը փողոցում հաճախ քայլեր, մեզ հաճախ կհանդիպեր։
– Ինքն ակնարկում է, որ ժողովուրդն արդեն ձեր դեմ է տրամադրված և ձեր երեսը չի ուզում տեսնել։
– Ես փողոցում քայլելիս ոչ մի տհաճ միջադեպի դեռ չեմ հանդիպել։
– Նա նաև ասում է, որ դուք արդեն դարձել եք նախկին։ Այսինքն, ճիշտ է, իշխանություն ունեք, բայց ոչ՝ լեգիտիմություն և ցանկացած պահի կարող եք փլուզվել։
– Ես կարծում եմ, որ եթե մենք լեգիտիմություն չունենայինք, չէինք կարողանա մնալ իշխանության մեջ, այսինքն՝ լինել կառավարող ուժ։ Դա ժողովուրդն է որոշում և նա արդեն որոշած կլիներ մեզ հեռացնել։ Եթե մի վայրկյան իսկ ժողովուրդը չցանկանա, որ մենք լինենք իշխանության մեջ, մենք չէինք լինի։ Դա ամենամեծ փաստարկն է, որ անխոչընդոտ շարունակում ենք աշխատել։
– Դուք չե՞ք կարծում, որ ձեր լեգիտիմությունը պետք է ստուգվի ընտրություններով, որից կարծես թե հրաժարվում եք։
– Արտահերթ կամ հերթական, կամ ցանկացած պահի ընտրություններ կամ վերաքննություն անցկացնելու գաղափարի հանդեպ «Իմ քայլը» վախ չունի, մեր քաղաքական թիմը վախ չունի։ Եթե հիշում եք, այդ առաջարկով մենք ենք հանդես եկել, սակայն դա մերժվել է մյուս քաղաքական ուժերի կողմից։ Կարծում եմ՝ այդ վախերը մյուս քաղաքական ուժերի մոտ պետք է փնտրել։ Այդ առաջարկը մեկ ամսից ավելի կախված է եղել օդում։ Դա, իհարկե, լավ չէ, որովհետև սպասողական վիճակ է ստեղծում երկրի ողջ ժողովրդի, պետապարատի, տնտեսության համար, ուստի՝ պետք էր ինչ-որ վիճակ ֆիքսել։
Մենք սպասեցինք այնքան ժամանակ, մինչև իրենք այդ հրավերը կընդունեին, սակայն ակնհայտ է, թե ով է խուսափել ընտրություններից։ «Իմ քայլը» չի վախենում ընտրություններից, ցանկացած պահի պատրաստ է վերահաստատել ժողովրդի քվեն։ Վախը չէ, որ առաջնորդել է ընտրություններ չանելու մասին խոսելիս։ Պարզապես բոլորը մերժեցին ընտրություններ անցկացնելու հրավերը։
– Տիկին Ղազարյան, «Իմ քայլը» իշխանությունից հեռացրեց Հանրապետականին համաժողովրդական ընդվզումով։ Հիմա Հանրապետականը կրկին ձիու վրա է, Սերժ Սարգսյանը մասնակցում է բողոքի գործողությունների, հարցազրույցներ է տալիս։ Ամաչելու բան չէ՞։
– Ցավոք սրտի, Հայաստանի քաղաքական դաշտում ամեն ինչ դեռ անցումային փուլում է։ Ես վստահ եմ, որ դաշտը կկարգավորվի, կհստակվի և Կուսակցությունների մասին օրենքն ու «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունները նպաստավոր ազդեցություն կունենան քաղաքական դաշտի կայացման վրա։ Բայց ես կարծում եմ, որ այս անցումային փուլը նորմալ է Հայաստանի համար, որը ոչ միայն ավտորիտարից տեղափոխվում է ժողովրդավար հասարակարգ, այսինքն՝ անցումային փուլում է, այլև բազմաթիվ ճգնաժամերի միջով է անցել։
Այս ժամանակաշրջանն առաջարկում եմ դիտարկել որպես անցումային փուլ քաղաքական դաշտի համար։ Իհարկե, շատ ավելի լավ կլիներ, որ մենք ունենայինք ավելի կառուցողական ընդդիմություն, և քննադատությունն էլ մեզ ուղղված լիներ ավելի կառուցողական բառապաշարով, ոչ թե պիտակավորումներով, ունենայինք բովանդակային քննադատություն։ Ես մեծ աղետ չեմ համարում այն, ինչ հիմա տեղի է ունենում։ Ես դա դիտարկում եմ անցումային տրամաբանության մեջ։
– Վերջին ժամանակներս ոչ նախկին ընդդիմադիրները ձեզ մեղադրում են այն բանում, որ պատերազմից հետո ձեր իշխանությունը Հայաստանը մտցրել է Ռուսաստանի տակ։ Ընդունո՞ւմ եք այդ մեղադրանքը։
– Ռուսաստանը տարածաշրջանում էական ազդեցություն ունեցող գերտերություն է և նաև Հայաստանի գործընկերն է բազմաթիվ ֆորմատներով։ Ինչպես գիտեք՝ ռազմավարական դաշնակից է Ռուսաստանը և՛ անվտանգային, և՛ տնտեսական առումով։ Հայաստանը միշտ էլ Ռուսաստանի հետ սերտ կապեր է ունեցել, հիմա էլ ունի։ Չեմ կարծում, թե այդ առումով մեծ փոփոխություններ են տեղի ունեցել մեր քաղաքականության մեջ, բացի նրանից, որ հետպատերազմյան փուլում Ռուսաստանի դերն ավելի մեծ է, քան Մինսկի խմբի մյուս համանախագահների դեպքում։ Բայց նաև մեր նախաձեռնողականության հաշվին է։
Եթե մյուս գործընկերները պակաս նախաձեռնողական են եղել, Հայաստանը համագործակցում է բոլոր գործընկերների հետ ինչպես տարածաշրջանում, այնպես էլ նրանից դուրս։ Պարզ է, որ այստեղ Ռուսաստանն ավելի մեծ ազդեցություն ունի, չեմ կարծում, որ այդ իմաստով քաղաքական մեծ փոփոխություններ են տեղի ունեցել, և կարծում եմ, որ ցանկացած քաղաքական ուժ, որը կլինի կառավարող, համագործակցելու է Ռուսաստանի հետ, և ոչ թե մարտահրավեր է նետելու նրան, որովհետև ռացիոնալ տրամաբանությունը դա է այստեղ։
– Նույնիսկ արևմտամետ Էդմոն Մարուքյա՞նն է Ռուսաստանին ավելի կարևորելու այստեղ, քան մյուս երկրներին։
– Նույնիսկ Էդմոն Մարուքյանը, որովհետև հետպատերազմական շրջանի նրա առաջարկներն են բխում Ռուսաստանի դերից։ Նա Ռուսաստանի հետ կապված առաջարկներ է արել, որքան էլ դիրքավորվում է արևմտյան դաշտում։ Ռացիոնալ դաշտում նա էլ է հասկանում, որ դա է Հայաստանի ճանապարհը։
– Առայսօր տեղի է ունենում Հայաստան-Ադրբեջան սահմանների հստակեցում։ Ինչո՞ւ է ամեն ինչ որոշվում Ադրբեջանի օգտին։
– Շատ ուղիղ ասեմ, որովհետև Ադրբեջանը վերջին պատերազմում հաղթող կողմն է։ Բայց ես նաև ճիշտ չեմ համարում «հօգուտ Ադրբեջանի» բառակապակցությունը, որովհետև նույն Խորհրդային Միության սահմաններով են առաջնորդվում հստակեցնելիս։ Պարզ է, որ դրանք եղել են Հայաստանի վերահսկողության տակ, իսկ հիմա կրկին անցնում են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Ոչինչ տեղի չի ունենում Հայաստանի տարածքային ամբողջականության հաշվին, այլ տեղի է ունենում փաստաթղթի տրամաբանության շրջանակում։
– Վազգեն Մանուկյանն ուզում է փլել «Իմ քայլը» խմբակցությունը, որպեսզի խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը հենարան չունենա։ Ձեր կարծիքով՝ նա ինչպե՞ս կարող է հասնել հաջողության։
– Իմ կարծիքով՝ Վազգեն Մանուկյանը խորը մոլորության մեջ է, որովհետև ամենաուժեղ ցնցումների ժամանակ «Իմ քայլը» խմբակցությունն ինչքան կարող էր երերալ, արդեն երերացել է։ Դուք գիտեք, որ խմբակցությունից մի քանի գործընկերներ արդեն հեռացել են, մի քանիսն էլ դուրս են եկել քաղաքականությունից։ Դրանից ավելին ակնկալել գնալով կայունացող այս ժամանակաշրջանում ինքը չի կարող, որովհետև մնացած գործընկերները ցույց են տվել, որ քաղաքական հենարանն են այն արժեքների, որոնցով Նիկոլ Փաշինյանն ու «Իմ քայլը» խմբակցությունը միասին եկել են, ընտրվել են ու դարձել կառավարող ուժ։ Ցավում եմ, բայց պետք է հիասթափեցնեմ, որ նման ակնկալիքները չարժե ունենալ «Իմ քայլի» հաշվին։
Զրուցեց Մհեր Արշակյանը