1ԱրտաքինԳլխավորԼուրերԿարծիքՔաղաքականություն

Թուրքիան Հայաստանի հետ սահմանը կբացի այն ժամանակ, երբ դա իրեն ձեռնտու կլինի․ Իսպիրյան

ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը երեկ ԱԺ-ում Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ հայտարարեց, որ Թուրքիան միջազգային հանրության ճնշման ներքո հետզհետե պետք է վերադառնա բնականոն գործընթացի ու այլևս որևէ պատճառ չունի Հայաստանի հետ սահմանը փակ պահելու համար։

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը 365news.am-ի հետ զրույցում հայտնեց, որ ըստ իրեն՝ Արա Այվազյանի այն ձևակերպումը, թե, իբր, Թուրքիան այլևս պատճառ չունի Հայաստանի հետ սահմանը փակ պահելու համար, սխալ է ու չի բխում ո՛չ Հայաստանի Հանրապետության, ո՛չ էլ հայության շահերից․ «Նմանատիպ հայտարարությունը նշանակում է յուրատեսակ անուղղակի արդարացում Թուրքիայի կողմից ՀՀ շրջափակմանը։ Էլ չեմ խոսում այն մասին, որ պատերազմից ի վեր ՀՀ-ն բավականաչափ չի բարձրաձայնել այն հարցը, որ պատերազմին մասնակցել է նաև Թուրքիան ու ոչ միայն մասնակցել է, այլ նաև տարածաշրջան է տեղափոխել իսլամական վարձկանների։ Եթե այս ամենը մի կողմ ենք դնում ու Թուրքիային անվերապահորեն խնդրում ենք բացել սահմանը, ապա ես կարծում եմ՝ դա պարտվողական դիրքորոշում է»։

Գեղամյանը վստահ է, որ ոչ մի երկիր ու ոչ մի միջազգային կառույց չի կարող այնքան ազդեցիկ լինել երկու երկրների հարաբերությունների հարցում, որքան հենց կոնկրետ այդ երկրները․ «Եթե ՀՀ-ն ինքը չի պատրաստվում ներկայացնել իր շահերն ու հետամուտ լինել այդ շահերի իրականացմանը, ապա ես կդժվարանամ ասել, որ երևէ երրորդ երկիր, առավել ևս միջազգային կազմակերպություն կկարողանա հասնել նման արդյունքի»։

Ի հակադրություն Վարուժան Գեղամյանի՝ թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանն էլ համաձայն է ՀՀ արտգործնախարարի պնդման հետ և նշեց, որ Թուրքիան երկար ժամանակ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման անհաջող փորձից հետո միշտ էլ պնդում էր, որ եթե, այսպես կոչված, Արցախի «օկուպացված» տարածքները վերադարձվեն, ինքը Հայաստանի հետ հարաբերություններ կսկսի․ «Այս պահին Թուրքիայի ներկայացրած պայմանն այլևս ակտուալ չէ ու հավանականությունը մեծանում է, որ այդ երկիրը Հայաստանի հետ սահմանը կբացի»։

Ամեն դեպքում Իսպիրյանն էլ է այն կարծիքին, որ Թուրքիայի համար միջազգային ճնշումները զրո նշանակություն ունեն ու դրա մասին խոսելն ուղղակի միամտություն է։

«Թուրքիան Հայաստանի հետ սահմանը կբացի այն ժամանակ, երբ դա իրեն ձեռնտու կլինի»,- եզրափակեց Իսպիրյանը։

Մելինե Պետրոսյան

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close