1ԱրտաքինԳլխավորԼուրերԿարծիքՔաղաքականություն

Աբխազական երկաթուղու վերագործարկման նպատակն այն է, որ Աբխազիան ու Վրաստանը չեն ուզում դուրս մնալ տարածաշրջանային գործընթացներից․ Մելիքյան

Աբխազիայի խորհրդարանը փետրվարի 9-ին հայտարարությամբ դիմել է Ռուսաստանին, որ հանրապետությունը պատրաստ է հավասար պայմաններով մասնակցել Աբխազիայի միջով Ռուսաստանի և Հայաստանի միջև երկաթուղային հաղորդակցություն բացելու նախագծին:

Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը 365news.am-ի հետ զրույցում նշեց, որ Աբխազիայի խորհրդարանի հայտարարությունն առաջին հերթին պետք է դիտարկել տարածաշրջանում հաղորդակցային ուղիների հնարավոր ապաշրջափակման գործընթացի համատեքստում:

«Վրաց-ռուսական պատերազմից ի վեր Հայաստանը բազմիցս հայ-ռուսական և հայ-վրացական հանդիպումների ժամանակ բարձրացրել է հարցը, որ հնարավորության դեպքում կարելի է Աբխազիայի տարածքով վերականգնել երկաթուղային հաղորդակցությունը, որպեսզի մենք ցամաքային ճանապարհի այլընտրանք ունենանք: Հիմա քանի որ տարածաշրջանում որոշակի փոփոխություններ են եղել, Աբխազիան հասկանում է, որ ինքը կարող է փակուղուց դուրս գալ՝ դառնալով տրանզիտ պետություն, այդ իսկ պատճառով էլ այդ հարցը կրկին բարձրացնում է»,- նկատեց փորձագետը:

Մելիքյանի համոզմամբ՝ հայտարարության նպատակն այն է, որ Աբխազիան ու Վրաստանը չեն ուզում դուրս մնալ տարածաշրջանային գործընթացներից:

«Չնայած հայտարարության նպատակն այն է, որ Աբխազիան ու Վրաստանը ևս ցանկանում են որևէ կերպ մասնակիցը դառնալ տարածաշրջանային գործընթացներին, այնուամենայնիվ, հայտարարության մեջ մի կետ կա, որին պետք է ուշադրություն դարձնենք: Պատգամավորն իր հայտարարության մեջ նշում է, որ իրենք պատրաստ են հավասար պայմաններով մասնակցել երկաթուղային հաղորդակցության բացման նախագծին, սակայն այս մոտեցումը Վրաստանի համար անընդունելի է: Վրաստանը նախագծի իրականացման համար քայլեր կանի միայն այն դեպքում, երբ որ դրանք չվնասեն իր տարածքային ամբողջականությանը»,- ընդգծեց Մելիքյանը:

Միաժամանակ փորձագետը վստահ է, որ Վրաստանի գործող իշխանությունը նախագծի իրականացման համար դեռևս որևէ քայլ չի անի։

«Կարծում եմ՝ Վրաստանի առկա քաղաքական իրավիճակում, երբ կրքերը դեռևս հանդարտված չեն, գործող իշխանությունն այդ հայտարարության հետ կապված որևէ քայլ չի անի, քանի որ միանգամից կբարձրացնի ընդդիմության բողոքի ձայնն ու երկրում իրավիճակն էլ ավելի անկայուն կդառնա»,- նշեց Մելիքյանը:

Ըստ փորձագետի, բացի նախագծի քաղաքական բաղադրիչից, կարևոր է նաև տնտեսական բաղադրիչը. «Կարևոր է, որ հստակեցվի, թե ի՞նչ բեռներ են տեղափոխվելու, ի՞նչ ծավալներով, երկաթուղու վերագործարկման համար ինչքա՞ն ֆինանսական ռեսուրսներ են պահանջվելու, ովքե՞ր կլինեն ներդրողները, և թե ինչքա՞ն ժամանակում ներդրողներն իրենց գումարները ետ կբերեն: Երկաթուղու վերագործարկման համար տարբեր կողմեր տարբեր հաշվարկներ են կատարել, օրինակ, ըստ ռուս-աբխազական վերլուծությունների, վերագործարկման համար անհրաժեշտ կլինի 350-400 մլն դոլար, միջազգային կազմակերպությունների հաշվարկով՝ 250 մլն դոլար, իսկ համաձայն վրացական կողմի հետազոտությունների՝ անհրաժեշտ կլինի 70-80 մլն դոլար»:

Հարցին, թե Հայաստանն այս հայտարարությանն ի՞նչ արձագանք պետք է տա, փորձագետը պատասխանեց. «Հարցն ընդհանրապես Հայաստանի տիրույթում չէ, քաղաքական մասով հարցը գտնվում է վրաց-ռուսական, վրաց-աբխազական տիրույթում: Պետք է սպասել ոչ թե Հայաստանի, այլ Ռուսաստանի արձագանքին, քանի որ Հայաստանը միշտ էլ դրական է արձագանքնելու իր համար այլընտրանքային տարբերակներին»:

Մելիքյանի կարծիքով՝ այս նախագծի քննարկումներից աբխազական կողմը փորձելու է մաքսիմալ օգուտ քաղել․ «Նույնիսկ եթե բանակցություններն արդյունք չտան, այնուամենայնիվ, եթե միայն այդ բանակցությունները տեղի ունենան ու դրանց Աբխազիան մասնակցի, դրանով ինքը ցույց կտա, որ Վրաստանի հետ որպես առանձին պետություն բանակցելու կարողություն ունի։ Սակայն սա այդքան էլ ռեալ տարբերակ չէ, քանի որ Վրաստանը որևէ կերպ թույլ չի տա»։

Մեր զրուցակիցն, անդրադառնալով հարցի վերաբերյալ Աբխազիայի ներսում եղած կարծիքներին, ասաց. «Նախագծի իրականացման վերաբերյալ մի քանի ամիս առաջ էլ են քննարկումներ եղել, սակայն Աբխազիայի ներսում էլ այդ նախագծի իրականացմանը դեմ էր «Երկրապահ» կազմակերպությունը, որի կազմում միայն կռված մարդիկ են ու բավականին մեծ ազդեցություն ունեն իշխանությունների վրա։ Հնարավոր է՝ այս հայտարարությունից հետո էլ այդ կազմակերպությունը դեմ լինի ու հարցը փակվի»։

Մելինե Պետրոսյան

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close