1ԳլխավորԼուրերԿարծիքՆերքինՔաղաքականություն

Առաջիկա քաղաքական գործընթացներին կմասնակցի նաև ՀԱԿ-ը

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը վերջին օրերին ակտիվ հանդիպումներ է ունենում Հայաստանում հավատարմագրված դեսպանների հետ, մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դեսպանների հետ։

Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը 365news.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ՀՀ առաջին նախագահի՝ դեսպանների հետ հանդիպման թեմային, նշեց․ «Կարծում եմ՝ հանդիպումների պատճառն այն է, որ առաջիկայում ամեն դեպքում Հայաստանում արտահերթ ընտրությունների կլինեն ու դրան զուգահեռ Հայաստանում թիվ մեկ խնդիրը շարունակում է մնալ Արցախյան հիմնախնդիրը, ուստի՝ միջազգային հանրությունն ու առաջին հերթին համանախագահող երկրները պիտի ցանկանան իմանալ, թե այդ հարցերի վերաբերյալ ի՞նչ են մտածում Հայաստանում առանցքային քաղաքական ուժերը։ Վստահաբար կարող ենք ասել, որ այդ առանցքային ուժերից մեկը ՀԱԿ-ն է, և ամենայն հավանականությամբ, այդ քաղաքական ուժի դերակատարությունն առաջիկայում կմեծանա։ Այս ամենով է պայմանավորված միջազգային հանրության հետաքրքրությունը Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած կուսակցության նկատմամբ»։

Բաղդասարյանը վստահ չէ, որ Լևոն Տեր-Պետրոսյանը կվերադառնա քաղաքականություն, սակայն վստահ է, որ նրա ղեկավարած քաղաքական ուժը կվերադառնա քաղաքականություն, բայց ոչ մենակ․ «ՀԱԿ-ը կվերադառնա ու իր շուրջ կհամախմբի նաև այլ քաղաքական ուժերի՝ ձևավորելով նոր քաղաքական բևեռ։ Վստահ եմ՝ այդ բևեռում կներգրավվեն այնպիսի քաղաքական ուժեր, որոնք կունենան պրագմատիկ մտածողություն, հեռու կլինեն դատարկ խոստումներից, սին ու վտանգավոր երազանքներից»։

Քաղաքագետ Սարո Սարոյանն էլ է վստահ, որ համանախագահող երկրների դեսպանների ու Լևոն Տեր-Պետրոսյանի միջև հանդիպումները միտված են Արցախյան հիմնախնդրի կարգավորման համար լուծումների փնտրտուքներին։

«Չնայած հանդիպումներում որոշակիորեն անդրադարձ է կատարվել նաև ներհայաստանյան գործընթացներին, սակայն կարծում եմ՝ այդ հանդիպումների հիմնական շահագրգռությունը ոչ այնքան Հայաստանի ներքաղաքական հարցերն են, որքան որ Արցախյան խնդիրն է։ Աշխարհին առաջին հերթին հենց Արցախյան խնդիրն է հետաքրքրում»,- եզրափակեց քաղաքագետը։

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close