1ԱրտաքինԳլխավորԼուրերԿարծիքՔաղաքականություն

Ռուսաստանը Հայաստանում իր ազդեցության գործակալների միջոցով հասարակությանը «զոնդաժ» է անում․ քաղաքագետ

Հայաստանում օրեր առաջ նոր շարժում ձևավորվեց, որն անվանվեց «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միություն»։ Շարժման կազմկոմիտեի անդամ է նաև ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հայկ Բաբուխանյանը, որը փետրվարի 6-ին իրենց քայլերթի ժամանակ հայտարարեց, որ հասարակության մի մասը կողմ է Ռուսաստանի հետ միություն ձևավորելուն։

Մենք գործ ունենք ՀՀ-ում անկախությունից ի վեր պարբերաբար բռնկվող, աշխուժացող-մարող մի երևույթի հետ, որտեղ քաղաքական որոշ անձինք իրենց անձնական բարեկեցության հարցերը լուծելու համար Ռուսաստանին տարբեր ծառայություններ են առաջարկում։ Նման կարծիք 365news.am-ի հետ զրույցում հայտնեց քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը՝ անդրադառնալով նոր ձևավորված «ռուսամետ» շարժմանը։

«Ռուսաստանին տարբեր ծառայություններ մատուցող անձանց միջև երբեմն առաջանում է մրցակցություն, թե ով ավելի խորը ծառայություն կառաջարկի Ռուսաստանին, որպեսզի իրենց խնդիրները լուծվի՝ դյուզն-ինչ չմտածելով, որ նման քայլերը կարող են Հայաստանի համար անվտանգային սպառնալիքներ պարունակել»,- ընդգծեց Բադալյանը։

Նրա համոզմամբ՝ նախաձեռնությանը լուրջ վերաբերվել չի կարելի, քանի որ եթե նրանք լուրջ քաղաքական ծրագրեր ունեին, ապա այդպիսի միջոցով դրանք չէին իրականացնի, քանի որ այդ մեթոդն ավելի շատ ստեղծում է հանրային դիմադրություն, քան՝ աջակցություն․ «Նման նախաձեռնություններին լուրջ մոտենալ պետք չէ։ Բացի դրանից, դրանք հանգեցնում են ծայրահեղությունների՝ ծայրահեղ ռուսամետության և հայելային առումով ծայրահեղ հակառուսականության։ Այս երկու ծայրահեղականությունները միմյանց հետ փոխանցումներով «խաղում են», որի արդյունքում էլ միջակայքում ստեղծվում է խիստ ապակառուցողական միջավայր, մասնավորապես, հայ-ռուսական հարաբերություններում արդյունավետ աշխատանքային հեռանկարի համար»։

Քաղաքագետ Արմեն Վարդանյանի կարծիքով էլ նման նախաձեռնությունների միջոցով Ռուսաստանը Հայաստանում իր ազդեցության գործակալների միջոցով «զոնդաժ» է անում հասարակությանը՝ հասարակական տրամադրությունները հասկանալու համար։

«Միայն Հայկ Բաբուխանյանը չէ, որ նման հայտարարություններ է անում, Տիգրան Ուլիխանյանն ու այլ քաղաքական գործիչներ էլ են կողմ Ռուսաստանին միանալուն։ Նման մարդկանց միջոցով Ռուսաստանը փորձում է հասարակական տրամադրությունները հասկանալ։ Չեմ բացառում, որ բացի այդ քաղաքական գործիչներից, նաև Ռուսաստանը Նիկոլ Փաշինյանի առջև նման պահանջ դնի։ Պուտինի երազանքներից մեկն այն է, որ եթե ոչ Խորհրդային միության ֆորմատով, ապա, գոնե, մեկ այլ ֆորմատով հետխորհրդային երկրներին միավորի, որի առանցքում Ռուսաստանը կլինի»։

Ըստ Վարդանյանի՝ նման ծայրահեղական հայտարարությունները նույնիսկ հասարակության ու քաղաքական դաշտի ռուսամետ հատվածները չեն ողջունում՝ հասկանալով, որ դա ավելի կփոքրացնի Հայաստանի սուբեկտայնությունը։

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close