Ես միշտ ասել եմ, որ դուք մարդկանց դրդում եք այլ դաժանությունների․ Էդմոն Մարուքյան

365news.am-ի զրուցակիցն է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը
– Պարոն Մարուքյան, խորհրդարանական ընդդիմությունը և հասարակության լայն շերտերը պատճառ են դառնում, որ արտահերթ ընտրությունները չլինեն։ Չի՞ ստացվում, որ դուք Նիկոլ Փաշինյանին օգնում եք պահպանել իշխանությունը։
– Պատճառ չենք դարձել, դա իմիտացիա է։ Արտահերթ ընտրությունների օրակարգը եղել է իմիտացիա վարչապետի կողմից, որպեսզի ցրի իր հրաժարականի հանրային ձևավորված պահանջը, որպեսզի ցրի պարիտետային քննիչ հանձնաժողով ստեղծելու հարցը, որպեսզի իր հետ կապված ցանկացած քննադատություն մղվի երկրորդ պլան։ Ինքն ի՞նչ է ասում, ասում է՝ հա, դուք ինձ քննադատում եք, դե, եկեք գնանք արտահերթ ընտրությունների։ Ինչ-որ մեկն ասում է՝ քո հետ չենք գնա արտահերթ ընտրությունների, օրինակ՝ ՀՀԿ-ն։ Մյուսն ասում է՝ դու կկեղծես, էն մյուսն ուրիշ բան է ասում, ինքը դրա վրա կառուցում է իր նոր թեզը՝ դե լավ, որ չեք ուզում, չեմ անի։
– Իսկ ինչո՞ւ ինքը դա հայտարարեց այն բանից հետո, երբ Ռոբերտ Քոչարյանը պատրաստակամություն հայտնեց մասնակցել արտահերթ ընտրություններին։
– Չեմ կարող դա հստակ կապել Քոչարյանի հայտարարության հետ։ Մինչև Քոչարյանը մենք ենք հայտարարել, այլ ուժեր են հայտարարել։
– Բայց ինքն ասում է, որ դուք չէիք ուզում արտահերթ ընտրություններ։
– Այո, որովհետև խորհրդարանական ընդդիմության հետ ինքն ուզեցել է կնքի հուշագիր, որ մենք չենք առաջադրի վարչապետի թեկնածու։ Ոչ թե մենք չենք ուզում, այլ ասում է՝ խորհրդարանական ընդդիմությունն իր օրակարգը չի ընդունում։ Իսկ իր օրակարգը ո՞րն է, ասում է՝ եկեք թուղթ ստորագրեք, որ չեք առաջադրի վարչապետի թեկնածու, և ես հրաժարական կտամ։ Այսինքն՝ այդ ի՞նչ պայմաններ ես առաջ քաշում։ Որ ի՞նչ։ Ուզում ես հրաժարական տուր, թող խորհրդարանը ցրվի։ Քո մեծամասնությունը չի ընտրի այլ վարչապետին։
– Իսկ հնարավո՞ր է «Իմ քայլի» այս որոշումը սադրի հակասահմանադրական գործողություններ։
– Ես քաղաքականության մեջ ոչինչ չեմ բացառում, ամեն ինչ էլ հնարավոր է։
– Բադասյանի գործն այս գործողությունների շարքի՞ց է։
– Չէ, Բադասյանի գործը պոռթկում է, մարդը հուզմունքի վիճակում պոռթկում է ունեցել։ Բայց կլինեն բազմաթիվ Բադասյաններ, որոնք այլընտրանք չեն գտնի։ Այսինքն, երբ սահմանադրական պրոցես չկա, տեղի են ունենում հակասահմանադրական պրոցեսներ։ «Լուսավոր Հայաստանը» միշտ փորձել է պրոցեսները բերել սահմանադրական խողովակներ, բայց իշխանության ձեռքով դրանք բոլորը տապալվել են։ Ես միշտ ասել եմ, որ դուք մարդկանց դրդում եք այլ պրոցեսների, այլ դաժանությունների։
– Իսկ հնարավո՞ր է, որ Նիկոլ Փաշինյանին դրսից են ոգևորել չգնալ արտահերթ ընտրությունների։ Տվյալ դեպքում՝ Ռուսաստանից։
– Ես կոնսպիրացիաներով չեմ զբաղվում, չեմ կարող ասել, ամեն ինչ էլ հնարավոր է։
Զրուցեց Մհեր Արշակյանը