
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ «Իմ Քայլը» խմբակցությունը հանդիպել էր Նիկոլ Փաշինյանի հետ, որից հետո հայտարարություն էր տարածել առ այն, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին վարչապետի առաջարկը դրական արձագանք չի ստացել խորհրդարանական ընդդիմության կողմից և հասարակության լայն շերտերի շրջանում չկա արտահերթ ընտրությունների պահանջ:
Փաստացի արտահերթ ընտրությունները չեղարկված են: Հասկանալու համար, թե ինչի՞ կարող է հանգեցնել արտահերթ ընտրություններից հրաժարվելը 365news.am-ը կապ հաստատեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանի և քաղաքագետ Արեգ Քոչինյանի հետ:
Դանիել Իոաննիսյանը նշեց, որ արտահերթ ընտրությունների լինել-չլինելը պետք է որոշի հանրությունը:
«Ուրիշ հարց է, թե մենք ինչպե՞ս ենք չափելու հանրությունը դա ուզում է, թե՝ ոչ, բայց ամեն դեպքում փաստ է, որ ռազմական պարտությունից հետո հանրությունում կան բազմաթիվ բարեխիղճ մարդիկ, ովքեր ոչ մի կապ չունեն նախկին թալանչիների հետ և ովքեր, որ ուզում են արտահերթ ընտրություն, հիմա ո՞նց է պետք չափել այդ արտահերթ ընտրություններ ուզողների քանակը և գնահատել դրա պետք լինել-չլինելը, առանձին քննարկման առարկա է, բայց այդ հարցը չպետք է քննարկվի «Բարգավաճ Հայաստան»-ի, ՀՀԿ-ի կամ 17 կուսակցությունների հետ, նկատի ունեմ՝ վերջիններիս ուզելով-չուզելով պայմանավորել արտահերթ ընտրություններ անել-չանելը:
Այն մարդիկ, ովքեր երկիրը թալանել են, ոչ թե քաղաքական դաշտում պետք է լինեին, այլ քրեակատարողական հիմնարկում, թե չէ կրիմինալը եկել լցվել է քաղաքական դաշտ, տակը քաղաքականություն չի մնացել»,- ասաց Իոաննիսյանը:
Շաքե Իսայանը նկատեց, որ արտահերթ ընտրություններ անցկացնելու գաղափարը «Իմ քայլ»-ի որոշումն է եղել և, փաստորեն, հիմա իրենք հրաժարվել են իրենց իսկ կողմից առաջարկած գաղափարից:
«Լավ հիշում ենք թե՛ մեր, թե՛ այլ արտախորհրդարանական ուժերի դիրքորոշումն այս հարցի շուրջ, նաև «Լուսավոր Հայաստանն» է այդ մասին խոսել, որ այժմ արտահերթ ընտրություններ անցկացնելը ճիշտ չէ, և տարբեր պատճառներ ու հանգամանքներ այդ հարցով նույնպես նշել ենք: Ես կարող եմ ասել այն, ինչ նախկինում ևս ասել եմ, որ որևէ մեկն այժմ արտահերթ ընտրությունների պահանջ չէր դրել, դա բացառապես եղել է «Իմ քայլը» խմբակցության առաջարկը և, փաստորեն, հիմա իրենք իրենց կողմից առաջ քաշված գաղափարը մերժել են: Մեր պնդումը Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցն է, որը շարունակում է մնալ, իսկ արտահերթ ընտրությունները այս փուլում անցկացնելն ընդամենը կեղծ օրակարգ է, որը «Իմ քայլը» առաջ քաշեց և շուրջ 2 ամիս փորձում էր այդ հարցի շուրջ ինչ-որ բաներ գեներացնել»,- նկատեց պատգամավորը:
Արեգ Քոչինյանն արտահերթ ընտրություններից հրաժարվելը դիտարկեց որպես ետ քայլ․ «Ես միշտ իմ հայտարարություններում ասել եմ՝ համարում եմ, որ ստեղծված իրավիճակի միակ քաղաքակիրթ և Հայաստանի Հանրապետության շահերից ելնող ճանապարհն արտահերթ խորհրդարանական ընտրություններ են և, ըստ էության, այս հայտարարությունը որակում եմ որպես ետ քայլ, ասեմ ավելին՝ որակում եմ որպես աջակցություն Քոչարյանին և 16 ուժերին»:
Ալինա Դավթյան