1ԱրտաքինԳլխավորԼուրերՀարցազրույցՔաղաքականություն

Կա անհրաժեշտություն Թուրքիայի ու Ադրբեջանի հետ ուղիղ խոսելու․ Արթուր Հովհաննիսյան

365news.am-ի զրուցակիցն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արթուր Հովհաննիսյանը

Մի քանի օր առաջ ընդդիմադիր պատգամավոր Տարոն Սիմոնյանն ԱԺ ամբիոնից ուզում էր իմանալ՝ ինչո՞ւ Իլհամ Ալիևը կարող է այցելել Շուշի, իսկ Նիկոլ Փաշինյանը չի գնում Ստեփանակերտ։ Դուք չգիտե՞ք, թե ինչո՞ւ Փաշինյանը չի գնում։

– Ես այդ հարցի պատասխանը հստակ չունեմ, կարող եմ ենթադրելով պատասխանել։ Ես վստահաբար կարծում եմ, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ գերիներ ունենք դեռևս և նրանց կյանքի ու առողջության համար բոլորս ամենօրյա ռեժիմով մտահոգվում ենք, այսօրվա իշխանությունները սուր գործողությունների, որոնք կարող են իրավիճակը սրել, չի գնում։

Մենք չգիտենք՝ մեր հակառակորդ պետության ղեկավարի ուղեղում ինչ է կատարվում։ Մենք չենք ուզում որևէ տիպի գործողություններ անել, որոնք իրավիճակը կսրեն։ Իմ կարծիքով՝ այդ չայցելությունը սրանով է պայմանավորված նաև, բայց կարծում եմ, որ այս հարցի իրական հասցեատերը վարչապետն է։

Հայաստանը, հայ ժողովուրդը պե՞տք է պատրաստ լինեն պատերազմի ճանապարհով կորցրածը վերականգնելու։

– Կարծում եմ, որ հայ ժողովուրդը պետք է ունենա հզոր բանակ, կրթված, զարգացած ժողովուրդ, որ ցանկացած պահի կարողանա ինքն իր իրավունքները, կյանքի իրավունքը, ազատ ապրելու իրավունքը պահպանել։ Ձեր հարցին պատասխանելով՝ ռազմական ռևանշի մասին, կարծում եմ, որ այսօր դրա մասին մենք չպետք է խոսենք, որովհետև հիմա կայունանալու, զարգանալու, ուժեղանալու, կրթվելու ժամանակն է, և այդ խնդիրները լուծելուց հետո մենք ավելի կրթված, ավելի ուժեղ մարդկանցով ավելի ճիշտ որոշումներ կկայացնենք։

Այնուամենայնիվ, Ղարաբաղի հարցն այդ ընթացքում չի՞ մնում սառեցված վիճակում։

– Դե, Ղարաբաղի հարցը,-վարչապետն էլ է նշել,-լուծված չէ, այնտեղ Հադրութի, Շուշիի հարց կա, ռազմագերիներ ունենք, կարգավիճակի հարց կա։ Այսինքն՝ Ալիևի այն խոսույթը, որ հարցը փակ է, հարցը փակ չէ և դրա մասին նաև ռուսական կողմը՝ որպես համաձայնագրի 3-րդ կողմ, արձանագրել է։

Դրանից նոր պատերազմի հոտ չի՞ գալիս։

– Իհարկե, հաշվի առնելով, թե ովքեր են մեր հակառակորդները, պետք է պատրաստ լինել ցանկացած սցենարի և հենց դրա համար էլ նախորդ խոսքումս նշեցի, որ ամեն ինչ պետք է անենք կայունանալու, զարգանալու, կրթվելու ուժեղանալու համար։

Մենք ունե՞նք հնարավորություն Ադրբեջանի ու Թուրքիայի հետ ուղիղ խոսելու։ Պե՞տք է գնանք դրան։

– Ես կարծում եմ, որ կա անհրաժեշտություն ուղիղ խոսելու, որովհետև միջնորդավորված խոսակցությունները խեղում են ցանկացած հարաբերություն, ինչ-որ կերպ ճիշտ չեն հասնում, կիսատ են հասնում։ Հետևաբար, կարծում եմ՝ ուղիղ խոսակցությունն է հարցերի լուծման լավագույն տարբերակը։

Զրուցեց Մհեր Արշակյանը

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close