
Երեկ ԱԺ-ի դիմաց «Հայրենիքի փրկության շարժման» անդամ կուսակցությունները բողոքի ակցիա էին անում՝ պահանջելով վարչապետի հրաժարականը։ Ակցիային մի փոքր ուշադիր հետևելուց հետո պարզ էր դառնում, որ հիմնական մասնակիցները «Հայրենիք»-ից, ՀՅԴ-ից, ՀՀԿ-ից և ԲՀԿ-ից էին։ 365news.am-ը կապ հաստատեց շարժման մնացած անդամ կուսակցությունների հետ՝ պարզելու, թե իրենք ինչո՞ւ չէին մասնակցում հայրենիքի փրկության սուրբ գործին։
«Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենց կուսակցության որոշ անդամներ մասնակցել են, սակայն ինքը հարգելի պատճառներով չի կարողացել մասնակցել ակցիային․ «Բնականաբար, մեր կուսակցության անդամները մասնակցել են, քանի որ մենք 17-ի ֆորմատի մեջ ենք, շարժման ամենասկզբունքային անդամներից մեկն ենք ու ամեն ինչ անելու ենք, որ այս գործընթացը հասնի իր տրամաբանական ավարտին՝ այսինքն Նիկոլ Փաշինյանը հեռանա, ու արտահերթ ընտրություններն առանց իրենց լինեն»։
Վազգեն Մանուկյանի մամուլի խոսնակ Անի Գասպարյանը էլ նշեց, որ իրենց «Ազգային ժողովրդավարական միություն» կուսակցության անդամները, բնականաբար, մասնակցել են բողոքի ակցիային, ապա, անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ Վազգեն Մանուկյանն անձամբ չէր մասնակցում ակցիային, պատասխանեց․ «Պարոն Մանուկյանը, սովորաբար, մասնակցում է միայն մեծ հանրահավաքներին ու երթերին և պարտադիր չէ, որ պարոն Մանուկյանը փողոցային բոլոր գործողություններին ներկա լինի»։
«Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավար Գառնիկ Իսագուլյանն էլ մեծ ցավով մեզ հայտնեց, որ իրենց կուսակցության անդամների մեծ մասն ԱԺ-ի դիմաց ընթացող ակցիայի ժամանակ եղել են Վերաքննիչ դատարանի մոտ, քանի որ բողոքի ակցիային զուգահեռ ընթանում էր իր դատավարությունն ու իրենց ակցիան ավելի շատ հենց դատարանի դիմաց է եղել։
«Համերաշխություն» կուսակցության ղեկավար Սարգիս Ավետիսյանն էլ հայտնեց, որ իրենք ակցիային կազմակերպված չեն մասնակցել, սակայն ովքեր որ ցանկություն են ունեցել, մասնակցել են ու իրենք հիմնականում կազմակերպված մասնակցում են մեծ հավաքներին․ «Եթե կազմակերպված մասնկացեինք, բավականին շատ կլինեինք, սակայն մենք չենք կազմակերպել այդ ակցիան, ու ես անձամբ չեմ մասնակցել դրան։ Ամեն դեպքում բոլոր ակցիաների ժամանակ հնչեցված տեսակետները մենք կիսում ենք»։
«Ազատություն» կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանն ընդգծեց, որ այո, իրենց կուսակցության անդամները եղել են ակցիայի վայրում, բայց այն հարցին, թե հայրենիքի փրկության համար իրականացվող ակցիային ինչո՞ւ ինքն անձամբ չի մասնակցում, Բագրատյանը զայրացավ՝ ասելով, որ մեր գործը չէ, թե ինչո՞ւ չի մասնակցում ու ընդհանրապես սիրուն բան չէ առավոտ շուտ նման հարցեր տալը։
Եզրակացություն՝ հայրենիքը կեսօրից հետո են փրկում։
«Երկիր ծրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը, պատասխանելով մեր զանգին, պնդեց, որ ինքը հեռախոսով որևէ պարզաբանում չի տալիս, իսկ «Ազգային օրակարգ» կուսակցության ղեկավար Արա Գասպարյանն այնքան զբաղված էր, որ նույնիսկ չկարողացավ ակցիային մասնակցելու վերաբերյալ հարցին ուղղակի այո կամ ոչ պատասխանել։
Մեզ չհաջողվեց կապ հաստատել «Մեկ Հայաստան», «Քրիստոնեա-դեմոկրատական», «Սահմանադրական իրավունք միություն» և «Ազգային ժողովրդավարական միություն» կուսակցությունների ներկայացուցիչների հետ։ Հավանաբար, իրենք էլ սպասում են մեծ հավաքի ու երթի, ինչպես նաև կեսօրին, որպեսզի նոր ձեռնամուխ լինեն հայրենիքի փրկության գործին։