ԱրտաքինԼուրերԿարևորՀարցազրույցՔաղաքականություն

Իրանը կողմ է տարածաշրջանային անվտանգային հարթակի ստեղծմանը․ իրանագետ

Արցախյան երկրորդ պատերազմից հետո Հարավային Կովկասում սկսված հետպատերազմյան գործընթացների նկատմամբ Իրանի դիրքորոշման վերաբերյալ 365news.am-ը զրուցել է իրանագետ Ահարոն Վարդանյանի հետ

– Պարոն Վարդանյան, Արցախյան պատերազմից հետո Բաքուն առաջարկեց ստեղծել տարածաշրջանային անվտանգային հարթակ։ Հարթակում կարող են ներառվել Թուրքիան, Ռուսաստանը, Իրանը, ինչպես նաև Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը։ Իրանն ի՞նչ կարծիք ունի նման հարթակի ստեղծման վերաբերյալ։

– Այդ առաջարկությունը որոշ չափով նաև Իրանին է պատկանում և Իրանն էլ որոշ վերապահումներով կողմ է տարածաշրջանում նման հարթակի ստեղծմանը։ Իրանը փորձում է տարածաշրջանային բոլոր հարցերը կարգավորել տարածաշրջանային մակարդակով, ընդ որում՝ դա չի վերաբերում միայն Հարավային Կովկասին։

Իրանը տարածաշրջաններում արտատարածաշրջանային ուժերի բացառումը տեսնում է այն քայլում, որ տարածաշրջանային բոլոր խնդիրները լուծվեն տարածաշրջանային երկրների համագործակցության և համատեղ ջանքերի միջոցով։ Ուստի՝ այդ հարթակի ստեղծումն Իրանի տեսանկյունից որոշակի ընդունելի տեսակետ է, քանի որ այդ ֆորմատով Իրանը կրկին կվերադառնա տարածաշրջան և կփորձի տարածաշրջանում խաթարված իր դիրքերը կրկին բարելավել։

Տարածաշրջանային այցի շրջանակներում Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն Ադրբեջան իր այցի ժամանակ շնորհավորեց այդ երկրին՝ պատերազմի արդյունքում տարածքային ամբողջականության վերականգնման համար։ Ինչո՞ւ Իրանի կողմից նման քայլ արվեց։

– Այդ շնորհավորանքի մասին խոսելն անիմաստ է, քանի որ քիչ է մնում մեր երկրի ղեկավարությունը շնորհավորի Ադրբեջանին իրենց տարածքային ամբողջականության վերականգնման համար, էլ ուր մնաց, որ հարևան երկրից նման շնորհավորանք չլինի։ Ամեն դեպքում մենք չպետք է կենտրոնանանք հռետորաբանական նման հայտարարությունների վրա, այլ պետք է կենտրոնանանք կոնկրետ գործողությունների վրա։ Զարիֆն Ադրբեջանին տարածքային ամբողջականության վերականգնման համար շնորհավորել է, ոչ թե նրա համար, որ Ադրբեջանին շատ է սիրում, Հայաստանին՝ քիչ, այլ նման շնորհավորանք հղվել է Ադրբեջանին՝ ելնելով միայն Իրանի շահերից։ 

Զարիֆի շնորհավորանքն ինչ-որ կերպ հնարավո՞ր է ազդեցություն ունենա հայ-իրանական հարաբերությունների վրա:

– Չեմ կարծում, որ այդ և այլ նմանատիպ հայտարարությունները կարող են հայ-իրանական հարաբերությունների վրա որևէ ազդեցություն ունենալ, քանի որ հայ-իրանական հարաբերությունները կախված են Հայաստանից և Իրանից, պետք է այդ հարաբերություններն ունենան իրենց սեփական օրակարգն ու երբեք որևէ երրորդ երկիր չպետք է կարողանա խաթարել այդ հարաբերությունները։

Անշուշտ, մենք ուշի-ուշով պետք է հետևենք Իրանի և այլ պետությունների միջև եղած հարաբերություններին, բայց դրանք չպետք է ազդեն մեր ու այդ երկրի հարաբերությունների վրա։ Ավելի լավ է մենք ուշադրություն դարձնենք Զարիֆի՝ հայաստանյան այցի ժամանակ հնչեցրած առաջարկներին ու հայտարարություններին։ Մասնավորապես՝ պատերազմից հետո մինչև Զարիֆի այցը երբեք իրանական կողմը չի խոսել պատերազմում ահաբեկիչների ներգրավվածության թեմայի վերաբերյալ, սակայն Զարիֆն այդ հարցը բարձրաձայնեց և՛ Մոսկվայում, և՛ Երևանում, և բոլորի համարել պարզ է, թե այդ ահաբեկիչներին որ պետությունն է տարածաշրջան բերել։

Պարոն Վարդանյան, ակնկալվում էր, որ Իրանի արտաքին գործերի նախարարի այցի ժամանակ կքննարկվի նաև Հայաստան-Իրան սահմանի հարցը՝ կապված տարածաշրջանում հաղորդակցային ուղիների հնարավոր ապաշրջափակման ֆոնին, սակայն չքննարկվեց։ Ինչո՞ւ այդ հարցն օրակարգում չկար, և Իրանը տարածաշրջանում հաղորդակցային ուղիների հնարավոր ապաշրջափակման գործընթացի վերաբերյալ ի՞նչ դիրքորոշում ունի։

– Այո, ճիշտ եք, այդ թեման չքննարկվեց ու չգիտեմ՝ ինչու օրակարգում չկար, սակայն Զարիֆը հանդիպման ժամանակ մի կարևոր հայտարարություն արեց, ըստ որի՝ Իրանի համար կարմիր գիծը Հայաստանի տարածքային ամբողջականությունն է։ Շատ կարևոր է, որ Իրանի կողմից ևս մեկ անգամ նման բարձր մակարդակից այդ հայտարարությունն արվեց։ Սա նշանակում է, որ Իրանն անհանգստացած է ու ունի մտայնություն, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը կարող է հարձակման տակ դրվել, այսպես կոչված, ապաշրջափակման շղարշի տակ։

Իրանում մտահոգված են, որ այդ ծրագրի պատճառով կարող է կտրվել հայ-իրանական ցամաքային սահմանը, Իրանում մտահոգված են տարածաշրջանում Թուրքիայի աննախադեպ ակտիվությամբ ու Իրանում մտահոգված են նաև, որ այդ «ապաշրջափակումը» կարող է վտանգներ պարունակել Իրանի ազգային անվտանգության համար։

Զրուցեց Մելինե Պետրոսյանը

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close