1ԳլխավորԼուրերԿարծիքՆերքինՔաղաքականություն

Արմեն Սարգսյանն անում է քայլեր, որոնք իր լիազորությունների շրջանակներում են․ Մեհրաբյան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմն այսօր հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ նոր տիպի կորոնավիրուսից ապաքինվող Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, որը բժիշկների հսկողության տակ, տնային պայմաններում շարունակում է բուժումը և աշխատում է հեռավար, ուշադրությամբ հետևում է երկրում տեղի ունեցող գործընթացներին: Վերոնշյալ հայտարարությունը կրկին ակտիվացրեց նախագահի անձի շուրջ ծավալվող քննարկումները, համաձայն որոնց՝ հետպատերազմյան Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացներին ՀՀ նախագահը մոտենում է որպես դիտորդ։

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը 365news.am-ի հետ զրույցում ընդգծեց, որ ինքը համակարծիք չէ ծավալվող քննարկումների հետ․ «Հիմա փաստն այն է, որ ՀՀ նախագահը հիվանդ է ու միայն կարող էր գործընթացներին հեռավար հետևել։ Այստեղ որևէ անառողջ բան չկա։ Ինչ վերաբերում է պատերազմից հետո նախագահի արած քայլերին, ապա կարող ենք ասել, որ Արմեն Սարգսյանն արել և անում է քայլեր, որոնք իր լիազորությունների շրջանակներում են ու ինչն ինքը ճիշտ է գտել»։

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության գործադիր մարմնի անդամ Հայկ Սահակյանն էլ է համակարծիք այն մտքի հետ, որ ՀՀ նախագահն իր լիազորությունների շրջանակներում փորձում է ամեն ինչ անել՝ կոնսոլիդացնել, համերաշխության եզրեր փնտրել, տեսակետ ձևավորել ու դիրքորոշում ընդունել։

«Սահմանադրությամբ նախագահը շատ քիչ լիազորություններ ունի ու հենց դրանց շրջանակներում էլ կարող ենք դիտարկել Սարգսյանի քայլերը։ Եթե մենք այլ Սահմանադրություն ունենայինք, ապա ճգնաժամի ժամանակ շատ ավելի արդյունավետ գործունեություն ծավալող նախագահ կունենայինք։ Գործընթացներին կողքից դիտելուց ու քննարկումներ կազմակերպելուց բացի՝ այդ մարդն այլևս այլ լիազորություններ չունի»,- նկատեց Սահակյանը։

Մելինե Պետրոսյան

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close