1ԳլխավորԼուրերԿարծիքՆերքինՔաղաքականություն

Ակնհայտ է, որ խաղի մեջ մտան 16-ի իրական շահառուները. քաղաքագետ

16-ի ֆորմատն, ըստ էության, չկա։ Ռոբերտ Քոչարյանը բաց հայտարարել է ընտրություններին մասնակցելու մասին՝ սրանով արդեն շեղվելով 16 կուսակցությունների ուղեգծից, որոնք հայտարարում էին, թե որևէ կերպ չեն մասնակցելու ընտրություններին։

Արդյո՞ք Սարգսյանը կպաշտպանի Քոչարյանի քաղաքական գիծը և հանդես կգա ընդդիմության պատվավոր երկրորդը, թե՞ ամեն դեպքում առանձին բևեռ կձևավորի։ Տարբեր լրատվականներ գրում են, որ 6 լիդերների հանդիպումը կարող է արդեն այսօր տեղի ունենալ:

365news.am-ը կապ հաստատեց քաղաքագետներ Արմեն Բադալյանի և Արեգ Քոչինյանի հետ՝ հասկանալու համար, թե ի՞նչ հնարավոր զարգացումների սպասել:

Արմեն Բադալյանը նշեց, որ կարևոր է հասկանալ՝ ինչպիսի՞ն կլինի Ռուսաստանի դիրքորոշումը, «Բարգավաճ Հայաստան»-ի և Ռոբերտ Քոչարյանի մասնակցության ձևաչափը և ավելացրեց, որ այս բոլոր հարցերի պատասխանները պետք է մոտավոր լինեն, որպեսզի հասկանալի լինի, թե ինչ եզրակացություններ կարելի է անել:

«Գուշակություններ չեմ կարող անել, շատ դժվար է ասել: Բազմաթիվ գործոններ պետք է իմանալ, որ մոտավոր եզրակացություններ անես: Առաջին հերթին՝ արտահերթ ընտրություններ լինելո՞ւ են, թե՞ չեն լինելու, թե՞ դա ընդհանրապես խոսակցություն է: Երկրորդ, եթե լինելու են, ե՞րբ՝ մարտի՞ն, մայիսի՞ն, թե՝ նոյեմբերին, դրանցից կախված լրիվ ուրիշ եզրակացություններ կարող են լինել: Ինչպիսի՞ն է լինելու այդ պահին երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակը՝ աշխատավարձերը և թոշակներն ուշանալո՞ւ են, թե՝ ոչ: Չորրորդ՝ Ղարաբաղի հարցի հետ կապված ի՞նչ զարգացումներ են լինելու, իշխանափոխություն լինելո՞ւ է, թե՝ ոչ, բանակը լուծարվելո՞ւ է, թե՝ ոչ, ճանապարհները բացվո՞ւմ են, թե՝ ոչ, թուրքական կապիտալը մտնո՞ւմ է, թե՝ ոչ, ահա այս հարցերն են»,- նշեց Բադալյանը:

Արեգ Քոչինյանը կարծում է, որ «Բարգավաճ Հայաստան»-ը շուտով դուրս կգա 16-ի ֆորմատից և կգործի առանձին, իսկ Ռոբերտ Քոչարյանն ավելի ակտիվ կսկսի գործունեություն ծավալել՝ ՀՅԴ-ի հետ համագործակցելով։ Ի տարբերություն Քոչարյանի, ըստ քաղաքագետի, Սերժ Սարգսյանը չի վերադառնա ակտիվ քաղաքականություն։

Արմեն Բադալյանը հավելեց, որ 16 կուսակցությունների լիդերների հանդիպումներ բազմիցս կարող են տեղի ունենալ, և դա խնդիր չէ, բայց կարևոր է հասկանալ՝ «Հայրենիքի փրկության ճակատ»-ը մնո՞ւմ է, լուծարվո՞ւմ, թե՝ ինքնալուծարվում:

«Ակնհայտ է, որ խաղի մեջ մտան 16-ի իրական շահառուները: Եթե նախկինում առաջնորդները միջնորդավորված՝ ուրիշի ձեռքերով «տաք կաշտաններ» էին վերցնում, հիմա հասկանում են, որ դա, ըստ էության, արդյունք չտվեց: Վազգեն Մանուկյանն այն խարիզմատիկ առաջնորդը չէր, որ կարող էր որևէ պարագայում ինչ-որ միավորում առաջնորդել»,- ամփոփեց նա:

Ալինա Դավթյան

Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close