1ԱրտաքինԳլխավորԼուրերՀարցազրույցՔաղաքականություն

Տարածաշրջանային անվտանգային պլատֆորմի ստեղծման գաղափարն անընդունելի է վրացական լիբերալ էլիտայի կողմից․ Սիխարուլիձե

Արցախյան երկրորդ պատերազմից հետո Հարավային Կովկասում սկսված հետպատերազմյան գործընթացների նկատմամբ Վրաստանի դիրքորոշման վերաբերյալ 365news.am-ը զրուցել է վրաց քաղաքագետ Արչիլ Սիխարուլիձեի հետ

Պատերազմից հետո Հարավային Կովկասում մի շարք քաղաքական գործընթացներ են ընթանում։ Կասե՞ք՝ դուք ինչպե՞ս եք գնահատում տարածաշրջանում հետպատերազմյան գործընթացները։

– Ներկայումս մենք ականատես ենք լինում նոր աշխարհակարգի ձևավորմանը, իսկ ահա Լեռնային Ղարաբաղի պատերազմը և դրա արդյունքները կհանգեցնեն Հարավային Կովկասում նոր իրողության ստեղծմանը: Ակնհայտ է, որ Ռուսաստանը, Թուրքիան և, ըստ ամենայնի, Իրանը պատրաստվում են իրենց վերահսկողությունն ավելացնել տարածաշրջանի վրա՝ այն «կտրելով» Արևմուտքից ու, մասնավորապես, ԱՄՆ-ից: Այս բոլոր դերակատարներն էլ փորձում են պաշտպանել իրենց շահերն ու ամրապնդել իրենց դիրքերը՝ խթանելով տնտեսական և ենթակառուցվածքային նախագծերի իրականացմանը։

Գաղտնիք չէ, որ ադրբեջանա-թուրքական կողմից նաև ահաբեկիչներ են կռվել հայերի դեմ, ու այդ վարձկանները դեռևս Հարավային Կովկասում են։ Տարածաշրջանի պետությունների համար ահաբեկչական խմբավորումներն ի՞նչ վտագներ կարող են ներկայացնել։

– Այո, տեղեկություններ կային, որ սիրիացի վարձկանները մասնակցել են պատերազմին, բայց խիստ կասկածելի է, որ նրանք ինչ-որ կերպ կարող են ազդել տարածաշրջանի վրա։ Ռուսաստանը հաստատ զսպված կպահի նրանց։

Հունվարի 11-ին Մոսկվայում Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարները համաձայնագիր են ստորագրել, ըստ որի՝ պետք է տարածաշրջանում բոլոր տեսակի տնտեսական և հաղոդարկցային ուղիներն ապաշրջափակվեն։ Վրաստանն այս հարցին ինչպե՞ս է վերաբերում:

– Վրաստանը վարում է շատ խիստ և հստակ արտաքին քաղաքականություն՝ գնալով դեպի Արևմուտք: Վստահ չեմ, որ ներկայիս քաղաքական էլիտաներն իրականում կենտրոնացած են տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների վրա։ Թբիլիսին անընդհատ չի ցանկանում մասնակցել տարածաշրջանային քաղաքական գործընթացներին ՝ փորձելով «վազել» դեպի Արևմուտք, մասնավորապես ՝ ՆԱՏՕ և ԵՄ: Բացի դրանից, թվում է՝ Վրաստանը դեռ հույս ունի, որ Թուրքիան մինչև օրվա վերջ կհետևի ՆԱՏՕ-ի կազմում իր պարտավորություններին:

Արցախյան պատերազմից հետո Բաքուն առաջարկեց ստեղծել տարածաշրջանային անվտանգային հարթակ։ Հարթակում կարող է ներառվել Թուրքիան, Ռուսաստանը, Իրանը, ինչպես նաև Հայաստանը, Վրաստանն ու Ադրդբեջանը։ Վրաստանն ի՞նչ կարծիք ունի նման հարթակի ստեղծման վերաբերյալ։

– Հարթակի ստեղծման գաղափարը խիստ քննադատության է ենթարկվում վրացական լիբերալ էլիտայի կողմից: Այդ մարդկանց համար միակ ընդունելի ձևաչափն այն է, որտեղ առաջատար են ԱՄՆ-ն կամ ԵՄ-ն: Հակառակ դեպքում այն ընկալվում է որպես արտաքին քաղաքականության ոչ ցանկալի ուղղություն:

Վրաստանի ներկայիս կառավարության կողմից նման հարթակին մասնակցելու ցանկացած փորձ կդիտարկվի որպես արտաքին գերակայությունից՝ այսինքն Արևմուտքին միանալուց և Արևմուտքի անքակտելի մի մաս դառնալուց շեղում։

Զրուցեց Մելինե Պետրոսյանը

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close