1ԳլխավորԼուրերԿարծիքՆերքինՔաղաքականություն

Վազգեն Մանուկյանը Ռոբերտ Քոչարյանի անձնական օգտագործման թեկնածուն էր

ՀՀ երկրորդ նախագահն օրեր առաջ մի քանի լրատվականների տված իր հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ ինքը կմասնակցի առաջիկա արտահերթ ընտրություններին․ «Մենք մասնակցելու ենք և կրելու ենք։ Հաղթանակի համար ունեմ և՛ քաղաքական թիմ, և՛ անհրաժեշտ գործիքակազմ, և՛ աջակիցներ»։

Ռոբերտ Քոչարյանի ընտրազանգվածը կարող են լինել միայն քաղաքական դեէվոլյուցիայի վերջնական փուլում գտնվող մարդիկ։ Նման կարծիք 365news.am-ի հետ զրույցում հայտնեց քաղաքագետ Արեգ Քոչինյանը։

«Այն մարդիկ, որոնց բնորոշ չէ մարդկային հիշողությունն ու մարդկային կեցվածքն, իհարկե, կարող են քվեարկել Քոչարյանի օգտին։ Սակայն ես կարծում, որ մեր հասարակության մի չնչին հատվածն է գտնվում քաղաքական դեէվոլյուցիայի փուլում։ Դեռևս հասարակության ստվար զանգվածի մոտ թարմ է հիշողությունը և այդ հատվածը լավ հիշում է, թե ով է Ռոբերտ Քոչարյանն ու ինչ է արել»,- ընդգծեց քաղաքագետը։

Քոչինյանի համոզմամբ՝ այն փաստը, որ Վազգեն Մանուկյանն, ըստ էության, Ռոբերտ Քոչարյանի անձնական օգտագործման թեկնածուն էր, այլևս ոչ ոքի մոտ կասկած չի կարող հարուցել․ «Վազգեն Մանուկյանը, ինչպես բոլոր այն նախաձեռնությունները, որոնք նախաձեռնել էր իր կյանքի ընթացքում, այնպես էլ այս նախաձեռնությունը տապալել է, ու Ռոբերտ Քոչարյանն արդեն ստիպված եղավ անձամբ մտնել խաղի մեջ»։

Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանի կարծիքով էլ Վազգեն Մանուկյանը որևէ գործիքակազմով չկարողացավ հասարակությանն իր գլխավորած քաղաքական միավորի շուրջ համախմբել, այդ իսկ պատճառով էլ առաջիկա ընտրություններին ռադիկալ ընդդիմությունը կղեկավարի հենց Ռոբերտ Քոչարյանը։

«Չնայած ընտրություններին մասնակցելու ընթացքում Ռոբերտ Քոչարյանը շատ խոչընդոտների կհանդիպի, այնուամենայնիվ, նա գեներացված որոշակի ընտրազանգված կունենա։ Առանցքային կուսակցությունները, որոնք կհամախմբվեն Քոչարյանի շուրջ, արդեն կապահովեն խորհրդարան անցնելու համար անհրաժեշտ ձայները։ Բացի դրանից, աջակիցների խմբում կլինեն այն մարդիկ, ովքեր, ըստ էության, այս իշխանության ժամանակ անվտանգային խնդիրներ են տեսնում։ Այդ մարդիկ, թեկուզ այլընտրանք չունենալով, կմիանան Քոչարյանին՝ աչք փակելով այն իրականության վրա, որն իրենք տեսել են մինչև 2008 թվականը»,- նշեց Պետրոսյանը։

Խոսելով Ռոբերտ Քոչարյանի քաղաքական թիմի մասին՝ Պետրոսյանը նկատեց․ «Կարծում եմ՝ երկրորդ նախագահը կփորձի իր շուրջ համախմբել այն մարդկանց, ովքեր հնարավորինս քիչ են ասոցացվում նախորդ իշխանությունների առաջնորդների հետ ու քիչ են վարկաբեկված»։

Մելինե Պետրոսյան

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close