Քաղաքական ընդդիմախոսներից բացի հրաժարականի ուրիշ պահանջ ինձ չի հանդիպել․ Վահագն Հովակիմյան

365news.am-ի զրուցակիցն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահագն Հովակիմյանը
– Պարոն Հովակիմյան, դուք մտադրություն ունեք փոփոխություններ իրականացնել Սահմանադրությունում, որով ԱԺ-ն իրավունք կունենա ինքնալուծարվելու։ Ինչո՞ւ է առաջացել այդ փոփոխության անհրաժեշտությունը։
– Նախ՝ սկսենք նրանից, որ դա ընդամենը գաղափար է, ոչ թե՝ մտադրություն։ Պատգամավորների առնվազն 1/3-րդը պետք է պաշտպանի այդ նախաձեռնությունը, որպեսզի գաղափարը դառնա մտադրություն։ Խոսքը 44 պատգամավորի մասին է։ Դա մտադրություն չէ։ Գործնականում այս գաղափարը կար նաև նոր Սահմանադրության քննարկումների մեջ, և դա կապված է նաև ընտրությունների խնդրի հետ։
Այս գաղափարը թարմացավ, երբ ԱԺ ընտրությունների հետ կապված Ընտրությունների օրենքի քննարկումներն ակտիվացան։ Խորհրդարանը բնականոն գործում է, քաղաքական դաշտում զարգացումները բնական են և այդ ամենը նպաստել է, որ այս գաղափարը ծնվի։ Բովանդակային անդրադարձ չէի ցանկանա շատ կատարել, որովհետև որոշում չկա։ Ինքը որպես նախագիծ գոյություն չունի։ Որպեսզի պաշտոնապես նախագիծ դառնա, պետք է «Իմ քայլի» գործընկերները հավանություն տան։ Երբ կունենանք որոշում, չեմ բացառում, որ այն կլինի բացասական, այսինքն՝ մերժվի խորհրդարանով սահմանադրական փոփոխություն իրականացնելու գաղափարը, այդ դեպքում այն կմնա Սահմանադրական մեծ փոփոխությունների մեջ։ Վերջնական որոշում չկա։
– Բայց, փաստորեն, այսպիսի գաղափար ունենալով՝ հստակ է, որ դուք գնում եք արտահերթ ընտրությունների, ուզում եք ընտրություն լինի առանց վարչապետի հրաժարականի։
– Չենք կարող արձանագրել, որ «Իմ քայլը» գնում է արտահերթ ընտրությունների, նման որոշում չկա։ Ինչպես վարչապետն ասաց հարց ու պատասխանի ժամանակ՝ նման որոշում չկա։ Կան վարչապետի խորհրդակցությունները քաղաքական ուժերի հետ, դրանք շարունակվում են, ըստ այդմ՝ խորհրդակցությունների արդյունքում նաև քաղաքական ուժի ներսում կլինեն քննարկումներ, դրա արդյունքում կորոշվի։
– Պարոն Հովակիմյան, ընդդիմությունը հրաժարվում է արտահերթ ընտրությունների գաղափարից՝ ասելով, որ թող վարչապետը հրաժարական տա, նշանակվի անցողիկ վարչապետ։ Ձեր դեպքում էլ չի ուրվագծվում արտահերթ ընտրությունների պատրաստակամությունը։ Չկա՞ տպավորություն, որ դուք և ընդդիմությունը նույն դաշտում եք խաղում։
– Չէ։ Մեզ մեղադրում եք ընդդիմության հետ նույն դաշտում խաղալու մեջ։ Ոչ թե մենք ենք մեղավոր, այլ իրենք են ընդունում, որ իշխանությունը վայելում է ժողովրդի վստահությունը։ Դա մեր մեղքը չէ, մեր վաստակն է։ Երբ ընդդիմությունն ուզում է իշխանություն առանց արտահերթ ընտրության, ուրեմն գիտի, որ չի ընտրվելու։ Եթե վստահ է, որ վայելում է ժողովրդի վստահությունը ու իշխանություն է ուզում, ուրեմն՝ առաջնահերթ ոչ թե պետք է իշխանություն պահանջի, այլ առնվազն չպետք է մերժի արտահերթ ընտրությունները։
Միակ բանը, որ այդտեղ կարող է լինել քննարկման առարկա, այն է, որ ընդդիմությունը երաշխիքներ պահանջի, որ ընտրությունները պետք է լինեն ազատ, արդար, թափանցիկ։ Այսինքն՝ Ընտրական օրենսգրքի լրամշակում և այլն։ Իսկ մենք, մեր քաղաքական ուժը բացառում է, բազմիցս ապացուցել է, որ քանի դեռ իշխանություն է, ընտրությունների կեղծումը բացառում է, մեր ձեռքն էլ կկտրենք, բայց թույլ չենք տա, որ որևէ մեկն ընտրություն կեղծի։ Ու այս պայմաններում, երբ իրենք համոզված են, որ մենք ընտրություններ չենք կեղծի ու իրենք դեմ են ընտրություններին, ուրեմն՝ ընդունում են, որ որքան էլ մեր վարկանիշը նվազել է, այնուամենայնիվ, վայելում ենք մեծամասնության վստահությունը։
– Ընդդիմությունն ասում է, որ արտահերթ ընտրությունների գնալու ձեր օրակարգը կեղծ է․․․
– Եթե արտահերթ ընտրությունների գնալու օրակարգը կեղծ է, ուրեմն՝ կեղծ է նաև վարչապետի հրաժարականի օրակարգը։ Որովհետև եթե ընդդիմությունը պահանջի, որ ժողովրդի քվեով իշխանության եկած քաղաքական ուժի իշխանությունից հեռանալու պահանջը լեգիտիմ է, ուրեմն՝ ինքը պետք է պահանջի ընտրություններ, որպեսզի կրկին արձանագրվի ժողովրդի իշխանություն։
Այսինքն՝ ընդդիմությանն է տալիս իր քվեն։ Բայց եթե ինքը կարծում է, որ քաղաքական ուժը վայելում է ժողովրդի վստահությունը, չի կարող վարչապետի հրաժարական պահանջել։ Եթե պահանջում է վարչապետի հրաժարական, չի կարող արտահերթ ընտրությունների դեմ լինել։ Հակառակ դեպքում պետք է բաց տեքստով ընդունի, որ ցանկանում է ոչ թե ընտրություններով կառավարում ստանձնել, այլ ցանկանում է զավթել։ Որովհետև գիտի, որ ժողովուրդն իրեն քվե չի տա։
– Պարոն Հովակիմյան, զուտ մարդկայնորեն, պատերազմից հետո ինքներդ անհրաժեշտություն չե՞ք գտնում արտահերթ ընտրությունների, որպեսզի հասկանաք, թե ինչ փուլում է ձեր հանդեպ վստահությունը, որովհետև իրավիճակ է փոխվել։
– Իրականում Ձեր ասածի պատասխանը մեզ համար շատ կարևոր է։ Բայց այնպես չէ, որ այդ հարցի պատասխանը կարելի է ստանալ միայն ընտրություններով։ Այդ հարցի պատասխանը մեզ համար ամենակարևորն է։ Բայց այլ մեթոդներ էլ կան, կարելի է գնալ ու հանդիպել մարդկանց, կարելի է մտնել գյուղեր ու հասկանալ՝ նրանք քո հրաժարակա՞նն են պահանջում, թե՞ պահանջում են, որ դու հնարավորինս արագ երկիր զարգացնես։
Այսինքն՝ ինքը ոչ թե քեզ ասում է՝ թող ու գնա, այլ ասում է՝ արագ զարգացրեք երկիրը, այն, ինչ բաց եք թողել, էլ ժամանակ չունեք բաց թողնելու։ Ես այս ընթացքում մարդկանց հետ խոսելու շատ առիթներ եմ ունեցել։ Քաղաքական ընդդիմախոսներից բացի հրաժարականի ուրիշ պահանջ ինձ չի հանդիպել, սովորական, քաղաքական նկրտումներ չունեցող մարդիկ մեզնից պահանջում են երկիրն արագ զարգացնել։ Այն, ինչ որ բաց ենք թողել, այն, ինչ գողացվել է, այդ միջոցներն արագ հետ բերել, ներգրավել երկրի զարգացմանը, սա են պահանջում։
Զրուցեց Մհեր Արշակյանը