1ԳլխավորԼուրերԿարծիքՆերքինՔաղաքականություն

Վազգեն Մանուկյանը չստացավ հասարակության լայն աջակցությունը և շարունակում է ընկալելի չլինել հասարակության համար․ փորձագետ

Վազգեն Մանուկյանի վերջին հայտարարություններն առնվազն քաղաքական բանավեճի և հռետորաբանության տիրույթում չեն։ Եթե խաղաղ միջոցներով իշխանության հրաժարական չլինելու դեպքում հիշատակվում է այլ միջոցների մասին, ապա մենք այստեղ կարող ենք դիմել մեր երևակայությանը, թե ինչերի կարող է դիմել Վագեն Մանուկյանը կամ նրա շուրջ հավաքված խմբակը։ Նման կարծիք 365news.am-ի հետ զրույցում հայտնեց «Օրբելի» վերլուծական կենտրոնի փորձագետ Աղասի Մարգարյանը՝ անդրադառնալով «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի՝ այսօր Արարատի մարզի բնակիչների հետ հանդիպումից առաջ արված այն հայտարարությանը, ըստ որի՝ իշխանության հրաժարական, միևնույն է, լինելու է․ «Չի կարող այդ մարդն այդտեղ մնալ, չենք թողնելու։ Խաղաղ կանենք, չի լինի՝ զոռով կանենք։

Ըստ Աղասի Մարգարյանի՝ Հայաստանի քաղաքական դաշտը չունի այն պոտենցիալը, որպեսզի քաղաքականության մեջ որևէ մեկն իրեն թույլ տա որևէ ռեպրեսիվ միջոց․ «Եթե ընդդիմությունը սպառնում է իշխանությանը, ապա պետք է հասկանա, որ ռեպրեսիվ միջոցները լավագույն ճանապարհը չեն։ Այստեղ բնավ խնդիրն իշխանության լավ կամ վատ լինելը չէ, որակով կամ անորակ լինելը չէ։ Խնդիրն այստեղ այն է, որ Հայաստանի քաղաքական դաշտում ինչ-որ ուժեր փորձում են խոսել սպառնալիքի լեզվով։ Սա անթույլատրելի ու անընդունելի է»։

Անդրադառնալով Մանուկյանի կողմից հասարակության իրեն չաջակցող հատվածի հասցեին արված վիրավորական հայտարարություններին՝ փորձագետը նշեց․ «Ցանկացած բանական մարդ չի կարող իրեն թույլ տալ ոչ միայն հրապարակային նման հայտարարություն անել, այլ նաև չի կարող մտածել այդ կերպ։ Պիտակավորել հասարակական որոշակի շերտի, խմբի, անկախ նրանից՝ 4, թե՞ 400 հոգի են, Շիրակո՞ւմ են ապրում, թե՝ Գորիսում, նման վիրավորական արտահայտությունները խոսում են միայն տվյալ քաղաքական գործչի աշխարհայցքի ու ընկալումների մասին։ Սա ուղղակի աբսուրդ է»։

Մարգարյանը կարծում է, եթե քաղաքական գործիչն իշխանության չի գալիս հասարակության հետ ու համար, ապա դիմում է զարտուղի միջանկյալ միջոցների։ Հասարակությունը պետք է այս ամենն արձանագրի․ «Մենք բոլորս էլ տեսանք, որ Մանուկյանը հանրային լայն աջակցություն չստացավ ու շարունակում է ընկալելի չմնալ հասարակության լայն զանգվածի համար։ Սա բացարձակապես չի նշանակում, որ հասարակության այդ լայն զանգվածն անվերապահորեն աջակցում է գործող իշխանությանը»։

Փորձագետի համոզմամբ՝ «Հայրենիքի փրկության շարժումն» այնքան խայտաբղետ ու տարասեռ միավորում է, որ չի կարող երկարատև ապագայում լուրջ քաղաքական միավոր դառնալ․ «Այդ միավորը պայքարում է զուտ իշխանական լծակներին տիրապետելու համար ու միայն դրա համար չեն կարող դառնալ քաղաքական լուրջ միավոր»։

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close