ԱրտաքինԼուրերԿարևորԿարծիքՀարցազրույցՔաղաքականություն

Հիմա Իրանի արտաքին քաղաքականության համատեքստում Հայաստանն ավելի է կարևորվում․ իրանագետ

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը տարածաշրջանային այց է կատարում դեպի Հարավային Կովկաս։ Թեմայի վերաբերյալ 365news.am-ը զրուցել է իրանագետ Վարդան Ոսկանյանի հետ։

Պարոն Ոսկանյան, ինչո՞վ է պայմանավորված այս ժամանակահատվածում Մոհամադ Ջավադ Զարիֆի տարածաշրջանային այցը։

– Պետք է նկատի ունենալ, որ արցախյան վերջին պատերազմից հետո Հարավային Կովկասում ստեղծված նոր իրավիճակի պայմաններում այս տարածաշրջանը կարծես թե Իրանի արտաքին քաղաքական օրակարգում ավելի առաջնային դիրքեր է զբաղեցնում՝ հաշվի առնելով բազմաթիվ խնդիրներ։ Զարիֆի՝ տարածաշրջանային 3 երկրներ այցը տեղավորվում է այս տրամաբանության մեջ։

Կոնկրետ Ադրբեջանի և Հայաստանի պարագայում իրանական կողմի համար ամենահետաքրքիրը պետք է լինի ստեղծված իրավիճակում արցախյան հիմնախնդրի հետ կապված հարցերը, և վստահ եմ՝ հենց այդ հարցերն են բանակցությունների «առյուծի բաժինը» լինելու, քանի որ այս իրավիճակում իրանցիները մի քանի նպատակ են հետապնդում։ Առաջինն այն է, որ իրանցիներն ուզում են հասկանալ ստեղծված նոր իրավիճակը, երկրորդը՝ փորձել ներգրավվել արցախյան կարգավորման գործընթացում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ թուրքական կողմն արդեն իսկ որոշակի ներգրավվածություն ունի։

Ուստի՝ Իրանը՝ որպես տարածաշրջանին անմիջապես հարող պետություն, կուզենա ներգրավվածություն ունենալ այս գործընթացում, չնայած շատերը շահագրգռված են, որ վերականգնվի Մինսկի խմբի ձևաչափը։ Վրաստան այցն էլ խոսում է այն մասին, որ ինչպես ՌԴ-ն, ԱՄՆ-ն, այնպես էլ Իրանը տարածաշրջանային պետություններին մեկ ամբողջության մեջ է դիտարկում՝ անկախ նրանից, որ յուրաքանչյուր պետության հետ առանձին հարաբերություններ ունի։

Ըստ Ձեզ՝ տարածաշրջանային կոմունիկացիոն ապաշրջափակման պարագայում Իրանն ինչպիսի՞ դիրքորոշում կորդեգրի:

– Ապաշրջափակում կոչվող ծրագրում իրանցիներն իրենց համար տեսնում են և՛ շանսեր, և՛ թե մարտահրավերներ։ Մարտահրավերների համատեքստում խոսքը, մասնավորապես, վերաբերում է Թուրքիա-Նախիջևան-Ադրբեջան ցամաքային կապի հնարավորությանը, ինչը, բնականաբար, հակասում էր Իրանի տարածաշրջանային շահերին, իսկ մյուս կողմից էլ շահերի տեսանկյունից կարծես թե Իրանը կողմ է ապաշրջափակմանը և նաև ունի սեփական առաջարկները՝ նոր սեփական կոմունիկացիոն ուղիներ ունենալու առումով։ Խոսքը վերաբերում է Նախիջևանի հյուսիսային հատվածով Իրանը Հայաստանին կապող հատվածին, որը չնայած դեռևս փորձագիտական շրջանակներում է քննարկվում, բայց կարծում եմ՝ այդ քննարկումների արդյունքները ներկայացվել են նաև Իրանի որոշում կայացնողներին։

Ի՞նչ եք կարծում՝ որո՞նք են գլխավոր հարցերը, որոնք պետք է լինեն Հայաստան-Իրան օրակարգում, և Հայաստանն ի՞նչ պետք է անի այս այցից առավելագույն օգուտ քաղելու համար:

– Կարծում եմ՝ պետք է սահմանվեն և հստակեցվեն շահերի հատման բոլոր կետերը, որոնք մենք պատրաստ ենք քննարկել իրանական կողմի հետ։ Ըստ իս՝ ամենակարևոր հարցերից մեկը, որը պետք է շոշափվի Իրանի արտգործնախարարի՝ Հայաստան այցի ժամանակ, Հայաստան-Իրան սահմանի հարցն է։ Սահմանի հարցի համատեքստում պետք է շեշտադրվի նաև Սյունիքի մարզով ուղիղ հաղորդակցության ապահովման հարցն ու հենց Հայաստանը պետք է այդ հստակ շեշտադրումն անի։ Ցանկացած ապաշրջափակում կամ այլ նման փաթեթավորմամբ ներկայացվող ծրագրեր, ըստ էության, կարող են ստեղծել մի իրավիճակ, երբ Սյունիքի մարզով Հայաստան-Իրան ուղղակի, անմիջական կապը ստանա լուսանցքային դերակատարություն, ինչը չի բխում ո՛չ հայկական, և ո՛չ էլ իրանական կողմի շահերից։

Պետք է Սյունիքի մարզում իրանցիների հետ քննարկվեն զարգացման հնարավոր ծրագրեր՝ իրանական ներկայություն տնտեսական աշխուժության տեսքով։ Խոսքը վերաբերում է արդեն իսկ առկա, բայց չաշխատող Մեղրիի ազատ տնտեսական գոտուն, ինչպես նաև Հյուսիս-հարավ մայրուղու շինարարությանը, որոնցում պետք է անպայման փորձել ներգրավել իրանական կապիտալն ու մասնակցությունը։

Որքան էլ պարդոքսալ թվա՝ Հայաստանն ավելի է կարևորվում Իրանի արտաքին քաղաքականության համատեքստում՝ հաշվի առնելով այն պանթյուրքիստական նկատառումները, որոնք առկա են Էրդողանական վարչակարգի կողմից, և որի արբանյակն է, ըստ էության, հանդիսանում նաև Ադրբեջանը։

Իրանի արտգործնախարարի՝ Ադրբեջան այցի ժամանակ կողմերը քննարկել են Ադրբեջանի կողմից գրավյալ տարածքների զարգացման և վերականգնման ծրագրեր։ Իրանի այս քայլն ինչի՞ է միտված:

– Իրանցիներին հատկապես մտահոգում է մերձարքասյան գոտու այն տարածքները, որոնք Ադրբեջանը ժամանակավոր օկուպացրել է Արցախի Հանրապետությունից ու այդ գուտում ահաբեկիչների խնդիրը։ Ուստի՝ կարծում եմ՝ վերակառուցման և վերականգնողական ծրագրերի համատեքստում իրանցիները հետապնդում են երկու նպատակ․ մեկը զուտ տնտեսական տիրույթում է, իսկ մյուսն անվտանգային տիրույթում է։ Իրանցիները նպատակ ունեն ունենալ ներկայություն հենց այն տարածքներում, որտեղից Իրանի համար անմիջական վտանգ կարող է բխել՝ սիրիական ակաբեկչական տարբեր խմբավորումների առկայության դեպքում։ Նրանք զարգացման ծրագրերի միջոցով փորձում են վերահսկողության չափաբաժին ստանալ նշված տարածշրջանում։

Զրուցեց Մելինե Պետրոսյանը

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close