1ԱրտաքինԳլխավորԼուրերԿարծիքՔաղաքականություն

Եթե ռուս-ամերիկյան հարաբերություններն էլ ավելի սրվեն, Հայաստանի համար բավականին բարդ գործընթացներ են սկսվելու․ Պողոսյան

Վստահ եմ՝ Բայդենի վարչակազմի օրոք ամերիկյան օգնությունը դեպի Հայաստան կշարունակվի։ 365news.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Քաղաքական և տնտեսական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի» տնօրեն Բենիամին Պողոսյանը՝ անդրադառնալով Հայաստանի նկատմամբ ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի վարչակազմի կողմից վարած քաղաքականությանը։

«Մենք օրեր առաջ տեսանք Հայաստանում ԱՄՆ դեսպանի հոդվածը՝ նվիրված հայ-ամերիկյան հարաբերություններին։ Հոդվածում դեսպանը շեշտում էր, որ Միացյալ Նահանգների համար ամենակարևոր խնդիրը Հայաստանի ժողովրդավարությունն է, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումը, և Միանցյալ Նահանգներն ինչպես նախկինում էր օգնում, այնպես էլ հիմա է շարունակելու օգնել Հայաստանին՝ ժողովրդավարության հաստատման, բարեփոխումների, ինստիտուտների ամրապնդման գործում։ Այս առումով էական տարբերություն առաջին 1-2 տարիների ընթացքում դժվար տեսնենք, հնարավոր է՝ միայն օգնության թվերը որոշակիորեն բարձրանան, սակայն էական փոփոխություն ես, որ չեմ սպասում»,- ընդգծեց Պողոսյանը։

Խոսելով ԱՄՆ-ի կողմից Հարավային Կովկասի նկատմամբ վարած արտաքին քաղաքականության մասին՝ փորձագետը նշեց, որ եթե ուզում ենք հասկանալ, թե Միացյալ Նահանգներն ինչպիսի քաղաքականություն կիրակացնեն կամ տարածաշրջանի երկրների նկատմամբ վարվող քաղաքականություններում ինչ փոփոխություններ կլինեն, ապա պետք է հասկանալ, թե ինչ փոփոխություններ կլինեն ավելի մեծ ուղղություններով, որոնցից էլ արդեն որպես ածանցյալ գալիս են ԱՄՆ հարաբերությունները Հարավկովկասյան առանձին պետությունների հետ:

«Հարավկովկասյան 3 պետությունների նկատմամբ վարած քաղաքականություններն ավելի մեծ քաղաքականության մի մաս են կազմում։ Օրինակ՝ Հայաստանի հետ հարաբերությունները որոշակիորեն պայմանավորվում էր ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններով կամ ընդհանրապես ԱՄՆ-ի քաղաքականությամբ հետխորհրդային տարածաշրջում Ռուսաստանի դերի նկատմամբ։ Եթե վերցնում ենք Ադրբեջանը, ապա այստեղ մեծ դեր է խաղում էներգետիկ դիվանագիտությունը։

Հայաստանի, Ադրբեջանի հանդեպ որպես Իրանին սահմանակից պետություններ կար որոշակի քաղաքականություն արդեն ԱՄՆ-Իրան հարաբերությունների կոնտեքստում՝ հատկապես 2018թ.-ի մայիսից, երբ Թրամփը դուրս եկավ Իրանի միջուկային ծրագրի շուրջ կնքված համաձայնագրից և խստացրեց Իրանի դեմ պատժամիջոցները։ Այդ ժամանակ Հայաստանն ու Ադրբեջանը տեղավորվում էին Իրանի դեմ մաքսիմալ ճնշման քաղաքականությունում։ Վրաստանն էլ տարածաշրջանի միակ երկիրն է, որն ԱՄՆ-ի հետ ունի ռազմավարական համագործակցության համաձայնագիր, որը ստորագրվել է դեռևս 2009թ.-ի հունվարին, սակայն Վրաստանի նկատմամբ ձևավորվող քաղաքականությունն էլ է ավելի մեծ քաղաքական գծի ածանցյալ մի մաս»,- նկատեց նա։

Անդրադառնալով փոխպետքարտուղարի պաշտոնում Վիկտորիա Նուլանդի նշանակմանը (Նուլանդը 2013թ.-ին Եվրոմայդանի իրականացման կարևորագույն դեմքերից մեկն է եղել, ինչպես նաև բավականին լարված հարաբերություններ ունի Թուրքիայի հետ-խմբ․)՝ Պողոսյանը նշեց․ «Նուլանդը դեռևս 2020թ.-ի ամռանը, երբ ինքն արդեն վստահ եմ ՝ գիտեր, որ Մայդանի հաղթանակից հետո վերադառնալու է Պետդեպարտամենտ, ամերիկյան «Foreign Affairs» պարբերականում հոդված տպեց, թե նոր վարչակազմն ինչ ռազմավարություն պետք է ունենա Ռուսաստանի հանդեպ։

Նուլանդը նշում էր, որ առաջին հերթին ԱՄՆ-ն պետք է հարաբերություններն ամրապնդի դաշնակիցների հետ՝ ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի հետ, այնուհետև արդեն ուժերի դիրքերից կփորձի Ռուսաստանի հետ վերսկսել բանակցությունները։ Եթե հիմք ընդունենք Նուլանդի՝ իր իսկ գրած հոդվածը, ապա կարող ենք ենթադրել, որ ԱՄՆ-ն դաշնակցային հարաբերությունների վերականգնումից հետո եվրոատլանտյան հանրույթի անունից կսկսի Ռուսաստանին որոշակի առաջարկություններ ներկայացնել, այսինքն՝ ՌԴ-ն կզիջի որոշակի x հարցերում, իսկ ինքը որոշակի y հարցերում կստանա արտոնություններ»:

Փորձագետը վերոնշյալ սցենարը բավականին հավանական է համարում, սակայն չի կարծում, որ Հարավային Կովկասը և առավել ևս Արցախյան հակամարտությունն այդ բանակցություններում էական դեր կունենան․ «Եթե իմ նշած սցենարը բարեհաջող ընթանա, ապա այդ գործընթացը կտևի մոտ 1-1․5 տարի ու հաջող ավարտի դեպքում Հարավկովկասյան տարածաշրջանում Ռուսաստանի դիրքերի թուլացման համար ԱՄՆ-ն կբավարարվի տարածաշրջանում Թուրքիայի ներկայացվածությամբ, իսկ եթե ռուս-ամերիկյան բանակցություններն անհաջողություն ունենան, ապա ԱՄՆ-ն կվերադառնա Ռուսաստանին կոշտ զսպման և հետխորհրդային տարածաշրջանում ռուսական դերակատարության նվազեցման ռազմավարությանը։ Եթե ռուս-ամերիկյան հարաբերություններն էլ ավելի սրվեն, ԱՄՆ-ի կողմից խնդիր դրվի Հարավային Կովկասում ՌԴ-ի դերի նվազման, այդ թվում՝ նաև Հայաստանում, ապա մեզ համար բավականաչափ բարդ գործընացներ են սկսվելու»։

Մելինե Պետրոսյան

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close