1ԳլխավորԼուրերԿարծիքՆերքինՔաղաքականություն

Մեր բարձրաձայնած հարցը բացառապես համահայկական օրակարգի հարց է․ Սիմոնյան

Ազգային ժողովի այսօրվա նիստից հետո «Իմ քայլը» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների միջև որևէ քննարկում չի եղել՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից ներկայացրած նախագծում ներառված ռազմագերիների վերադարձի հարցի քննարկման հետ կապված։ Այս մասին 365news.am-ի հետ զրույցում տեղեկացրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը՝ հավելելով, որ մինչև այսօրվա նիստն էլ իրենք իրենց գործընկերներին փորձել են համոզել, որ այդ նախագիծը որևէ կերպ չի վնասելու ո՛չ գերիների վերադարձի հարցին, ո՛չ էլ իրենց իշխանությանը։

«Ինձ մոտ տպավորություն է, որ այս իշխանությունը լուրջ վախերի մեջ է ապրում և իրեն թվում է, թե ամեն մի գործողություն, որ ընդդիմությունը նախաձեռնում է, իրենց իշխանության դեմ է։ Բնականաբար, դրանով էլ պայմանավորված՝ նրանք այսպիսի բացասական քվեարկություններ են ապահովում։ Մինչդեռ մեր կողմից բարձրաձայնած հարցն ու դրա լուծմանը միտված մեր գործողությունները բացառապես համահայկական օրակարգի հարց են։ Այդտեղ իշխանություն-ընդդիմություն պայքարի հարց չկա»,- ընդգծեց Սիմոնյանը։

Ըստ պատգամավորի՝ իրենց գործընկերները հոգեբանական խնդիրի առաջ են կանգնած․ «Ինչ նախագիծ էլ որ առաջ քաշենք, իրենք դիտարկելու են իշխանության համար պայքարի կոնտեքստում։ Ուրիշ պատճառ մտքիս չի գալիս, թե ինչո՞ւ գործող իշխանությունը չի ուզում ռազմագերիների վերադարձի հարցը քննարկել, ինչո՞ւ չեն ուզում, որ պատգամավորները ևս մեկ անգամ գան ու ԱԺ ամբիոնից կրկին բարձրաձայնեն, որ Ադրբեջանը միջազգային հանցագործություն է անում և ռազմագերիներին որպես պատանդ է պահում՝ Հայաստանից ինչ-որ օգուտներ պոկելու համար»։

Սիմոնյանը չի կարծում, որ Հայաստանի գործող իշխանությունն իր այս քայլերով դիտավորյալ Ադրբեջանի ջրաղացին ջուր է լցնում, այլ ընդամենը կարծում է, որ այս իշխանությունները վախենում են իրենց առաջարկություններին տեղի տալուց։

Այն հարցին՝ արդյո՞ք կա ինչ-որ մարմին կամ լծակ, որոնք իրենք կկարողանան օգտագործել, թեկուզ միայն իրենց նախագծերի տեքստերը քննարկման դնելու համար, Սիմոնյանը պատասխանեց․ «Ոչ, չկա նման մարմին։ Դա «ԱԺ կանոնակարգ» օրենքով սահմանված ընթացակարգերի պատճառով է և, երբ որ մենք 2019 թվականին առաջարկում էինք փոխել «ԱԺ կանոնակարգ» օրենքը, որը Հանրապետական կուսակցության «ստեղծագործության» արդյունքն էր և, որի իմաստն այն էր, որ ընդդիմությունը ոչինչ չկարողանա անել, մեր գործընկերները դեմ դուրս եկան՝ պահպանելով Հանրապետականների մտքի արգասիք համարվող «ԱԺ կանոնակարգ» օրենքը։ Գործող օրենքը որևէ գործուն լծակ չի տալիս ընդդիմությանը»։

Մենք կապ հաստատեցինք «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի հետ՝ պարզելու, թե ինչո՞ւ ՀՀ-ի համար թիվ 1 օրակարգային հարցի վերաբերյալ քննարկում անցկացնելուն իրենք դեմ քվեարկեցին։

Հայրապետյանը նշեց, որ ինքը թեմայի վերաբերյալ իրենց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի մեկնաբանությանը ոչինչ չունի ավելացնելու։

Հիշեցնենք, որ Լիլիթ Մակունցը նշել էր, որ ԼՀԿ գործողությունները միտված են ոչ թե խնդիրների լուծմանը, այլ հակառակը։

Մելինե Պետրոսյան

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել