1ԳլխավորԼուրերՀարցազրույցՔաղաքականություն

Այս պահին Հայաստանի դեմ Թուրքիայի կողմից ռազմական գործողությունների սանձազերծումը քիչ հավանական է․ թուրքագետ

Կարսում Թուրքիայի ու Ադրբեջանի համատեղ զորավարժությունները պարբերական բնույթ են կրում՝ սկսած 2014 թ-ից։ Այս մասին 365news.am-ի հետ զրույցում հայտնեց «Օրբելի» վերլուծական կենտրոնի փորձագետ, թուրքագետ Տարոն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով փետրվարի 1-12-ը Կարսում կայանալիք Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ զորավարժություններին։

«Կարսում անցկացվող զորավարժություններին հիմնականում մասնակցում էին Նախիջևանի առանձին համազորային բանակի ստորաբաժանումները։ Այս անգամվա զորավարժությունները մասշտաբներով չեն տարբերվում նախորդ տարիների զորավարժություններից ու դատելով տարածված տեսանյութերից՝ կարող ենք եզրակացնել, որ վաշտերի, առավելագույնը՝ գումարտակների մակարդակով վարժանքներ են։ Հայտարարվել էր, որ նոր զինատեսակներ էլ են փորձարկվելու, սակայն դեռ պարզ չէ՝ կոնկրետ ինչ զինատեսակներ»,-ընդգծեց Հովհաննիսյանը։

Փորձագետի համոզմամբ՝ այս զորավարժությունները խոսում են այն մասին, որ այդ երկրները պատերազմից հետո էլ իրենց ռազմավարությունն ու մարտավարությունը՝ կապված նաև Հայաստանի հետ, առնվազն այս մակարդակում փոփոխության չեն ենթարկել․ «Ադրբեջանն ու Թուրքիան իրենց կողմից վարվող ագրեսիվ և սադրանքներով «հարուստ» քաղաքականությունից նահանջի նախանշաներ ցույց չեն տալիս»։

Դիտարկմանը՝ արդյո՞ք այս զորավարժությունները ևս Հայաստանի համար վտանգներ են պարունակում,  Հովհաննիսյանը պատասխանեց․ «Վտանգներ միշտ կան։ Չի կարող լինել թուրք-ադրբեջանական զորավարժություն, ու Հայաստանի համար վտանգ չլինի, սակայն նոր, հավանական ռազմական գործողությունների մասին այս մասին չեմ կարող խոսել»։

Թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանի կարծիքով էլ՝ չնայած թուրք-ադրբեջանական զորավարժությունները պարբերական բնույթ են կրում, այնուամենայնիվ, վերջին զորավարժություններից հետո սանձազերծված պատերազմի պատճառով պլանավորվող զորավարժությունները մեր հասարակության մեջ լուրջ անհանգստությունների պատճառ են դարձել։

Իսպիրյանի կարծիքով՝ ամեն դեպքում այս պահին Հայաստանի դեմ Թուրքիան կողմից լայնածավալ ռազմական գործողությունների սանձազերծումը քիչ հավանական է, քանի որ դա հիմա իրեն ձեռնտու չէ՝ չնայած, որ պատերազմները ոչ մի տրամաբանության չեն ենթարկվում։

Մելինե Պետրոսյան

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել