Սոցիալական ապրանքների գնաճն ավելի մեծ հարված է հասցնում բնակչությանը, քան երկրորդային ապրանքներինը․ տնտեսագետ

Կառավարության այսօրվա նիստից հետո ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Հայաստանում գնաճը գտնվում է թիրախային մակարդակում, այսինքն՝ չի գերազանցնելու 2-2․5 տոկոսի շեմը։
Թեմայի վերաբերյալ 365news.am-ը զրուցեց տնտեսագետ Սուրեն Պարսյանի հետ, ում կարծիքով՝ տնտեսության աճը պետք է համադրենք գնաճի հետ։
Տնտեսագետի համոզմամբ, եթե էկոնոմիկայի նախարարը հայտարարում է, որ Հայաստանում գնաճը թիրախային 2-2․5 տոկոսի շրջանակներում է, ապա պետք է հիշեցնել, որ նույն թիրախների մեջ էր այն, որ 2020 թվականին պետք է տնտեսությունը 4․9 տոկոս աճեր:
«Մենք չենք ունեցել 4․9 տոկոս աճ, բայց ունեցել ենք գների 2-2․5 տոկոսի աճ, այսինքն՝ տնտեսությունը նվազել է, մենք ունենք 7․2 տոկոս անկում, մարդկանց եկամուտները նվազել են 7․2 տոկոսով, միաժամանակ այդ պայմաններում 2-2․5 տոկոս գներն աճել են։ Ընդհանուր տնտեսությունը, բիզնեսը, մարդիկ ավելի աղքատացել են, քան պլանավորված էր պաշտոնական վիճակագրությամբ, ու մենք փաստացի չունենք տնտեսության աճ, բայց փոխարենն ունենք գնաճ»,- ընդգծեց նա։
Ըստ տնտեսագետի՝ գնաճի իրական թվերը հասկանալու համար պետք է նայենք սպառողական զամբյուղի առաջին անհրաժեշտության ապրանքներին․ «Սպառողական զամբյուղում տեսակարար կշիռ ունեն առաջին անհրաժեշտության ապրանքները, որոնց գներն այս ամիսների ընթացքում կտրուկ թնակացել էին, և մարդիկ հրաժարվում են այլ ապրանքներից՝ առաջնային ապրանքներ գնելու համար։ Այս սոցիալական ապրանքների գնաճը մեծ հարված է հասցնում բնակչությանը, քան երկրորդային անհրաժեշտության ապրանքների գնաճը»։
Անդրադառնալով զարտուղի ճանապարհների պատճառով գործարարների ահռելի ծախսերի հարցին՝ տնտեսագետը նշեց․ «Եթե խոսքը գնում է Մեղրիով ճանապարհ բացելուն, ապա մենք դժվար թե մեր ապրանքները հասցնենք Մեղրի, հետո հասցնենք Բաքում, ապա Ռուսաստան կամ Ղազախստան։ Դա ֆինանսական և տնտեսական առումով տրամաբանական չէ, իսկ ժամանակային առումով ձեռնտու չէ։ Մեզ պետք է ավելի շատ հետաքրքրի Իջևան-Ղազախ ուղղությամբ երկաթուղու շահագործումը»։
Մելինե Պետրոսյան