1ԳլխավորԼուրերՆերքինՔաղաքականություն

ՀՀ-ում քաղաքական ճգնաժամ չկա, քաղաքական ճգնաժամը «Ֆեյսբուք» սոցիալական կայքում է. Բեղլոյան

Հայաստանում կարանտինը երկարաձգվում է ևս 6 ամիսով։ Փաստացի առնվազն մինչև աշուն ներհայաստանյան խնդիրներն արտահերթ ընտրությունների միջոցով չեն կարգավորվի։ Քաղաքական ճգնաժամը հաղթարելու մեթոդների վերաբերյալ 365news.am-ը զրուցել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանի հետ, ում կարծիքով՝ Հայաստանում քաղաքական ճգնաժամ չկա, իսկ կարանտինը երկարաձգվել է հանրային առողջության պահպանման նպատակով։

«ՀՀ-ում քաղաքական ճգնաժամ չկա, քաղաքական ճգնաժամը «Ֆեյսբուք» սոցիալական կայքում է»,- նշեց պատգամավորը։

Ըստ Բեղլոյանի՝ գոյություն ունի քաղաքական պայքար, որը ցանկացած երկրում բնական ու նորմալ երևույթ է. «Հայաստանում կա քաղաքական պայքար, որը տեղի է ունենում հանրային դաշտում, ու դրան մենք նորմալ ենք նայում։ Իսկ ինչ վերաբերում է քաղաքական ճգնաժամի առկայությանն ու ազգային համաձայնության կառավարության ձևավորմանը, ապա վերջին 1.5 ամսում պարզ երևաց, որ ՀՀ-ում իշխանության է գտնվում ազգային համաձայնության կառավարությունը, քանի որ ընդդիմությունն այս 1.5 ամսվա ընթացքում կարողացավ ձևավորել հանրային պահանջ՝ գործող իշխանության փոփոխության համար»։

Բեղլոյանի համոզմամբ՝ այսօր արտահերթ ընտրությունների իրականացման համար հանրային պահանջ չկա, բացի դրանից, գործող իշխանությունն արտահերթ ընտրությունների հարցով խորհրդակցություններ է իրականացրել Հայաստանում գործող քաղաքական ուժերի հետ, որոնց արդյունքում ընդդիմադիր ուժերի կողմից արված հայտարարություններից պարզ դարձավ, որ ընդդիմադիր դաշտը պատրաստ է արտահերթ ընտրությունների և չի տեսնում իր քաղաքական ապագան ընտրությունների միջոցով:

«Օրբելի» վերլուծական կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Գոռ Մադոյանի կարծիքով էլ արտահերթ ընտրությունները երկկողմանի ընդունելի չեն թե՛ ընդդիմության, և թե՛ իշխանության համար, բացի դրանից, հասարակությունն էլ իր հերթին հիմա պատրաստ չէ սթափ ընտրություն կատարելու. «Իշխանության և արտախորհրդարանական ընդդիմության միջև չհայտարարված կոնսենսուս կա, որ արտահերթ ընտրությունները մոտակա ժամանակներս տեղի չեն ունենա, իսկ հասարակությունը, չաջակցելով 16 կուսակցություններին, ո՛չ արտահերթ ընտրություններ պահանջեց, ո՛չ էլ կառավարության հրաժարական»:

Մադոյանի համոզմամբ՝ հասարակական տրամադրություններն ու ակտվիությունը ցույց տվեցին, որ բոլորը ցանկանում են իրավիճակի որոշակի հանդարտեցում:

Հարցին՝ հնարավո՞ր է մոտ ժամանակներս վարչապետի հրաժարական լինի, փորձագետը պատասխանեց, որ ոչ. «Իշխող ուժի տրամաբանությունը շարունակականության միտքն է, ու քանի որ վարչապետն առանձին ֆիգուր չէ, այլ ունի խորհրդարանական մեծամասնություն, ինքն ուղղակի չի կարող հրաժարական տալ ու հեռանալ: Ուղղակի հրաժարական չի կարող լինել: Կարող է լինել հրաժարական, արտահերթ ընտրություններ, նոր թեկնածուներ ի հայտ գան, բայց դրանք բոլորը պետք է միմյանց հետ շղթայական կապ ունենան»:

Մելինե Պետրոսյան

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել