1ԱրտաքինԳլխավորԼուրերՀարցազրույցՔաղաքականություն

Հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը միանշանակ պետք է դրական ընկալենք․ պատգամավոր

365news.am-ի զրուցակիցն ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարապետ Մխչյանն է

– Պարոն Մխչյան, հունվարի 11-ին Մոսկվայում ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվել է տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման վերաբերյալ փաստաթուղթ։ Ըստ Ձեզ՝ հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը Հայաստանի համար դրական արդյունքներ կունենա՞, թե՞ նոր խնդիրների պատճառ կդառնա։

– Հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը միանշանակ պետք է դրական ընկալենք, քանի որ մեր արտահանման և ներմուծման հիմնական ուղին ՌԴ-ն է՝ ԵԱՏՄ շուկան, որին մենք այսքան տարի կապված ենք եղել, ըստ էության, Լարս-Նինոծմինդա անցակետով, որն էլ իր հերթին բավականին խնդրահարույց է՝ պայմանավորված իր ռելիեֆով և կլիմայով։ Ձմռան ամիսներին այս ճանապարհը երբեմն բնականոն չի գործում, իսկ գյուղատնտեսական մթերքների մթերման ակտիվ շրջանում բավականին մեծ խցանումներ են առաջանում, ինչը շուտ փչացող ապրանքների մասով ռիսկային է։

Այս առումով հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը միանշանակ դրական է ազդելու Հայաստանի տնտեսության վրա՝ մասնավորապես արտահանման մասով։ Սակայն միաժամանակ պետք չէ պատրանքներ ունենալ, որ այդ հայտարարության ստորագրումից անմիջապես 1-2 ամիս հետո այդ ճանապարհը կհանձնվի շահագործման, քանի որ այդտեղ բավականին լուրջ շինարարական ու ինժեներական աշխատանքներ անելու անհրաժեշտություն կա։

Ադրբեջանի տարածքով դեպի Ռուսաստան տանող ճանապարհն ավելի երկար չէ՞։ Արդյո՞ք մեր բեռնափոխադրողներին դա շահավետ կլինի։

– Եթե երկաթուղային հաղորդակցության մասին ենք խոսում, ապա մենք դեպի Ռուսաստան երկաթգիծ չունենք։ Աբխազիայի երկաթգիծը շուրջ 25 տարի է՝ չի գործում։ Ադրբեջանի տարածքով Ռուսաստանին կապող, ըստ էության, երկու ճանապարհ ունենք։ Մեկը՝ Իջևան-Աղստաֆանն է, մյուսը՝ Նախիջևանի տարածքով դեպի Դաղստան։ Աղստաֆայի երկաթգիծը, ի տարբերություն Նախիջևանով անցնողից, ավելի կարճ է, սակայն այնտեղ էլ սողանքի խնդիր կա ու այդտեղ անհրաժեշտ է լուրջ ինժեներական աշխատանքներ տանել։

Այո, համաձայն եմ՝ Նախիջևանով անցնողն ավելի երկար է, սակայն կլիմայական պայմանների առումով ավելի ապահով ճանապարհ է, քան Լարսինը։

Տեսականորեն տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը շատ գրավիչ առաջարկ է, բայց արդյո՞ք գործնականում Ադրբեջանը կստեղծի անվտանգային բոլոր պայմաններն այդ ծրագրերը կյանքի կոչելու համար։

– Այդ ծրագրերի իրականացումն ուղղակիորեն վերաբերում է այն երկրների ղեկավարների հեղինակությանը, որոնք ստորագրել են հայտարարության տակ։ Եթե կոմունիկացիոն ուղիները կսկսեն գործել ու անվտանգայի կամ այլ խնդիրներ առաջանան, ապա դրանք ուղղակի հարված կլինեն ստորագրող պետությունների ղեկավարների հեղինակություններին, որը որևէ մեկի համար հաստատ ցանկալի չէ։

– Հաղորդակցության ուղիների ապաշրջափակման համար ստորագրված փաստաթուղթը Դո՞ւք էլ եք դիվանագիտական ձեռքբերում համարում։

– Ես համարում եմ, որ ստորագրված փաստաթուղթը տնտեսական երկարամյա ապաշրջափակման վերացման սկիզբն է, որի կարիքն առաջին հերթին մենք ունեինք։ Հանուն արդարության պետք է նշել, որ տարածաշրջանի բոլոր երկրներից ամենավատ վիճակում մենք ենք եղել։

Պարոն Մխչյան, չնայած բաց սահմանները տնտեսական օգուտներ կբերեն Հայաստանին, սակայն դրա հետ միաժամանակ տարածաշրջանային պետությունների քաղաքակրթական ու մշակութային նկարագրերը, գրեթե, ամբողջությամբ տարբեր են։ Այստեղ խնդիրներ չե՞ք տեսնում։

– Գիտեք՝ չեմ կարծում, որ բաց սահմանների պարագայում պարտադիր պայման է, որ երկրներն ունենան միևնույն մշակութային, քաղաքական կամ ռազմաքաղաքական կողմնորոշումները։ Բազմաթիվ օրինակներ կարող ենք հիմա բերել, որ պետությունները տարբեր ռազմաքաղաքական, տնտեսական բլոկներում են, սակայն միմյանց հետ ունեն բաց սահմաններ և կոմունիկացիոն ուղիները շատ լավ գործում են։

Բնականաբար, ռիսկեր կան, շատ զգայուն հարցեր կան, սակայն երկարաժամկետ կտրվածքով, եթե նայենք, ապա Հայաստանն ու Ադրբեջանը հարևան պետություններ են ու երկու պետությունների համակեցությունն այլընտրանք չունի։ Նման կարծիք ունի նաև Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը։ Ես նման տպավորություն ունեցա հունվարի 11-ին մոսկովյան հանդիպումից հետո Ադրբեջանի ղեկավարի խոսքից։

Զրուցեց Մելինե Պետրոսյանը

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել