1ԳլխավորԼուրերՀարցազրույցՔաղաքականություն

Այս պահին անիրատեսական է խոսել Ադրբեջանի հետ իրական խաղաղության կառուցման մասին․ «Իմ քայլի» պատգամավոր

Երեկ՝ նոյեմբերի 11-ին Մոսկվայում կայացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Հանդիպման մասին 365news.am-ը զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի հետ։

-Տիկին Հայրապետյան, հանդիպման ընթացքում ՌԴ-ի և Ադրբեջանի համար առաջնային համարվող հաղորդակցության ուղիների ապաշրջափակման հարցը քննարկվեց, մինչդեռ Հայաստանի համար առաջնային համարվող գերիների փոխանակաման հարցը մնաց առկախված։ Ըստ Ձեզ, ինչո՞ւ։

-Անկեղծ ասած, դժվարանում եմ հստակ պատասխան տալ, քանի որ ես ինքս ծանոթ չեմ բանակցությունների մանրամասներին ու տեղյակ չեմ, թե կողմերն ինչ տեսանկյունից, ինչ խնդիրներ են առաջադրել։ Ամեն դեպքում, ակնհայտ էր, որ ՀՀ վարչապետը բարձրաձայնել է մեզ համար կարևորագույն խնդիրը, որին անդրադարձավ նաև հրապարակային ելույթի ժամանակ։ Իսկ ահա թե ինչու այս պահին դրա հետ կապված մեզ համար շոշափելի պայմանավորվածություններ ձեռք չեն բերվել, դժվարանում եմ ասել։ Այնուամենայնիվ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այդ հարցի շուրջ բանակցությունները շարունակվում են։

-Արդյո՞ք այսօր Հայաստանն ու Ադրբեջանը վարում են սուբստանտիվ բանակցություններ, այսինքն՝ քննարկում են տարբեր հարցեր, դրանց լուծումներ են տալիս՝ երկրորդ պլանում թողնելով ամենակարևոր ու բարդ հարցերը։

-Ադրբեջանը, սուբստանտիվ ասելով, մինչև պատերազմը լրիվ այլ խնդիրներ էր առաջ բերում։ Ներկայիս քննարկումները, մասնավորապես տարածաշրջանի հետ կապված, ամբողջությամբ այլ բնույթի են, և դրանց վերաբերյալ պետք է հավելյալ պարզաբանումներ տրվեն։ Քննարկումից հետո, ինչպես նաև դրան նախորդող հայտարարություններով Ալիևն ամեն կերպ փորձում է ներկայացնել, որ արցախյան հարց այլևս գոյություն չունի, և այդ թեման փակված է, մինչդեռ վարչապետ Փաշինյանն իր խոսքում նշեց, որ Արցախի կարգավիճակի հարցը մեզ համար մնում է առաջնային, և ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում բանակցությունները շարունակվելու են։ Սա ցույց է տալիս, որ մենք ունենք առաջնային հարցեր, որոնց ուղղությամբ շարունակելու ենք աշխատել՝ անկախ նրանից, թե Ադրբեջանը ինչ կասի կամ կներկայացնի։

-Փաստացի, երեկ հաղորդակցության ուղիների ապաշրջափակման գործընթացն սկսելու վերաբերյալ որոշում ընդունվեց։ Արդյո՞ք կան հիմքեր, ըստ որոնց՝ կարող ենք կարծել, որ գործընթացն ավարտին կհասցվի։

-Մենք հումանիտար լուրջ խնդիրներ ունենք, և հանրային քննարկումների առումով դրանց հետ կապված որոշակի խնդիրներ կան, քանի որ պատերազմի արդյունքում առաջացած խնդիրները շատ թարմ են, ու բոլորս բավականին բարդ բարոյահոգեբանական փուլով ենք անցնում։ Ադրբեջանը հայտարարում է, որ հայերն ու ադրբեջանցիները հարևաներ են ու պետք է այդպես ապրեն, մինչդեռ իրականությունն այլ է։ Ադրբեջանը եթե փորձեր հումանիտար խնդիրներին լուծումներ տալ, միգուցե մենք կարողանայինք խոսակցություններ ծավալել դրա հետ կապված, բայց Ադրբեջանի պահվածքն ու Ալիևի հայտարարությունը դրա հետ կապված ամբողջությամբ այլ տպավորություն են ստեղծում, մասնավորապես այն, որ Ադրբեջանն ընդհանրապես չի հրաժարվել իր հայատյացության գաղափարաից։ Այս պարագայում արդեն դժվար է Ձեր հարցի վերաբերյալ հստակ պատասխան տալ։ Բնականաբար պետք է հակառակորդների հետ խոսել՝ անգամ պատերազմից հետո, սակայն պետք է լինել չափազանց զգուշավոր, ու եթե օրերից մի օր խաղաղություն կառուցելու հնարավորություն լինի, ապա այդ խաղաղությունը պետք է լինի արժանապատիվ խաղաղություն, այլ ոչ ձևով։

-Այնուամենյանիվ ,մեր և Ադրբեջանի խաղաղության տեսլակաները շատ տարբեր են։ Այս դեպքում, այդ խաղաղությունը կառուցելու հնարավորություն տեսնո՞ւմ եք:

-Պետք է նշենք, որ այս պայմաններում, երբ իրենք շարունակաբար հրապարակում են մեր գերիների խոշտանգումների տեսանյութեր, կոշտ հայատարություններ են անում, ապա անիրատեսական է խոսել իրական խաղաղության կառուցման մասին։ Խաղաղություն կառուցելու համար պետք է համապատասխան կամք ունենալ, իսկ ադրբեջանական հանրությունը տասնամյակներ շարունակ միայն հայերի նկատմամբ ատելության խոսքով է դաստիրակվել, ու չունեն այդ կամքը։

Զրուցեց Մելինե Պետրոսյանը

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել