1ԳլխավորԼուրերՆերքինՔաղաքականություն

Ոչ մի հիմք չկա «Երրորդ Հանրապետության» վախճանը գուժելու համար․ Մարգարյան

Հստակ չէ, թե ՀՀ նախագահն ինչից ելնելով է միանգամից գուժում «Երրորդ Հանրապետության» վախճանը և խոսում «Չորրորդ Հանրապետության» վերածննդի մասին։ Ինձ համար նման պայմանական բաժանումներն ուղղակի անիմաստ են։ Նման կարծիք 365news.am-ի հետ զրույցում հայտնեց «Օրբելի» վերլուծական կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Աղասի Մարգարյանը՝ անդրադառնալով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ դեպի «Չորրորդ Հանրապետություն» հոդվածին։

Մարգարյանի համոզմամբ՝ Հայաստանի Հանրապետությունը՝ որպես այդպիսին մեկն է, որը հռչակվել է 1991 թվականին՝ հանրաքվեի միջոցով, ու այդտեղ չկան բաժանարար գծեր․ «Հանրապետության «վախճանի» ու «վերածննդի» վերաբերյալ բոլոր տարատեսակ՝ ոչ քաղաքական, էմոցիոնալ, ոչ գիտական ձևակերպումներն ինձ համար առնվազն անհասկանալի են՝ առավել ևս, եթե դրանք Հանրապետության նախագահի կողմից են ներկայացվում։ Եթե ֆեյսբուքյան որևէ օգտատեր նման կարծիք ներկայացներ, միգուցե ինչ-որ տեղ դա կարող էինք հասկանալ, բայց որ նախագահն է նման հայտարարություն անում, դա արդեն անհասկանալի է»։

Քաղաքագետը վստահ է, որ ոչ մի հիմք չկա հայտարարելու «Երրորդ Հանրապետության» վախճանի ու «Չորրոդ Հանրապետության» սկզբի համար․ «Ես չգիտեմ, թե մենք ինչի՞ վրա ենք գիծ քաշում, որ խոսում ենք նոր հանրապետության սկզբի մասին՝ մեր 30 տարվա պատմությա՞ն, սեպտեմբերի 27-ից հետո ընկած ժամանակահատվածի՞, թե՞ դրանից առաջ ընկած ժամանակահատվածի վրա։ Մենք պարտություն ենք կրել պատերազմում, բայց այդ պարտությունը պետք է դառնա այն հարթակը, որի վրա կկառուցվի մեր քաղաքական, անձնական կյանքի վերարժևորման ամբողջ կառույցը»։

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության գործադիր մարմնի անդամ Հայկ Սահակյանն էլ է համակարծիք, որ «Երրորդ Հանրապետությունն» այլևս անցյալում համարելու և «Չորրորդ Հանրապետության» սկզբի մասին խոսելու համար դեռևս ոչ մի հիմք չկա։

«Այո, պատերազմում պարտություն ենք կրել, բայց մեր գոյությունը չի դադարել։ Մեր պետական համակարգը կաթվածահար է եղել, բայց այն շարունակում է գործել, մենք մեր պետականությունը չենք կորցրել ու դրա համար էլ մենք չենք կարող «Երրորդ Հանրապետությունն» արդեն անցյալում համարել»,- ընդգծեց Սահակյանը՝ հավելելով, որ նման հայտարարության հիմք կարող էր հանդիսանալ այն երևույթը, եթե մենք Սահմանադրություն փոխեինք և փոփոխված Սահմանադրությունում փոփոխեինք նաև պետականություն ստեղծելու հիմքերը։

Սահակյանի համոզմամբ՝ նոր գաղափարի ու ամեն ինչ նոր կետից ստեղծելու համար և՛ մարդկային, և՛ ինտելեկտուալ ռեսուրսներ են անհրաժեշտ, բայց որևէ միջադեպից, գործընթացից հետո չպետք է մոռանանք նախկինում եղած ամեն ինչ․ «Ամեն մի գործընթացից հետո չպետք է մոռանանք ամեն ինչ։ Դա լավ նախադեպ չէ։ Պետք է շարունակականություն լինի։ Մենք՝ որպես պետություն և որպես հանրույթ, անցած 30 տարիներն հենց այնպես չենք ապրել, հետևաբար պետք է ոչ թե ամեն ինչ զրոյից սկսել, այլ պետք է ճիշտ հետևություններ անել, որպեսզի հետո նույն սխալները չկրկնենք»։

Մելինե Պետրոսյան

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել