1ԳլխավորԼուրերԿարծիքՆերքինՔաղաքականություն

Վազգեն Մանուկյանի փոխարեն ընդդիմության այլ թեկնածու պետք է լինի ու դա ակնհայտ է․ քաղաքագետ

Որոշ ժամանակ է՝ մամուլում տեղեկատվություն է տարածվում, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն արդի քաղաքականության հետ կապված տարաձայնություններ ունեն։ Ըստ որոշ տեղեկությունների՝ այդ տարաձայնությունների հիմքում ընկած է 16 կուսակցությունների միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի անձը։

365news.am-ի հետ զրույցում քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը, անդրադառնալով ՀՀ երկու նախկին նախագահների միջև հնարավոր տարաձայնություններին, նշեց․ «Նմանատիպ բազմաթիվ կարծիքներ կան, սակայն այդ խոսակցություններն ու կարծիքներն այլևս ոչ ոքի հետաքրքիր չեն։ Հետաքրքիր չէ նաև, թե 16 կուսակցություններն ինչ են անում, դրանցից որ մեկն առանձին ինչ է անում։ Ո՞ւմ կողմնակիցներն են մյուսին հակառակ հայտարարություններ տարածում։ Այս ամենն այլևս ոչ ոքի չի հետաքրքրում և որևէ նշանակություն չունի։ Դա կապ չունի ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ հասարակության հետ»։

Հարցին՝ հնարավո՞ր է առաջիկայում ականատես լինենք 16 կուսակցությունների միասնական թեկնածուի փոփոխության, Մեհրաբյանը պատասխանեց․ «Թեկնածուի փոփոխությունից որևէ էական փոփոխություն լինել չի կարող։ Առաջիկա ընտրական գործընթացն ամեն ինչ կդնի իր տեղը»։

Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանի խոսքով էլ ինքը որևէ կերպ չի նկատել, որ նախկին երկու նախագահների միջև տարաձայնություններ կան, բայց այն, որ Վազգեն Մանուկյանի փոխարեն ընդդիմության այլ թեկնածու պետք է լինի, դա ակնհայտ է․ «Հայաստանյան քաղաքական դաշտում առաջնային խնդիրն այն չէ՝ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի միջև տարաձայնություններ կա՞ն, թե՞ չկան, ու եթե նույնիսկ կան, դրանք երկրորդային, երրորդային խնդիրներ են։ Մեր առաջնային խնդիրն այլ տեղում է։ Դրանից զատ դեկտեմբերյան իրադարձությունները ցույց տվեցին, որ Վազգեն Մանուկյանն ի վիճակի չէ համախմբել ընդդիմադիր դաշտին, ինչպես նաև հասարակությունը նրա նկատմամբ վստահություն չունի»։

Բաղդասարյանի համոզմամբ՝ Հայաստանում ստեղծված քաղաքական քաոսի հիմնական պատճառն այն է, որ իշխանության ղեկին էին պոպուլիստները, իսկ Վազգեն Մանուկյանը ևս պոպուլիստ քաղաքական գործիչ է ու հետևաբար չի կարելի նույն սխալը երկրորդ անգամ թույլ տալ։

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել