ԼուրերԿարևոր

Սփյուռքից եկող հումանիտար օգնության հոսքը դանդաղել է, բայց չի դադարել. Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարի գրասենյակ

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերված պատերազմի առաջին իսկ օրվանից Սփյուռքի բազմաթիվ կառույցներ, անհատ կամավորներ սկսեցին հումանիտար օգնության հավաքագրումն ու հայրենիք ուղարկելու գործընթացը: Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի գրասենյակի մամուլի պատասխանատու Ամալյա Կարապետյանը 365news.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ իրենք հումանիտար օգնությունը տնօրինող մարմին չեն:

«Մենք ուղղորդող և համակարգող դեր ենք տանում: Այսինքն, եթե Սփյուռքում որևէ անհատ կամ որևէ կառույց ցանկանում է օգնություն ուղարկել Հայաստան և նրանք պետք է իմանան կարգը, որպեսզի մաքսազերծում իրականացվի, իմանան կարիքների ցանկը և ուղղորդման կարիք ունեն, մենք կապ ենք հաստատում, ուղղորդում ենք, օդանավակայանում դիմավորում ենք և հանձնում ենք այն պատկան տնօրինող մարմիններին, որոնք իրավասություն ունեն կազմակերպել բաշխման և պահեստավորման գործընթացը»,- ասաց Ամալյա Կարապետյանը:

Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ օգնությունը փոխանցում են Սոցապնախարարությունը, ԱԻՆ-ը, Առողջապահության և Տարածքային կառավարման նախարարությունները: Վերջինս նաև հավելեց, որ այս նախարարությունները տեսակավորում են և ըստ կարիքների՝ բաշխում են օգնությունը:

«Օգնությունը շարունակում է գալ: Սփյուռքում կան կազմակերպություններ, որոնք շարունակում են դրամահավաքներ իրականացնել, առանձին, մասնավոր դրամահավաքներ են իրականացվում և հումանիտար օգնություն են հավաքում: Մեզ շատ են դիմել անհատներ, ովքեր այս ընթացքում իրենց հնարավորությունների սահմաններում փաթեթներ են ուղարկում Հայաստան: Բնականաբար, օգնության հոսքը պատերազմից հետո դանդաղել է, բայց չի դադարել»,- հայտարարեց Ամալյա Կարապետյանը:

Մենք կապ հաստատեցինք Սոցապնախարարության հետ՝ հասկանալու համար, թե քանի շահառուի է օգնություն տրամադրվել, սակայն մեզ պարզաբանեցին, որ ռազմական դրության ողջ ընթացքում օգնության տեսակավորումն ու բաշխումն իրականացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը:

ԱԻՆ մամուլի խոսնակ Աննա Բաղդասարյանը տեղեկացրեց, որ կառավարության որոշմամբ հումանիտար բեռի բաշխումն իրականացվում է երեք գերատեսչությունների կողմից՝ Առողջապահության, Պաշտպանության և Արտակարգ իրավիճակների նախարարությունների կողմից:

«Եթե բեռը գալիս է, Հայաստան է հասնում և այն մարդը, ում անունով բեռը եկել է, հրաժարվում է ի հօգուտ պետության կամ նշել են այնտեղ ԱԻՆ-ը, մենք արդեն տարբերակում ենք բեռները ըստ նշանակության, եթե առողջապահական ոլորտի նյութեր են, դրանք փոխանցում ենք Առողջապահության նախարարությանը, իսկ ռազմական նշանակությանը՝ ՊՆ-ին: Հագուստը և սննդամթերքն արդեն պահեստավորվում է ԱԻՆ-ում:

Կոնկրետ հասցեատերերին, այսինքն՝ ֆիզիկական անձանց, Արցախի ապաստարաններում գտնվող մարդկանց կամ այստեղ գտնվող արցախցիներին տրվում է տեղական ինքնակառավարման մարմինների միջոցով»,- տեղեկացրեց ԱԻՆ մամուլի խոսնակը:

ԱԻ նախարարությունը մարզպետարանի կամ համայնքապետարանի ներկայացրած հայտերի հիման վրա՝ անհրաժեշտ մթերքի, պարագաների, հագուստի և այլնի մասին, տրամադրում է անհրաժեշտ օգնությունը:

«Տվյալ հայտին համապատասխան բեռը տեղափոխում ենք իրենց մոտ: Ընդունման-հանձնման ակտերով նույն բեռը տալիս ենք իրենց և այստեղ արդեն ավարտվում է մեր գործառույթը»,-տեղեկացրեց Աննա Ղազարյանը:

Մեզ հետ զրույցում լրագրող Թագուհի Ասլանյանը, որ պատերազմի առաջին օրվանից Արցախից փախստականներին հումանիտար օգնություն տրամադրելու ուղղությամբ կամավորներից մեկն էր, նշեց, որ պատկան մարմինների կողմից նորմալ օգնություն չի ցուցաբերվել փախստականներին:

Նա նշեց, որ Սոցապնախարարությունը զբաղվել է միայն գրանցված կամ հայտ ներկայացրած փախստականներին կացության վայրի տրամադրմամբ, սակայն իրենց պարտականությունների միայն 10 տոկոսն են կատարել:

«Տները եղել են հոսանքազրկված ու առանց գազի, շատ վատ վիճակում, առանց հարմարությունների: Կամ այժմ, երբ հայտարարում են Արցախից եկած ընտանիքի ամեն անդամի համար 68,000 դրամի և 15,000 դրամ կեցության ծախսի համար նախատեսված միանվագ վճարման մասին, դեռևս ոչ ոք մեզ դիմած արցախցիներից չի ստացել այդ օգնությունը: Ավելին՝ մարդկանց «Հայփոստում» տեղեկացնում են, որ ծրագիրը դեռևս չի գործում ու գումար չեն կարող ստանալ:

Խնդիրներ կան նաև էլեկտրոնային գրանցման համակարգում: Երեխաների տվյալների լրացումից հետո երեխաներին որպես շահառու համակարգը չի ընդունում: Այդ տրամադրվող օգնությունն էլ պետական մարմինների կողմից ուղեկցվում է այնպիսի արհեստական քաշքշոցով, որ մարդիկ ուղղակի հրաժարվում են այդ օգնությունից»,- նկատեց լրագրողը:

Թագուհի Ասլանյանը նաև նշեց, որ մինչ օրս պետությունից օգնություն կարողացել են ստանալ տարբեր մարզերում ու համայնքներում ապաստանած արցախցիները, որը եղել է մեկ արկղ սննդամթերք՝ այն էլ շատ տեղերում միանվագ է տրամադրվել այդ օգնությունը:

«Փախստականների հաշվառում չի կատարվել, հայտեր չեն լրացվել, մարդկանց չեն հարցրել, թե ինչի կարիք ունեն: Մինչ օրս հայերն ինքնակազմակերպվելով ու մի շարք միջազգային կազմակերպությունների շնորհիվ կարողացել են օգնել բազմաթիվ փախստականների ու նրանց ապահովել անհրաժեշտ պարագաներով: Եթե չլինեին դրսից օգնություն ուղարկողները, ապա շատերը նույնիսկ դրսում հայտնվելու վտանգի առաջ կկանգնեին: Պետական մարմինների կողմից տեսել ենք 0 տոկոս օգնություն Արցախի փախստականներին:

Հարց է առաջանում, թե ինչպե՞ս է բաշխվում այն հսկայական հումանիտար օգնությունն ու փախստականների համար ուղարկվող գումարները, որոնք Սփյուռքը տրամադրում է Հայաստանին»,- եզրափակեց Թագուհի Ասլանյանը:

Հայկա Ալոյան

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել