
Ռուսաստանյան նավթընկերություններն Իրաքում շուրջ 13 մլրդ դոլար են ներդրել:
Այդ մասին հայտնել է ՌԴ ԱԳ նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Ինչ վերաբերում է էներգետիկային, ապա Ռուսաստանի խոշորագույն ընկերություններն Իրաքում աշխատում են իրենց գործընկերների հետ միասին: Դա և՛ ԼՈւԿՕՅԼ-ն է, և՛ «Ռոսնեֆտ»-ը, և՛ «Գազպրոմ նեֆտ»-ը, և՛ «Բիշնեֆտ»-ը:
Չորսը միասին ավելի քան 13 մլրդ դոլար են ներդրել Իրաքի տնտեսության մեջ»,- ասել է Լավրովը՝ հանդես գալով նոյեմբերի 25-ին Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում՝ ամփոփելով Իրաքի իր պաշտոնակից Ֆուադ Հուսեյնի հետ բանակցությունների արդյունքները: Նախարարի խոսքով՝ «և՛ մեր, և՛ իրաքցի գործարարների միջև առկա են այդ համագործակցությունը շարունակելու պլաններ»:
Նա նաև հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է բավարարել ռազմատեխնիկական ոլորտում Բաղդադի բոլոր պահանջները: Լավրովի խոսքով՝ «մեր երկիրն ավանդաբար խաղացել և շարունակում է շատ կարևոր, նշանակալի դեղ խաղալ Իրաքի պաշտպանունակության, բանակի զինման և անվտանգության ուժերի ապահովման գործում, այդ թվում՝ ահաբեկչական սպառնալիքների համատեքստում»:
Լավրովը նշել է, որ տեսանելի ապագայում պլանավորվում է Իրաքի պաշտպանության նախարարի այցը ՌԴ:
«Վստահ եմ, որ այնտեղ այդ հարցերն առավելագույն չափով կոնկրետ և առարկայորեն կքննարկվեն»,- ասել է Ռուսաստանի ԱԳ նախարարը:
Իր կողմից Հուսեյնը հայտարարել է ՕՊԷՔ+ի շրջանակներում Իրաքի և Ռուսաստանի լավ համակարգման մասին: «Մեր երկրների միջև լավ դրական համակարգում է իրականացվում, ինչը միայն մեծացնում է այդ ձևաչափի արդյունավետությունը»,- ընդգծել է Իրաքի ԱԳ նախարարը, հավելել է «Ինտերֆաքս»-ը: