1ԳլխավորԼուրերՀարցազրույցՏնտեսություն

Այս տարի Հայաստանից դուրս է բերվել 70 մլն դոլարի չափով գումար. տնտեսագետ

365news.am-ի զրուցակիցն է տնտեսագետ Սուրեն Պարսյանը

– Դոլարի փոխարժեքի բարձրացումն ինչո՞վ է պայմանավորված:

– Կանխատեսելի էր, որ տարեվերջին մենք ունենալու ենք դոլարի փոխարժեքի կտրուկ աճ, ինչը պայմանավորված էր մի շարք գործոններով: Առաջին գործոնն այն էր, որ այս տարի կորոնավիրուսով պայմանավորված ֆինանսատնտեսական ճգնաժամի արդյունքում մենք ունենք ՀՆԱ-ի անկում:

Այսինքն՝ մեր երկրում արտադրված ապրանքների ծառայություններն ավելի քիչ են արտադրվել, ինչի արդյունքում մեր տնտեսություն ավելի քիչ գումար է մտել, արտահանումն է նվազել, առևտուրն է նվազել, ծառայության ոլորտի շրջանառությունն է նվազել: Սա իր ազդեցությունն է թողում արտարժույթի շուկայի վրա:

Երկրորդ գործոնը տրանսֆերտներն են: Այս տարի կրճատվել են Հայաստան փոխանցվող տրանսֆերտները:

Մանսավորապես, միջին հաշվարկով, մոտ 20 տոկոսով կրճատվել են տրանսֆերտները, որոնք Հայաստանի տնտեսության համար կենսական նշանակություն ունեն՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մարդիկ Հայաստանում իրենց աշխատավարձով կամ իրենց եկամուտներով հաճախ չեն կարողանում նվազագույն կարիքները հոգալ և դրսից ամենամսյա օգնություններ են ստանում իրենց ազգականների կողմից, որ կարողանան ծերը ծերին հասցնել իրենց սոցիալական վիճակը:

Երրորդը ներդրումներն էին: Այս տարվա 9 ամիսների հաշվարկով դարձյալ ունենք ներդրումների կտրուկ նվազում՝ ավելի շատ Հայաստանից ներդրումները գնացել են, քան եկել են: Մոտավորապես 70 միլիոն դոլարի չափով ավելի շատ գումար է Հայաստանից հոսել, քան եկել է:

Սա կանխատեսելի էր՝ պայմանավորված դարձյալ ճգնաժամով: Սովորաբար ֆինանսատնտեսական ճգնաժամերի ժամանակ զարգացող երկրների կապիտալի արտահոսք է նկատվում դեպի զարգացած երկրներ, այսինքն՝ այն տնտեսվարողները ու ներդրողները, որոնք Հայաստանում գործում էին, փորձում են իրենց կապիտալը հանել Հայաստանից ու տանել դեպի քիչ ռիսկային, խաղաղ երկրներ կամ ակտիվներ՝ փրկելով իրենց կապիտալը:

Եվ չորրորդ գործոնը միանշանակ պատերազմի ռազմական գործողություններն էին, որոնց ժամանակ Հայաստանը ռազմական և ոչ ռազմական նշանակության մեծածավալ ապրանքներ է ձեռք բերել, որոնց համար վճարել է կամ վճարելու է դոլարով: Այսինքն՝ դա ևս դոլարի նկատմամբ պահանջարկ էր ստեղծում մեր ներքին շուկայում:

Կառավարությունը պետք է դոլար առնի, որ վճարումներ իրականացնի: Սրանք են այն հիմնական գործոնները, որոնք ազդեցին դոլար-դրամ փոխարժեքի վրա:

– Արդյոք դոլարի փոխարժեքի վրա կարո՞ղ էր ազդեցություն ունենալ նաև պետության եկամուտների գրանցած փոփոխությունը:

– Այս տարվա 9 ամիսների հաշվարկով շուրջ 7 տոկոսով նվազել են պետության եկամուտները՝ նախորդ տարվա համեմատ: Պետությունն ավելի քիչ հարկեր է հավաքել, քան անցած տարի, բնականաբար, սա իր հերթին լուրջ խնդիրներ է ստեղծում տնտեսության համար:

– Շարքային քաղաքացու համար ի՞նչ հետևանքներ կարող են ունենալ տնտեսական այս զարգացումները:

– Դրամի արժեզրկումը կանխատեսելի էր՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ տարածաշրջանի երկրների՝ Թուրքիայի, Վրաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Իրանի ազգային արժույթներն արդեն իսկ արժեզրկվել էին, մեր ապրանքները դարձել էին Ռուսաստանում ու Վրաստանում ավելի թանկ, քանի որ դրամը կայուն էր մնացել, իսկ իրենց արժույթներն արժեզրկվել էին: Մենք պետք է պատրաստեինք մեր պետությանը և բնակչությանն այս արժեզրկմանը և դրան համապատասխան քայլեր պետք է նախատեսեինք պետական բյուջեով:

Մասնավորապես՝ մեղմեինք գնաճային ճնշումները սոցիալապես խոցելի խմբերի համար: Ցավոք, 2021 թվականի տնտեսական բյուջեի մեջ չկա որևէ քայլ, որը թույլ կտա մեղմել գնաճը՝ մասնավորապես աշխատավարձերի, կենսաթոշակների բարձրացում նախատեսված չէր 2021 պետական թվականի բյուջեում: Հետևաբար ստացվում է մի իրավիճակ, որ մարդկանց եկամուտները կմնան նույնը, սակայն ապրանքների գները կբարձրանան: Անշուշտ, սա կհանգեցնի հանրության աղքատացման կամ սոցիալական խնդիրների սրման:

Եվ անկախ նրանից, թե ով կլինի իշխանության, այդ խնդիրները պետք է լուծի տվյալ պահի իշխանությունը և փորձի նոր սոցիալ-տնտեսական քաղաքականությամբ ու նոր տնտեսական փուլով հաղթահարի այս բոլոր դժվարությունները:

– Խոսակցություններ են գնում, որ հատկապես պատերազմից հետո դեֆոլտն անխուսափելի է Հայաստանի համար: Հիմնավորված համարո՞ւմ եք այդ խոսակցությունները:

– Դեֆոլտն առաջանում է այն դեպքում, երբ որ կառավարությունը չի կարողանում վճարել իր պարտավորությունների համար: Այս պահին մենք նման դեֆոլտի վտանգ չունենք, սակայն ունենք լուրջ բյուջետային ծախսերի ապահովման խնդիր, այլ կերպ ասած, մենք պետք է մտածենք՝ որտեղի՞ց ենք գտնելու փոխառություններ, վարկեր, որոնք թույլ կտան ֆինանսավորել մեր տնտեսությունը, ֆինանսավորել նաև Արցախի վերականգնման ծախսերը:

Մենք չենք կարող հին բյուջեով կամ իներցիոն բյուջեով հաղթահարել այս նոր մարտահրավերները: Մենք նաև խնդիր ունենք ռազմական առումով, քանի որ ավելացել է կամ ավելանալու է Հայաստանի սահմանը շուրջ 410 կիլոմետրով: Պետք է ենթակառուցվածքներ ստեղծվեն 410 կմ ամբողջ երկայնքով և դրա համար, բնականաբար, ռազմական ծախսերը պետք է ավելանան:

Արդյո՞ք 2021 թվականի բյուջեն հնարավորություն տալիս է այդպիսի ծախսեր իրականացնել, միանշանակ՝ ոչ, այդ բյուջեն իներցիոն էր՝ հաշվի չէր առնվել այս իրավիճակը: Ես կարծում եմ՝ մենք 2021 թվականի ընթացքում որոշակի վերանայումներ պետք է անենք բոլոր ուղղություններով՝ և՛ ռազմական ծախսերի ուղղությամբ, և՛ սոցիալական ծախսերի ուղղությամբ, և այլն: Եվ ամենակարևորը մենք նաև պետական բյուջեի ներքին վերաբաշխում պիտի անենք:

Ոչ նպատակային կամ այս պահին ոչ անհրաժեշտ ծախսերը պետք է կրճատենք կամ հրաժարվենք դրանցից: Օրինակ՝ նույն պարտադիր կուտակայինի վճարները, որոնք տարեկան կազմում են 70 միլիարդ դրամ կամ 140 միլիոն դոլար՝ այնքան, որքան համահայկական հիմնադրամն էր հավաքագրել: Այդ գումարները փոխանցվում են մասնավոր ֆոնդերին, երբ որ այդ գումարի կարիքը հենց պետությունն ունի:

Պետք է լավագույնս սառեցնեն ավելորդ ծախսերը՝ հետագայում մտածելով դրանք վերացնելու կամ կրճատելու ուղղությամբ: Մենք չենք կարող մեզ թույլ տալ շռայլություններ, ծայրահեղ լիբերալ մոտեցումներ և մեր գումարը փոխանցենք տարբեր մասնավոր ընկերություններին, երբ որ մեր պետությունն այդ գումարի կարիքն ունի: Պետության առջև հիմա մեծ խնդիրներ կան դրված, և պետությունը պետք է դառնա այն հիմնական ներդնողը, լոկոմոտիվը, որը կտանի իր հետևից նաև մասնավոր հատվածին: Եթե մասնավորը տեսնի, որ պետությունը խոշոր ծրագրեր և ներդրումներ չի իրականացնում, ինքը ևս կխուսափի ներդրումներ կատարելուց:

Զրուցեց Հայկա Ալոյանը

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close