1ԱրտաքինԳլխավորԼուրերՀարցազրույցՔաղաքականություն

Դետալների հետ կապված կարող են ծագել լուրջ տարաձայնություններ և դրանց դեմն առնելու համար ռուսական կողմը զգուշացնում է թուրքական կողմին. Սարո Սարոյան

365news.am-ի զրուցակիցն է քաղաքագետ Սարո Սարոյանը:

-Ռուսական կողմը Հայաստան է ժամանել բավականին ազդեցիկ կազմով: Ինչո՞վ է պայմանավորված այդ նախարարների ներկայությունը:

-Պաշտպանության նախարար Շոյգույի՝ հանդիպման ժամանակ խոսքը վկայեց, որ իրենք մեծ ծրագրով են եկել և այդ մեծ ծրագիրը ենթադրում է նաև երկու երկրների համապատասխան գերատեսչությունների միջև համագործակցության լայն ծրագիր՝ դրանով է պայմանավորված:

-Այդ համագործակցությունը հումանիտա՞ր բնույթի է լինելու, թե՞ էլ ավելի համակարգային փոփոխությունների մասին է խոսքը:

-Ակնհայտ է, որ այդ ծրագիր ասվածը տարբեր բաղադրիչներ ունի: Ես տեսնում եմ, որ ռուսական կողմից իսկապես կա մշակված ճանապարհային քարտեզ: Թե դա իրենից ինչ է ներկայացնում, այդ հարցերի պատասխանը պիտի տա ԱԳՆ-ն:

-Ռուսական կողմից հնչեցին մի շարք հետաքրքիր հայտարարություններ՝ մասնավորապես այն, որ փորձ է արվում ձեռքբերված պայմանավորվածությունները խախտելու, իսկ դրա այլընտրանքը պատերազմն է: Ո՞ւմ ի նկատի ունի ռուսական կողմը՝ հայկական ընդդիմադիր ուժերի՞ն, թե՞ թուրք-ադրբեջանական տանդեմը:

-Իհարկե, դա կարող է վերաբերել նաև հայկական կողմի որոշակի շրջանակներին. նկատի ունեմ մեր հանրության որոշակի շրջանակներին՝ քաղաքական, ռազմաքաղաքական: Դա զգուշացում կարող է լինել, որ ռուսական կողմը երբեք չի ողջունելու և խստորեն պահպանելու է ձեռքբերված պայմանավորվածությունը, և կարիք չկա դիմելու այնպիսի քայլերի, որոնք պայմանավորվածությունից դուրս են: Իհարկե, մեծամասամբ սա վերաբերում է նաև թուրքական կողմին, և այստեղ կա որոշակի մտավախություն, որ առաջիկայում առանձին դետալների հետ կապված կարող են ծագել լուրջ տարաձայնություններ և այդ տարաձայնությունների դեմն առնելու համար ռուսական կողմը զգուշացնում է թուրքական կողմին:

-Մարիա Զախարովան իր էջում կիսվել է Լավրովի և Փաշինյանի լուսանկարով ու վերնագրել այն «դրամատուրգիա»: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս վերնագիրը, ո՞րն է բացատրությունը:

-Խնդիրն այն է, որ Մարիա Զախարովան անցյալում էլ ցույց է տվել իր վերաբերմունքը Հայաստանի վարչապետի նկատմամբ և ինքը շարունակում է քաղաքական գիծը՝ լայն հանրությանը՝ ռուսական, հայ ու միջազգային հանրությանը ներկայացնել: Ակնհայտ է, որ այդ քաղաքական գիծը որոշակի նպատակադրումներ է ունեցել: Սա նաև ռուսական պետական որոշակի քաղաքականության վկայությունն է. մի կողմից խնդիր կա ցույց տալու ռուսական անբերահաճությունը Հայաստանի ներկայիս վարչակազմի նկատմամբ, մյուս կողմից էլ՝ Ռուսաստանի նախագահ Պուտինի և այլոց բարիդրացիական խոսքերի վկայությունը Նիկոլ Փաշինյանի հանդեպ այս հակադրության, հակասության վրա քաղաքականություն կառուցելն է: Մենք տեսնում ենք, որ Մարիա Զախարովան շարունակում է իր կողմից նախկինում քաղաքական որդեգրած գծի շարունակությունը: Այսինքն՝ իրենք շարունակում են ցույց տալ, որ կարիք կա անընդհատ որոշակի կապանքների մեջ պահել Հայաստանի վարչակազմի ղեկավարին, անընդհատ ռուս հանրության մոտ գեներացնել ինչ-որ տրամադրություններ, որոնք իրենց հնարավորություն կտանք իրական քաղաքականություն իրացնել Հայաստանի հետ հարաբերություններում:

Հայկա Ալոյան

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել