ԼուրերԿարևորՀարցազրույցՏնտեսություն

Առկա տնտեսական կուրսով հնարավոր չէ իրավիճակ շտկել․ տնտեսագետ

365news.am-ի զրուցակիցը տնտեսագետ Սուրեն Պարսյանն է

Պարոն Պարսյան, այսօր ՀՀ վարչապետը ներկայացրել է անելիքների ճանապարհային քարտեզ, որի իրականացման հիմքում ընկած է նաև տնտեսական գործոնը։ Արդյո՞ք մեր տնտեսությունն այս պահին ի վիճակի է նման ծանր բեռի։

– Ակնհայտ է, որ այս տարի մեր ֆինանսատնտեսական ճգնաժամը դեռ չի ավարտվել ու մինչև տարվա վերջ ավելի է խորանալու։ Այն բոլոր կանխատեսումներին ու նախազգուշացումներին, ըստ որոնց՝ այս տարի մենք ունենալու ենք լուրջ ֆինանսատնտեսական խնդիրներ, անկախ նրանից՝ պատերազմ կլիներ, թե չէր լինի, կառավարության կողմից պատշաճ ուշադրության չարժանացան ու կանխարգելիչ քայլեր չարեցին։

Ավելին՝ նրանք փորձեցին թաքցնել իրական ֆինանսատնտեսական ճգնաժամն ու դրա վառ ապացույցը սեպտեմբեր ամսին կառավարության այն հայտարարությունն էր, որ ֆինանսատնտեսական ճգնաժամը նահանջ է ապրել 0,4 տոկոսի չափով, սակայն իրականությունն այլ էր։ Մենք այս տարվա ընթացքում, ըստ էության, փոշիացրել ենք մեծ գումարներ՝ միայն 320 մլն դոլար փոշիացրեցինք կորոնավիրուսի հետևանքների վերացման ծրագրերի շրջանականերում, մոտ 15 մլրդ դրամ փոշիացրեցինք տարբեր պարգևավճարների շրջանակներում։

Այս գումարների խիստ կարիքը հիմա կա և հաջորդ ամիսների ընթացքում էլի ավելի է լինելու։ Ակնհայտ է նաև, որ այս պատերազմի հետևանքներով պայմանավորված՝ մենք ունենալու ենք բավականին լուրջ ծախսային բեռ, որն առաջին հերթին արտահայտվելու է մահացած զինվորականներին և զինհաշմանդամներին տրվող ապահովագրական վճարների ձևով։ Տարբեր հաշվարկներով տարեկան ապահովագրական վճարները կարող են հասնել 3-4 մլրդ դրամի։

Չեմ կարծում՝ սա շատ մեծ բեռ է պետության համար, քանի որ ավելի մեծ բեռը լինելու է զոհվածների ընտանիքների, զինհաշմանդամների և նրանց ընտանիքներին զբաղվածությամբ ապահովելը։ Այս ամենից զատ հիմա պետք է հնարավորինս շուտ տնտեսական գործընթացը բերել բնականոն հունի, քանի որ պատերազմի ընթացքում, ինչպես նաև դրանից հետո նկատվում է բավականին մեծ ծավալներով կապիտալի հոսք։ Դա էլ իր հերթին է իր ազդեցությունը թողնում աշխատատեղերի, դրամի կուրսի, երկրի ներդրումային գրավչության վրա։

Ըստ Ձեզ՝ վարչապետի առաջարկած ճանապարհային քարտեզի կետերը հնարավո՞ր են իրականություն դարձնել 6-ամսյա ժամկետում, թե՝ ոչ։

– Իհարկե հնարավոր չէ։ Հնարավոր չէ այդ ծրագրերն իրականացնել 6-ամսյա ժամկետում, քանի որ երկրում ճգնաժամը դեռևս մի քանի ամիս շարունակվելու է, իսկ ճգնաժամի հետևանքների վերացումը կարող է տևել մի քանի ամիս։ Հետևաբար մենք 6 ամսով հակաճգնաժամային փաթեթ չենք կարող մշակել։ Մենք կարող ենք միայն խոսել այս գործընթացը դադարեցնելու կամ գոնե 6 ամիս հետո ճգնաժամի ալիքը կանգնեցնելու մասին, բայց հետևանքների վերացման մասին չենք կարող ասել։

Պետք է նկատի ունենալ, որ այս կառավարությունը չունի ո՛չ համապատասխան ֆինանսատնտեսական ծրագիր, ո՛չ էլ ճգնաժամը կառավարող տնտեսական թիմ ու այս հիմքերով էլ վարչապետի կողմից առաջարկված ծրագիրը լուրջ կասկածի տակ է դրվում։ Երբ խոսում ենք կոնկրետ ժամկետների մասին, ապա դրա տակ պետք է դնենք համապատասխան թվեր, մարդիկ, ինչպես նաև վստահություն թե՛ հանրային սեկտրում, թե՛ միջազգային սեկտրում։ Ճգնաժամից դուրս գալու համար մեզ անհրաժեշտ են գումարներ, դրանք կլինեն նվիրատվությունների, փոխառությունների, վարկերի տեսքով, ու այս համատեքստում պետք է հասկանանք՝ արդյո՞ք Հայաստանն ու գործող իշխանություններն ունեն այդ գումարների ձեռքբերման համար անհրաժեշտ վստահությունը միջազգային գործընկերների շրջանակներում։

Այս պահին այս ամենին ուղղված բանակցություններ ես չեմ տեսնում, չեմ տեսնում նաև գործող թիմի մոտ բանակցություններ սկսելու հնարավորություններ։ Վերջին մեկ տարվա ընթացքում նրանց հաջողվեց տարբեր աղբյուրներից ներգրավվել ընդամենը 400 մլն դոլարի լրացուցիչ վարկ, իսկ մեզ այս պահին շատ ավելի մեծ գումարներ են անհրաժեշտ։ Բացի միջազգային սեկտորի հետ աշխատելուց, կարևոր է նաև ներքին աղբյուրների բացահայտումը, այսինքն՝ գործող իշխանությունը պետք է գիտակցի, որ մենք պետության ներսում ունենք գումարներ, որոնք ևս պետք է բերել պետական բյուջե և բերելու լավագույն մեխանիզմը պրոգրեսիվ հարկումն է։

Պետք է շատ արագ փոխենք հարկային քաղաքականությունը, որպեսզի հունվարի 1-ից անցնենք պրոգրեսիվ հարկման, որն արդեն մեզ թույլ կտա շատից շատ, քչից քիչ սկուզբունքով մեծ գումարներ հավաքագրել պետական բյուջե։ Միայն այս տարի, խոշոր կազմակերպությունների տերերին, հարուստներին զիջել ենք 60-70 մլն դոլար՝ համահարթեցման միջոցով։

– Փաստացի ճգնաժամային իրավիճակներում որևէ ծրագիր իրականացնելու համար պետք ներդրվի հակաճգնաժամային գործիքակազմ։ Գործող իշխանությունը նման գործիքակազմ ունի՞։

– Ոչ, չունի։ Մեզ պետք է առկա իրավիճակը շտկել, բայց այն տնտեսական կուրսով, որով գործող իշխանությունները շարունակում են, հնարավոր չէ իրավիճակ շտկել։ Այն ծրագիրը, որը հիմա գրվել էր, կարելի էր գրել նաև խաղաղ ժամանակ, այսինքն՝ ներկայացված ծրագրում հակաճգնաժամային որևէ գործիքակազմ, մեխանիզմներ, թիմ չկա։ Դրանք ուղղակի կետեր են, որոնք կարող են օգտագործել և՛ ճգնաժամից առաջ, և՛ ճգնաժամի ընթացքում, և՛ ճգնաժամից հետո։

Մեր իշխանությունները չեն կարևորում ֆինանսատնտեսական խնդիրները։ Այս իշխանության տնտեսական թիմը ծահրահեղ լիբերալ է և կարծում է՝ շուկան ամեն ինչ կորոշի, իսկ իրենք կվայելեն իրենց պաշտոններն ու աշխատավարձերը։ Այս իրավիճակում նրանք չեն ստանձնում պատասխանատվություն՝ պետական, տնտեսական խնդիրներ լուծելու համար։ Այս վերջին շրջանում նրանք փորձել են հնարավորինս խուսափել պատասխանատվությունից՝ ամեն ինչ տալով մասնավորին։

Օրինակ՝ կորոնավիրուսի հետևանքների վերացմանն ուղղված ծրագրային փաթեթներն իրականացվեցին բանկերի միջոցով․ բանկերին տալ գումարը, բանկերը ռիսկերը կգնահատեն, բանկերը գումարները կտան քաղաքացիներին և այլն, իսկ կառավարությունն ու տնտեսական թիմը ոչնչով չզբաղվի։ Այս գործելաոճը շարունակվում է նաև հիմա և կշարունակվի, եթե այս տնտեսական թիմը մնա։

 Զրուցեց Մելինե Պետրոսյանը

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close