ԼուրերԿարևորՀարցազրույց

Այն ուժերը, որոնք մասնակցել են ԱԺ ընտրություններին, անկախ իրենց հավաքած տոկոսներից, իրավունք ունեն իրականացնելու քաղաքական քննարկումներ․ Անի Սամսոնյան

365news.am-ի զրուցակիցն է ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Անի Սամսոնյանը

– «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները դիմել են ՀՀ վարչապետին, որպեսզի Անվտանգության խորհրդի նիստ հրավիրվի։ Ինչո՞ւ եք ուզում, որ նման նիստ հրավիրվի։

– Սա արդեն երկրորդ հրապարակային պահանջն է վարչապետին, քանի որ մեկ անգամ արել էինք։ Անհրաժեշտություն կար խոսելու, նիստը չի հրավիրվել, տեղի չի ունեցել։ Հիմա քանի որ գործողություններն ու իրադարձությունները զարգանում են րոպե առ րոպե, կան որոշակի հարցեր թե՛ դիվանագիտական առումով, և թե՛ ռազմական գործողությունների վերաբերյալ, որոնք պարզաբանման շտապ կարիք ունեն։ Դրանք հարցեր են, որոնք պետք է բարձրացվեն փակ քննարկմամբ և պիտի տրվեն պատասխաններ հենց վարչապետից։

– Այդ հարցերի մեջ մտնո՞ւմ է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գրառումն այն մասին, որ Շուշիից ռմբակոծում են Ստեփանակերտը։

– Այդ հարցերի մեջ մտնում է առհասարակ այն ամենը, որ հայտարարությունները, որոնք հնչում են բարձրաստիճան պաշտոնյաների կողմից, հատկապես՝ իրավիճակի պատասխանատուների, երբեմն մենք տեսնում ենք, որ դրանց միջև կան հակասություններ։ Եվ եթե իշխանությունը հանրությունից և ընդդիմությունից պահանջում է միասնականություն ու հնարավորինս գործողությունների ու հայտարարությունների ողջամտություն, որը չի վնասի ռազմաճակատին, մենք ևս իրավունք ունենք պահանջելու այդ պատասխանատուներից, որպեսզի այդ պատասխանատուներն իրենց հայտարարությունները համաձայնեցնեն և իրենց հայտարարությունները խմբագրեն այնպես, որ մարդկանց մոտ խուճապ ու անորոշություն չառաջացնեն։ Որովհետև եթե մենք ստանում ենք այլ ազդանշաններ Հայաստանից ու այլ ազդանշաններ Արցախից, կարծում եմ՝ դրանք ոչ այնքան կբարելավեն կամ կփարատեն հանրության մտահոգությունները, այլև ավելի կսրեն։

Հավանաբար տեղյակ եք, որ օրերս հավաքվել են նաև արտախորհրդարանական քաղաքական ուժերը և իշխանություններից պահանջել են ձևավորել ռազմական մարմին։ Ըստ լրատվամիջոցների՝ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն առաջարկում է Ռոբերտ Քոչարյանին նշանակել այդ խորհրդի ղեկավար։ Ռազմական դրության պայմաններում ի՞նչ գնահատական կարելի է տալ այդ պահանջին։

– Նախ ասեմ, որ բնական է և նորմալ եմ համարում, որ քաղաքական ուժերը կարող են ունենալ խորհրդակցություններ, որովհետև միևնույն ժամանակ երբ մենք չենք խոսում և չենք բարձրաձայնում հարցեր, որոնք իրենց բովանդակությամբ կարող են խանգարել ռազմաճակատին, բայց դա չի նշանակում, որ քննարկումներ առհասարակ չպետք է լինեն։

Քաղաքական այն ուժերը, որոնք, այո, 2018 թվականին մասնակցել են խորհրդարանի ընտրություններին, ներկայացնում են ժողովրդի ինչ-որ հատված ու կապ չունի, թե յուրաքանչյուրը ժողովրդի քանի տոկոսն է ներկայացնում, նրանք իրավունք ունեն իրականացնելու քննարկումներ։ Ինչ վերաբերում է այդ առաջարկին, մենք արդեն ասել ենք մեր կարծիքն այդ մասին՝ պատերազմի ժամանակ սրվում է ուղղահայաց կառավարման անհրաժեշտությունը, և ոչ թե հորիզոնական։ Որովհետև հակառակ դեպքում գործողությունների անհամաձայնությունը կամ որոշումների կայացման անհամաձայնությունը կարող են խիստ վնասել ամբողջ ռազմաճակատին։

Չեք կարծո՞ւմ, որ որոշ ուժերի մտքով նույնիսկ ռազմական հեղաշրջման մասին միտք է անցնում։

– Տարբեր հայտարարություններ մարդկանց կողմից կարող են ընկալվել տարբեր կերպ։ Հիմա եթե կան ուժեր, որոնք խորը մտահոգություններ ունեն և կարծում են, որ քաղաքական որոշումների կայացման բովանդակությունը չի համապատասխանում բուն իրավիճակին, իրենք կարող են ինչ-որ առաջարկներ ներկայացնել, բայց այս քննարկումներում փորձ անել գտնել դավաճանություն կամ ռազմական հեղաշրջում, յուրաքանչյուրը կարող է իր կարծիքն ունենալ։

Սակայն կա տպավորություն, որ հիմա Արցախում մի վիճակ է, որը միայն իրենք կարող են լուծել։

– Բնական է, որ մենք այստեղ բոլորս սպասում ենք ռազմաճակատում հաջողություններ գրանցելուն ու մեր բոլորի հայացքն ուղղված է ռազմաճակատին ու զինվորականությանը, մեր բանակին։ Միևնույն ժամանակ բանակը կռվելու հետ զուգահեռ իր հայացքն ուղղել է այստեղ՝ քաղաքական ղեկավարությանը, որպեսզի իմանա, թե ինչ քայլեր են կատարվում, որպեսզի պատերազմի լարվածությունը թուլանա կամ պատերազմը կանգ առնի։ Կարծում եմ, որ սա շատ բնական է։

Ինչպե՞ս է լինում, որ լուրեր ենք ստանում, որ այստեղ անհաջողություն է, այնտեղ անհաջողություն է, մարդիկ խորը հիասթափվում են, հետո ոգևորվում են․․․ Ի դեպ, ասեմ, որ այստեղ իշխանության մեղքն էլ կա, որովհետև հենց պատերազմի սկզբից ցանկացած լուր տրվում էր մեծ ոգևորությամբ, առաջացնում էր մեծ էյֆորիա, հետո երբ հասկացանք, որ այս պատերազմն ավելի տևական է լինելու և վիճակը շատ ավելի լուրջ է, քան հայտարարությունները, որոնք մենք անում ենք, վիճակը փոխվեց նաև մարդկանց համար։

Այսինքն՝ ոգևորությունից հիասթափություն մեկ քայլ է, եթե դու դրանք մեծ չափաբաժիններով ես տալիս։ Ուստի՝ կարծում եմ, որ մենք պիտի զերծ մնանք, թե՛ դիվանագիտական ճակատում տարվող աշխատանքի վերաբերյալ մեծ ոգևորությամբ խոսելուց, և թե՛ ռազմաճակատում։ Այստեղ պետք է համբերություն, ուժերի համախմբում և, ամենակարևորը, կազմակերպվածություն։

Զրուցեց Մհեր Արշակյանը

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close