ԼուրերԿարևորՀարցազրույցՏնտեսություն

Ադրբեջանական կամ հայկական կողմը չի կարող երաշխավորել պատերազմական գործողությունների կիզակետում գտնվող նավթամուղերի անվտանգությունը՝ դրանք կարող են պատահաբար էլ վնասվել․ Սուրեն Պարսյան

365news.am-ը զրուցել է տնտեսագետ Սուրեն Պարսյանի հետ

– Այդպիսի կարծիք կա, որ պատերազմները բացասական ազդեցություն են ունենում նավթի գնի վրա։ Ադրբեջանի տնտեսությունը հիմնված է նավթի վրա։ Պատերազմն Արցախում ազդեցություն ունեցե՞լ է նավթային շուկայի վրա։

– Այնքան էլ այդպես չէ, որ նավթ ունեցողներին ձեռնտու չէ պատերազմը։ Օրինակ՝ առանձին երկրներում 1990-ականներին, երբ որ սկսվեց առաջին իրաքյան պատերազմը, նավթի գինը կտրուկ բարձրացավ, որովհետև նավթ արդյունահանող երկրները՝ այս դեպքում Քուվեյթը, կրճատել էին նավթի արդյունահանման ծավալը, այսինքն՝ շուկայում առաջարկը կրճատվել էր ու որպես արդյունք՝ գինը բարձրացավ։

Այս պահին նավթի շուկայի վրա Արցախի պատերազմը մեծ ազդեցություն չի կարող թողնել՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանն օրական 300-350 հազար բարել նավթ է արդյունահանում և վաճառում, իսկ դա համաշխարհային շուկայի 90 մլն բարելի մոտ 0․3 տոկոսն է կազմում, շատ փոքր ծավալի մասին է խոսքը։

Այսինքն՝ նավթի համաշխարհային գնի վրա չի կարող ազդեցություն թողնել, բայց կարող է ազդել ադրբեջանական նավթի գնի վրա։

– Ինչպե՞ս է պատերազմն Արցախում ազդել ադրբեջանական նավթի գնի վրա։

– Ադրբեջանական նավթի՝ «Ազերի լայթի» գինը այս ընթացքում կտրուկ անկումներ գրանցեց և նաև որոշակի աճեր։ Այնուամենայնիվ, զգացվում է, որ ադրբեջանական նավթի գնորդները հասկանում են, որ իրենց գնումն ունի բավականին բարձր ռիսկայնություն։ Դրա մատակարարումները կարող են խափանվել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նավթի արտահանման ենթակառուցվածքները գտնվում են պատերազմական գործողությունների թատերաբեմում, և ոչ ոք չի կարող երաշխավորել այդ նավթատարերի, գազատարերի անվտանգությունը։

Հիմնական ադրբեջանական նավթ գնող երկրները՝ Իսրայելն ու Իտալիան, պետք է այս իրավիճակում գտնեն նավթ ներկրող այլընտրանքային երկրներ կամ կազմակերպություններ, որոնք կարող են փոխարինել ադրբեջանական նավթին։ Ադրբեջանական տնտեսությունն ամբողջովին նստած է նավթի ասեղի վրա և նավթի գնի բարձրացումն ու իջեցումն էական ազդեցություն են թողնում ադրբեջանական շուկայի վրա։ Մենք մեր գործողություններով հնարավորինս պետք է խափանենք կամ խանգարենք Ադրբեջանի եկամտի աղբյուրները, որոնք այս պահին դարձյալ աշխատում են։

– Որքա՞ն է կազմում Ադրբեջանի նավթի ամենօրյա վաճառքից գոյացած շահույթը։

– Օրական Ադրբեջանը 12-ից մինչև 15 միլիոն դոլարի նավթ է վաճառում, բնականաբար, դա բավականին մեծ գումար է իր ռազմական կորուստները կամ տնտեսական կորուստները վերականգնելու համար։ Այս պատերազմում մեծ վնաս է պետք հասցնել ոչ միայն զինտեխնիկային, զորքերին, ռազմական օբյեկտներին, այլ նաև տնտեսական ենթակառուցվածքներին, որոնք ավելի մեծ զգայունակություն կցուցաբերեն։ Բաքվում նստած մարդը չի պատկերացնում, թե ինչ է կատարվում արցախամերձ բնակավայրերում, որտեղից հարյուր հազարավոր ադրբեջանցիներ ուղղակի դուրս են եկել, թողել են իրենց տները։

Նրանք լուրջ սոցիալական խնդիրներ ունեն, բայց երբ Բաքվի մարդիկ կամ կազմակերպությունները հասկանան, որ նրանց եկամտի աղբյուրները ևս նվազում են, ավելի լուրջ կմոտենան այս պատերազմական իրավիճակին։

– Ի՞նչ այլ տնտեսական ենթակառուցվածքներ կան, որոնք Ադրբեջանի համար մեծ կարևորություն են ներկայացնում ու որոնց խոցումը կարող է մեծ վնաս հասցնել Ադրբեջանին։

– Այս տարածաշրջանով անցնում են երկաթուղային ենթակառուցվածքները, մասնավորապես, Գանձակով անցնում է Վրաստան-Ադրբեջան երկաթգիծը, որի վնասվելու դեպքում ևս մեծ կորուստներ կունենա Ադրբեջանը, քանի որ տարեկան մինչև 650 միլիոն տոննայի բեռ է տեղափոխվում այս լոգիստիկ կենտրոնով։ Գազի մասով Ադրբեջանի բյուջեն լուրջ կորուստներ է ունենում՝ միայն ութ ամիսների հաշվարկով Ադրբեջանն ունեցել է մաքսատուրքերի մոտ 8 տոկոս ավելի քիչ հավաքագրում, հարկերի դեպքում ևս ունի ավելի լուրջ թերհավաքագրումներ ադրբեջանական բյուջեն։

Նավթի գինն ավելի ցածր է, քան նրանք կանխատեսում էին՝ նրանք 2020 թվականի բյուջեով սահմանել էին 55 դոլար մեկ բարելի դիմաց, հիմա տատանվում է 40-45 դոլար մեկ բարելի շրջանակներում։ Դրանով պայմանավորված՝ 2021 թվականի պետական բյուջեն, 2020 թվականի համեմատ, Ադրբեջանը սահմանել է մոտ երկու միլիարդ դոլարով ավելի քիչ։ Նրանք հասկացել են, գնահատել են, որ իրենց նախատեսած նավթի գինը բարելի դիմաց 55 դոլար չի լինելու նաև 2021 թվականի դեպքում և իջեցրել են իրենց բյուջետային ծախսերն ու վերանայել են առաջնահերթությունները։

– Այսինքն ստացվում է, որ եթե հայկական կողմը հարվածի այդ երկաթգծին ու նավթամուղերին, ապա դա կարող է փոխել պատերազմի ընթացքը։

– Ոչ ոք չի կարող երաշխավորել այս պատերազմական իրավիճակում այդ ենթակառուցվածքների անվտանգությունը, քանի որ պատերազմական գործողություններ են տեղի ունենում և ինչպես ադրբեջանական, այնպես էլ հայկական կողմը կարող են վնասել այդ ենթակառուցվածքները։ Դա կարող է տեղի ունենալ անկախ որևէ կողմի կամքից։

– Պատերազմի ձգձգվելը ի՞նչ ազդեցություն կունենա Ադրբեջանի տնտեսության վրա։

– Ինչպես ասացի, արցախամերձ բնակավայրերի բնակիչները լքել են իրենց տները, սոցիալ-տնտեսական խնդիրներ կունենան ինչպես այս տարի, այնպես էլ մյուս տարի, քանի որ այս շրջանների բնակիչները գյուղատնտեսներ են։ Նրանք չեն կարողացել իրենց աշնանային բերքը հավաքել, ավելին՝ աշնանացանն էլ չեն կարողացել կազմակերպել, բնականաբար, սա ևս լուրջ խնդիր կառաջացնի նրանց համար։

Ադրբեջանական տնտեսության մեջ գյուղոլորտը բավականին մեծ, տեսակարար կշիռ ունի և կազմում է մոտ 5 տոկոս, իսկ արտահանման դեպքում նավթագազայինից հետո երկրորդ խոշոր ապրանքնախումբն է։ Սա, բնականաբար, նաև Ադրբեջանի տնտեսությանը վնաս կհասցնի՝ կարճաժամկետ և երկարաժամկետ հատվածում։ Բացի այդ, պատերազմական գործողությունների արդյունքում մեծ թվով ռումբեր և ականներ են մնում այդ հողի մեջ, որոնք դարձնում են այդ հողերը վտանգավոր և դրանք շահագործելու համար պետք է ականազերծվեն, իսկ դա աշխատատար և ժամանակատար գործընթաց է։

Զրուցեց Հայկա Ալոյանը

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close