ԼուրերԿարևորՀարցազրույցՆերքինՔաղաքականություն

Արցախում խաղաղապահների տեղակայումը զինադադարի հասնելու միակ տարբերակն է․ քաղաքագետ

365news.am-ի զրուցակիցը քաղաքագետ Գարիկ Քեռյանն է

-Պարոն Քեռյան, երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «The Telegraph»-ին տված հարցազրույցում ասել է, որ ռուս խաղաղապահների տեղակայումը կարող Լեռնային Ղարաբաղում իրավիճակի օպտիմալ լուծման բերել։ Համաձա՞յն եք այս տեսակետի հետ։

-Ըստ իս, այո։ Խաղաղապահների տեղակայումը զինադադրի հասնելու միակ տարբերակն է, և այն այլընտրանք չունի։ Միայն մեկ ճշտում պետք է անել այստեղ, սա ոչ թե խնդրի կարգավորման, այլ զինադադարի հաստատման միակ միջոցն է։ Փաստացի, մեկ ոչ լրիվ ամսվա ընթացքում կնքվել է երեք զինադադար՝ Մոսկվայում, Փարիզում, Վաշինգտոնում և այդ երեքն էլ տապալվել են։ Տապալման պատճառն այն էր, որ չկան այդ զինադադարն ամրապնդող մեխանիզմներ։ Զինադադարները կնքվում էին առանց դրա գործարկման կամ ապահովման մեխանզիմների։ Փաստացի, օրակարգային թիվ մեկ խնդիր պետք է լինի նման մեխանիզմների հստակեցումը։ Լավրովը որոշ ժամանակ առաջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ եթե ոչ խաղաղապահներ, գոնե զինվորական դիտորդներ պետք է տեղակայվեն Արցախում՝ զինադադարը պահպանելու համար։ Զինվորական դիտորդների շուրջ էլ միասնական համաձայնություն չեղավ, և հիմա միակ ելքը մնացել է խաղաղապահների տեղակայումը։

-Երբևէ կարո՞ղ ենք բացի ռուս խաղաղապահներից տեղակայումից, դիտարկել նաև, օրինակի համար, համանախագահ մյուս երկու երկրների խաղաղապահների տեղակայման հարցը։

-Նիկոլ Փաշինյանը, երկու տարի պետական իշխանության ղեկին լինելով, շփվելով և՛ արևմտյան պետությունների ղեկավարներ հետ, և՛ Եվրասիական ինտեգրացիոն կառույցի մեր գործընկեր պետությունների ղեկավարների հետ, հավանաբար հասկացել է մի պարզ ճշմարտություն, որ միակ պետությունը, որը կարող է զինված ներկայություն ապահովել տարածաշրջանում, դա Ռուսաստանն է։ Անտրամաբանական է նույնիսկ մտածել այլ երկրների խաղաղապահների տեղակայման մասին, քանի որ խաղաղապահների տեղակայող պետությունը տվյալ տարածաշրջանում պետք է ունենա հիմնարար շահեր և շահագրգռվածություն պատեազմը դադարեցնելու համար։ Այս պահին ԱՄՆ-ն թաղված է իր ներքաղաքական խնդիրների մեջ: Բացի դրանից՝ այդ երկիրն առաջնային նպատակներ չունի՝ կապված Հարավային Կովկասի հետ։ Ֆրանսիան էլ, չնայած ունի հստակ ընդգծված հակաթուրքական հռետորիկա, այնուամենայնիվ, ևս իր վրա նման բեռ չի վերցնի։

-Չնայած ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրորվը որոշ ժամանակ առաջ ակնարկել էր հակամարտության գոտում զինվորական դիտորդների կամ խաղաղապաների տեղակայաման մասին, այնուամենայնիվ, ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն անդրադառնալով ՀՀ վարչապետի հարցազրույցին՝ նշել էր, որ Արցախում խաղաղապահներ կարող են տեղակայվել բացառապես հակամարտող երկու կողմերի համաձայնությամբ։ Արդյո՞ք կարող ենք համարել, որ սա մեր ոչ պաշտոնական «խնդրանքի» ոչ պաշտոնական մերժումն էր։

Այո, հիմա արդեն խնդիր կա այդ հարցի հետ կապված՝ Ռուսաստանն իր խաղաղապահներին կբերի՞ տարածաշրջան, թե՞ ոչ։ Կարծում եմ՝ նրանք դեռևս այդ հարցի վերաբերյալ հստակ որոշում չեն կայացրել, քանի որ եթե կայացրած լինեին, նման երկիմաստ հայտարարություններ չէին անի։ Ամեն դեպքում, ես վստահ եմ՝ առաց Ռուսաստանի ռազմատեխնիկական աջակցության մենք չէինք կարող մեկ ամիս դիմագրվել մի կողմից 10 միլիոնանոց, մյուս կողմից էլ 80 միլիոնանոց պետությունների ռազմական ճնշումներին։

-Պարոն Քեռյան, Ադրբեջանը երբևէ կհամաձայնի՞ կամ ինքը կդիմի՞տարածաշրջանում ռուսական խաղաղապահների տեղկայաման համար։

-Հնարավոր է ինչ-որ ժամանակ դիմի, սակայն հիմա Ադրբեջանը՝ հասկանալով, որ դեռ նոր հաջողությունների հասնելու շանսեր ունի, նման խնդրանքով չի դիմի։ Բացի դրանից, ես այն կարծիքին եմ, որ ներկայումս չի դիմի նաև այն պատճառով, որ Ադրբեջանն իր սուվերեն քաղաքականությունը դրել էր Անկարանի ոտքերի տակ։ Անկարան, ներկայումս այն ուժն է, որը, ըստ էության, Ռուսաստանից ոչ թե վախենում է, այլ ընդհակառակը՝ մարտահրավեր է նետում Ռուսաստանին՝ նրանից փորձելով խլել Հարավային Կովկասում ունեցած գերակայությունը։

Զրուցեց Մելինե Պետրոսյանը

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել