1ԱրտաքինԳլխավորԼուրերՀարցազրույցՔաղաքականություն

Թուրքիային ու Ադրբեջանին պատժելու հարցն է առաջ գալիս, իսկ պատժողի դերում պետք է լինի հայկական բանակը. Սարո Սարոյան

365news.am-ը զրուցակիցն է քաղաքագետ Սարո Սարոյանը:

-Ադրբեջանը խախտեց՝ այս անգամ էլ Միացյալ Նահանգների միջնորդությամբ ձեռք բերված հրադադարը: Արդյո՞ք սա անհետևանք կմնա թուրք-ադրբեջանական տանդեմի համար:

-Կարծում եմ, որ իհարկե հետևանքներ կունենա: Այնպես չի, որ հրադադարի խախտումներն անհետևանք են մնում և այնպես չի, որ Ռուսաստանի ու Ֆրանսիայի հրադադարի համաձայնությունները խախտելը անհետևանք են մնում. իհարկե հետևանքներ կունենան: Մենք ուղղակի հետևանք ասածը պատկերացնում ենք մի քիչ ավելի լուրջ հետևանք. դրանք լինելու են հետևանքներ՝ Մինսկի խմբի շուրջ բանակցությունների հետ կապված: Այստեղ է, որ շատերը կառչած են մնում այդ խմբի ձևաչափին՝ հույս տածելով, թե ի վերջո հնարավոր կլինի ստիպել Ադրբեջանին բերել այդ ֆորմատով բանակցությունների սեղան և հասնել խնդրի խաղաղ կարգավորմանը: Բայց կյանքն այլ բան է վկայում: Կյանքը վկայում է, որ այս պատերազմը սկսվել է ոչ թե այդ խնդիրը լուծելու ակնկալիքով, այլ այդ ձևաչափը բացարձակ ոտնահարելու համար: Եթե նույնիսկ աշխարհում կան երկրներ ու ուժեր, որոնք դա չեն ընկալում, միևնույն է իրադարձությունների ու գործընթացների զարգացումները բերում են դրան, որ վաղուց մեռած Մադրիդյան սկզբունքները կյանքի կոչելով՝ միևնույն է, առաջ չեք կարող գնալ: Իմ կարծիքով՝ աշխարհն ինքն է կանգնելու այն փաստի առաջ, որ ստիպված է լինելու խախտված բանակցության գործընթացի լուծումը բերել՝ նոր ֆորմատ առաջարկելով, իսկ այդ ֆորմատի ամենահավանական տարբերակը Արցախի ճանաչումն է առանձին երկրների կողմից, որը բոլորովին այլ իրավիճակ կստեղծի և Թուրքիային փաստի առաջ կանգնեցնի:

-Լավրովն ու Ստոլտենբերգը հայտարարում են, որ Թուրքիան պետք է օգտագործի իր ազդեցությունը հակամարտության դեէսկալացիայի համար: Ինչպե՞ս հասկանալ այս հայտարարությունները:

-Աշխարհում քիչ չեն միամիտներն ու այն ուժերը, որոնք փորձում են մեռած ձևաչափերին նոր կյանք հաղորդել: Այդ հայտարարությունները հենց դրա վկայությունն են: Ըստ էության, խնդրում և պատերազմական գործողություններում դրական դինամիկա կարելի է արձանագրել միայն այն դեպքում, երբ այդ մտածողությունը իսպառ վերանա: Դրանք այլևս չեն աշխատում՝ ինչքան շուտ հասկանան, այնքան փոփոխությունն ավելի արագ կարվի:

-Մինչ աշխարհի հզորագույն երկրները հասկանան դա, մեզ համար չափազան ուշ չի՞ լինի՝ ի նկատի ունեմ Ադրբեջանի կողմից ռմբակոծության ենթարկվող քաղաքացիական բնակավայրերը, ենթակառուցվածքները և այլն:

-Հայաստանն այլ տարբերակ չունի՝ պետք է դիմակայենք արտաքին թշնամուն: Եթե մենք հույս ենք դրել, թե աշխարհը երբ ուշքի կգա… աշխարհը կարող է և ուշքի չգալ, ամբողջ խնդիրը հենց այդ է: Երբ դու գիտես, թե ինչպիսին է վիճակը և ինչ թշնամու հետ գործ ունես, ըստ այդմ էլ կառուցում ես քաղաքականությունդ: Եթե մենք արտաքին ուժերի հետ իրենց երաժշտության տակ պիտի պարենք, որ գնանք Էրդողանին ինչ-որ բան հասկացնելու ուղով կամ Ալիևին ինչ-որ բան սպառնանք, ինչ-որ պատժամիջոցներ, բնական է, որ այս հարցի պատասխանը միշտ ի օգուտ թշնամու է լինելու: Բայց կյանքն ուրիշ բան է ստիպում մեզ անել, ու ըստ այդմ՝ մենք պիտի շարժվենք, այդ ժամանակ էլ ելքերը գտնվում են: Հայաստանը ինքը պետք է հասկանա, որ իրավիճակն այսպիսին է՝ տարիներ շարունակ մեռած ուղին ուզում են վերակենդանացնել. դա ոչինչ չտվող ճանապարհ է, ու լրիվ այլ ուղով է պետք ընթանալ: Աշխարհի հետ պետք է հարաբերվել հենց իրական հողի վրա, իսկ իրական հողը ենթադրում է, որ այսպիսին է Թուրքիան և այսպիսին է Ադրբեջանն, ու նրանց դիմագրավելու հնարավորությունը կա և այդ հնարավորությունը հայկական բանակը կարող է իրականացնել: Դրա համար կան որոշակի պարամետրեր, որոնք պետք է իրականացվեն: Եթե աշխարհի հետ այս ձևով խոսի հայկական կողմը, բոլորովին այլ իրավիճակ կստեղծվի:

-Փաստացի Թուրքիան և Ադրբեջանը չեն ենթարկվում համաշխարհային խոշոր խաղացողներին:

-Երբ որ արձանագրում ենք, որ Թուրքիան չի ենթարկվում, Ադրբեջանն էլ, լինելով Թուրքիայի խամաճիկը, չի ենթարկվում համաշխարհային կարգին, ապա պատժելու խնդիր է ի հայտ գալու: Հիմա, եթե պատժելու խնդիր է ի հայտ գալիս, ո՞վ պիտի պատժի, եթե ոչ հայկական բանակը: Ինչո՞ւ չենք մտածում, որ մենք այդ խնդիրը պիտի լուծենք: Ի վերջո, աշխարհն ինքն է գալու դրան: Պարտադիր չի, որ Միացյալ Նահանգների կործանիչները հրթիռներ գցեն Անկարայի վրա, թե մեր ակնկալիքն այն է, որ ինչ որ բարի քեռի կգա ինչ-որ բան կանի: Բարի քեռին մենք ինքներս ենք, ու այդ ուղղությամբ է պետք աշխատել:

Զրուցեց Հայկա Ալոյանը

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել