ԼուրերԿարևորՀարցազրույցՏնտեսություն

Թուրքական ապրանքները կարող են փոխարինվել այլ երկրներից ներկրվող՝ գնով ու որակով անհամեմատ լավ ապրանքներով. դիզայներ

365news.am-ը Արցախից տեղափոխվածներին օգնություն ցուցաբերելու, կամավորական խմբերի գործունեության, Թուրքիայից ապրանքների ներկրման վրա էմբարգո կիրառելու և դրանց փոխարինելու տարբերակների մասին զրուցել է «Մարգո ֆեշըն»-ի տնօրեն, դիզայներ Մարգարիտա Պետրոսյանի հետ:

-Դուք օգնում եք Արցախից Հայաստան տեղափոխվածներին: Ինչպե՞ս են համակարգվում նրանց օգնելու առաջնահերթ խնդիրները: Հիմնականում ի՞նչի օգնության կարիք ունեն տեղափոխվածները:

-Պատերազմի արաջի օրերին Արցախից տեղափոխվածների և նրանց կարիքների մասին տեղեկությունները ստանում էինք սոցցանցերից, ծանոթներից, Արցախում բնակվող բազմաթիվ ընկերներից։ Առաջնահերթ հարցը մարդկանց բնակարանով ապահովելն է, այնուհետ մահճակալ, ներքնակ, տաք հագուստ, սնունդ և այլն: Վերջին կետերով այժմ շատ արդյունավետ զբաղվում են «Հոգ տար», «Спеши к добру» ֆոնդերը, Ուկրաինայի հայերի միությունը, որը ստեղծել է հատուկ շտաբ Ուկրաինայից բերված օգնությունը նպատակային և հստակ բաշխելու համար: Կարծում եմ՝ հիմա արդեն պետք է կենտրոնացած այդ հարցերը լուծենք։

– Հայաստանում այս օրերին բազմաթիվ մանր և միջին ձեռնարկատարեր հայտարարեցին, որ տարատեսակ ակցիաներով եկամուտի որոշակի մասը նվիրաբերելու են Հայաստան հիմնադրամին: Դուք միացե՞լ եք այդ նախաձեռնությանը:

-Սեպտեմբերի 27 ից արվեստանոցս կա՛մ փակ էր, կա՛մ ժամանակավոր պահեստ էր ծառայում: Վերջերս հասկացա, որ շատ ավելի օգտակար կարող եմ լինել իմ հայրենիքին, եթե ջանքերս ուղղեմ այն ոլորտին, որտեղ պրոֆեսիոնալ եմ։ Այսուհետ margofashion-ի յուրաքանչյուր գնումից հասույթի 50% փոխանցվելու է մեր բանակին։ Արդեն առկա էն նաև նվեր քարտեր 30, 40, 50 և 75000 դրամ արժողությամբ, այդ հասույթից ևս 50% ուղարկվում է Ֆոնդ։

-Որքանո՞վ է կարևոր կնոջ դերը, հոգեբանական ամրությունը թիկունքն ամուր պահելու համար պատերազմի ժամանակ:

-Շատ եմ մտածում այդ մասին։ Ամեն խոսքս, քայլս մտքում կշռադատում և ստուգում եմ, որովհետեւ մենք պիտի արժանի լինենք մեր տղամարդկանց սխրանքին: Անջատել ավելորդ էմոցիաները, միասնական լինել, պահպանել պարզ և սառը դատողություն և քրտնաջան աշխատել։ Մեր բոլորիս նպատակը հաղթանակն է։

– Կառավարությունը ժամանակավորապես արգելեց Թուրքիայից ապրանքների ներկրումը: Ներքին շուկան կկարողանա՞ լրացնել այդ բացը: Տեքստիլի արտադրության ոլորտում Հայաստանն այդ ներուժն ունի՞:

-Ես նախկինում էլ չեմ աշխատել թուրքական արտադրանքի գործվածքներով: Մենք միանշանակ ունենք ալտերնատիվ տարբերակներ, առավել ևս՝ դրանք անհամեմատ բարձր որակ ունեն։ Օրինակ՝ «Մտեքստիլ» խանութ սրահը բացման օրվանից թուրքական գործվածք չի ներկրել։ Բացառիկ որակի եվրոպական բրդյա, բամբակյա, մետաքսյա գործվածքներ են ներկրում։ Ի դեպ, պիտի նշեմ՝ շատ անգամ թուրքականից մատչելի։ Արաբական Միացյալ Էմիրություններից ես ինքս նմուշներ եմ բերել հիանալի հնդկական արտադրության բամբակյա գործվածքներ։ Իհարկե, մենք առայժմ չունենք տեքստիլի արտադրանք, բայց շատ հանգիստ կարող ենք ներկրել որակյալը և չհարստացնել թշնամուն։

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close