1ԱրտաքինԳլխավորՀարցազրույցՔաղաքականություն

Հարավային Կովկասում անվտանգությանը և կայունությանը վերադառնալու միակ իրական հնարավորությունը կարող է մնալ Պուտինի վրա. քաղաքագետ

365news.am-ի զրուցակիցը քաղաքագետ, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանն է

Պարոն Կիրակոսյան, ինչպե՞ս եք գնահատում միջազգային հանրույթի գնահատականները՝ կապված ռազմական գործողությունների հետ:

– Ակնհայտ էր, որ Թուրքիայի կողմից աջակցվող ադրբեջանական հարձակման պլանավորումը և համակարգումը հիմնված էր ժամանակի հաշվարկի վրա: Տեսնելով, որ Ռուսաստանը զբաղված է ռուսական ընդդիմադիր գործչի թունավորմամբ պայմանավորված պատժամիջոցների սպառնալիքով, ամերիկացիները կենտրոնացած են իրենց նախագահական ընտրությունների վրա, իսկ ԵՄ-ն զբաղված է COVID-19 դեպքերի ալիքի կառավարմամբ, ադրբեջանական ուժերը ռազմական գործողություններ սանձազերծեցին:

Այս համատեքստում, եթե դիտարկում ենք, ապա միջազգային հանրության «արձագանքը» թե՛ դանդաղ էր, և թե՛ թույլ էր ու դա ընդհանրապես զարմանալի չէ: Հակամարտության մեջ, չունենալով ստրատեգիական հետաքրքրություններ և տարածաշրջանում սահմանափակ լուրջ լծակներ, սպասվում էր թույլ արձագանք նաև Արևմուտքի կողմից: Բայց այս ամենն արդարացում չէ այն խուլ լռության համար, որը հաջորդեց Ադրբեջանի կողմից մահացու հարձակումներին:

– Կարո՞ղ ենք ասել՝ ԼՂ հակամարտությունն այս ռազմական պատճառով կամ շնորհիվ դուրս եկավ զուտ լոկալ, տարածաշրջանային կոնֆլիկտ լինելու կարգավիճակից:

Մարտերի այս փուլը ձգտում է սահմանել ղարաբաղյան հակամարտության նոր ենթատեքստ, և մի քանի կարևոր առումներով զգալիորեն տարբերվում է նախորդ ռազմական գործողություններից: Նախ՝ ադրբեջանական այս վերջին հարձակումը մասշտաբային և տարածքային առումով շատ ավելի լուրջ էր, համաձայնեցված գրոհներով՝ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանից անջատող շփման գծի ողջ երկայնքով:

Ի տարբերություն 2016-ի ապրիլյան ռազմական գործողությունների, որոնք այն ժամանակ ամենալուրջ բախումներն էին 1994-ի փխրուն հրադադարի հաստատումից ի վեր, այսօրվա ռազմական գործողություններն առավել վտանգավոր են իրենց ինտենսիվության պատճառով: Ավելի ստույգ այդ ուժեղացված ինտենսիվությունը բխում է Թուրքիայի անմիջական ռազմական միջամտությունից:

Չնայած տեղայնացված բնույթին, այնուամենայիվ, ղարաբաղյան հակամարտությունն առանցքային դեր ունի ավելի մեծ, ավելի հզոր տարածաշրջանային դերակատարների, ինչպիսիք են Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը, մրցակցային շահերի առավել լայն բախման համատեքստում:

Արդյո՞ք այն երկրների հետ, որոնց հետ ունեինք ռազմավարական դաշնակցային հարաբերություններ, ռազմական գործողություններից հետո հարաբերությունները վերանայելու կարիք կլինի:

– Ռուսաստանի համար ղարաբաղյան հակամարտությունն իր ուժն ու ազդեցությունը պահպանելու ամենաարդյունավետ լծակն է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի վրա, մանավանդ որ այժմ այդ երկիրը ծառայում է որպես առաջնային զենք մատակարարող թե՛ Հայաստանին, թե՛ Ադրբեջանին:

Եվ որպես առանցքային արտաքին դերակատար Ռուսաստանն այժմ ընդունվում է հակամարտության հիմնական շահագրգիռ կողմ, որը հիմնականում պայմանավորված է իր դիվանագիտական ներգրավվածությամբ և նախաձեռնությամբ որպես համանախագահող երկիր Ֆրանսիայի և ԱՄՆ-ի հետ միասին:

Միևնույն ժամանակ հակամարտությունը նաև մարտահրավեր է Ռուսաստանի համար, քանի որ բացահայտեց և խորացրեց Հայաստանի հետ իր «ռազմավարական գործընկերության» և անվտանգության դաշինքի թուլությունը: Ավելի կոնկրետ մի քանի տարի է, ինչ խորը ճգնաժամ կա հայ-ռուսական հարաբերություններում: Այս ճգնաժամը խորացվում է ոչ թե բուն հարաբերության դժգոհությունից, այլ հարաբերությունների անհավասար պայմաններից` արտահայտվելով հիասթափությամբ:

Ամեն դեպքում Ռուսաստանի` ընկերներին կորցնելու և թշնամիներ ձեռք բերելու պատմական փորձի հետ միաժամանակ, որն ակնհայտ է Վրաստանում, Ուկրաինայում և այլուր, տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերադառնալու միակ հնարավորությունը կարող է իրականում մնալ Պուտինի վրա:

Ուստի, որքան էլ, որ դժվար լինի պուտինյան Ռուսաստանի աջակցությունն ընդունելը, չպետք է մոռանանք, որ պատերազմում էրդողանյան Թուրքիայի սպառնալիքը շատ ավելի մեծ վտանգ է ներկայացնում:

Զրուցեց Մելինե Պետրոսյանը

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել