1ԱրտաքինԳլխավորԼուրերԿարծիքՔաղաքականություն

Թուրքիայի և Ուկրաինայի միջև ռազմական համագործակցության հուշագիրը ստորագրելուն ուղղված աշխատանքները սկսել են դեռևս անցած տարի. Օլեգ Սահակյան

Ուկրաինացի քաղաքագետ Օլեգ Սահակյանը 365news.am-ի հետ զրույցում նշեց, որ Ուկրաինայի և Թուրքիայի միջև փոխգործակցության հուշագրի ստորագրությունը պատրաստվել է դեռևս մեկ տարի առաջ:

«Թուրքիայի հետ հուշագրի ստորագրմանը նախորդել է երկար նախապատրաստությունների ու համաձայնեցնելու շրջան, ինչը սկսվել էր դեռևս մեկ տարի առաջ ու ոչ մի կերպ չէր կարող կապված լինել Արցախյան ներկայիս իրադարձությունների հետ»,- ասաց քաղաքագետը:

Ինչ վերաբերում է հուշագրի բովանդակությանն, ապա Սահակյանը խուսափում է գնահատականներ տալուց, քանի որ դեռևս չի հրապարակվել հուշագրի տեքստն, ու ըստ այդմ, դատողություններ անելը սխալ է: Ինչ վերաբերում է նմանատիպ հուշագրերին, ապա քաղաքագետը նշում է, որ նմանատիպ հուշագրեր ստորագրվել են նաև այլ երկրների հետ:

«Այս տարվա սեպտեմբերի 5-ին նմանատիպ մի հուշագիր է ստորագրվել Ռումինիայի հետ: Դեռևս 90-ականների սկզբին նմանատիպ հուշագրեր կան տարբեր երկրների հետ, մասնավորապես, Վրաստանի հետ, և դրանց մեջ ինչ-որ ծուղակներ չկան, ո՛չ այդ դեպքում, ո՛չ այս դեպքում պետք չէ ծուղակներ փնտրել: Խոսքն այստեղ գնում է պրագմատիկ համագործակցության, այլ ոչ թե դաշնակցային հարաբերություններ հաստատելու մասին»,- նշեց Օլեգ Սահակյանը:

Քաղաքագետը նաև նկատեց, որ այս հուշագիրն ավելի շատ շեշտը դնում է ռազմատեխնիկական համագործակցության վրա, ինչը վերջին տարիներին երկու երկրների միջև փոխշահավետ զարգացել է:

«Չէ որ Ուկրաինան ռազմական տեխնիկական արտադրության մի շարք ուղղություններ ունի, որոնք Թուրքիայի համար Ուկրաինայի հետ համագործակցությունը բավականին հետաքրքիր է դարձնում: Օրինակ՝ դա վերաբերում է տանկերի արտադրությանը, ինքնաթիռներին ու շարժիչներին: Մյուս կողմից էլ Ուկրաինայի համար մեծ հետաքրքրություն են առաջացնում հարվածային ԱԹՍ-երը»,- շեշտեց քաղաքագետը:

Օլեգ Սահակյանն ընդգծեց, որ Ուկրաինայի համար ռազմական արտադրության ոլորտում տարբեր երկրների հետ նմանատիպ հուշագրերի կարևորությունն այն նպատակն է հետապնդում, որպեսզի ՌԴ-ի հետ որոշ արտադրական ուղղություններում կապերի խզումից հետո կարողանան վերստին վերածնել արտադրության ճյուղերը, որոնք Ռուսաստանի հետ կապերի խզումից հետո պարզապես կանգ առան:

«Բացի այդ, Ղրիմի օկուպացիայի ֆոնին այս համագործակցությունը կարող է Սև ծովի ակվատորիայում անվտանգությունն ապահովել: Այս տեսանկյունից է պետք դիտարկել նաև վերջերս Ռումինիայի հետ կնքված ռազմական համագործակցությունը»,- եզրափակեց Օլեգ Սահակյանը:

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել