1ԱրտաքինԳլխավորԼուրերՀարցազրույցՔաղաքականություն

Հոլոքոստ տեսած Իսրայելն այս պատերազմում մասնակից է ցեղասպանության դրսևորումներին․ Անդրանիկ Քոչարյան

365news-ի զրուցակիցն է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը

-Ձեր կարծիքով ո՞րն է փոխզիջման այն առավելագույն չափը, որ կարող է ընդունելի լինել հայկական կողմի համար բանակցությունների ժամանակ։

-Հիմա փոխզիջումների մասին խոսելը պարզապես անիմաստ զբաղմունք է։ Հիմա պետք է դադարեցնել պատերազմը, հրադադարի ռեժիմ հայտարարել և գնահատել, թե ինչ է տեղի ունեցել այս ընթացքում։ Փոխվել է ամբողջությամբ բանակցային գործընթացի գաղափարախոսությունը, իդեոլոգիան, փոխզիջումների ամբողջ տրամաբանությունը, առաջնագծի և անվտանգության գոտու արժեքը։ Դրանք այն խնդիրներն են, որոնք դարձան ոչ միայն Հայաստանի ու Ադրբեջանի և Մինսկի խմբի եռանախագահող երկրների, այլև միջազգային հանրության քննրակման թեման։ Որովհետև անվտանգության գոտին արդեն միայն Արցախի անվտանգության գոտին չէ, դա միջազգային տեռորիզմի կասեցման գոտի է։ Դուք տեսաք, որ այս պատերազմի մեջ հայտնվեցին ԻԳԻԼ-ի գրոհայինները, որոնք տեղակայվել էին Իդլիբում և Թուրքիայի իշխանությունների թեթև ձեռքով տեղափոխվեցին Իրանի սահման։ Նրանց տեղաշարժի իմաստը Թուրքիայի համար ոչ միայն Արցախի պատերազմական գոտի բերելն էր, այլև Իրանի սահմանին մոտեցնելն էր։ Նաև Ռուսաստանի սահմանին մոտեցնելն էր։ Արդեն գիտեք, որ ահաբեկիչները թափանցել են Ռուսաստանի Դաշնություն՝ գործողությունները Դաղստանում, Չեչնիայում և Վոլգոգրադում խոսում են այդ մասին։ Աշխարհի համար արդեն լուրջ անհանգստություն կա, այս շրջապտույտը նոր ընթացք է ստանում։ Մենք տալիս ենք մեր գոյության կռիվը, և գոյության խնդիրն է, որ փոխում է բանակցության մեր պահանջը՝ Արցախը պետք է ճանաչվի, որպեսզի ժողովուրդը կարողանա ապրել։ Բայց որպեսզի կարողանանք ճանաչվել և ապրել, մենք պետք է հաղթենք այս պատերազմը և կհաղթենք։ Հակառակորդը եկել է մեզ սպանելու: Նա, իհարկե, սպանում է, բայց մենք 10 անգամ ավել պետք է կարողանանք սպանել, որպեսզի մեր գոյության խնդիրը լուծենք։

-Մեր վարչապետն ասում է, որ հումանիտար ճգնաժամը կանխելու միակ տարբերակը ԼՂ ճանաչումն է աշխարհի պետությունների կողմից։ Բայց ինչպե՞ս կանգնեցնել պատերազմը, որպեսզի խոսենք դրա մասին։

-Մենք հիմա դրանով ենք զբաղված, դրանով է զբաղված Արցախի Պաշտպանության բանակը հայ ժողովրդի միասնականությամբ։ Դա միայն Պաշտպանության բանակի խնդիրը չէ արդեն, մեր ազգի գոյատևման խնդիրն է։ Եթե Արցախի Հանրապետության քարտեզը նայեք, կտեսնեք, որ դա նաև ՀՀ գոյատևման խնդիրն է, ամբողջ Սփյուռքի գոյատևման խնդիրն է։ Եվ այդ գիտակցումն այնքան բուռն է, որ պայքարն ամբողջ աշխարհում է գնում Սփյուռքի օգնությամբ։ Մեր սահմաններին մենք մարտնչելով ենք մեր իրավունքները պաշտպանում, իսկ ԵՄ երկրների, Միացյալ Նահանգների կամ ամերիկյան մայրցամաքում հայությունն առանց կրակելու է մեր իրավունքների համար պայքարում։

-Պարոն Քոչարյան, ինչու՞ ՆԱՏՕ-ն չի կանխում Թուրքիայի մասնակցությունը այս պատերազմին, որը ՆԱՏՕ-ի գործը չէ։

-Նախ պիտի հասկանալ ՆԱՏՕ-ի կառուցվածքը, քաղաքական շահերը և այն, թե ով է ՆԱՏՕ-ն ղեկավարում։ Դա հաստատ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը չէ։ Նա, ով ֆինանսավորում է ՆԱՏՕ-ի կարիքները, նա էլ ունի հեռահար պլաններ։ Ես այս հարցի պատասխանը թույլ տվեք հստակ չտամ, բայց եթե դուք վերցնեք ՆԱՏՕ-ի տեղեկագրերը, կտեսնեք, թե որ պետությունից է այդ ռազմաքաղաքական կազմակերպությունը ստանում ամենամեծ ֆինանսավորումը։ Եվ եթե այդ պետությունը չի բռնում ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի ձեռքը, ուրեմն այդ պետությունն ունի շահեր մեր անվտանգության գոտու մատույցներում դեպի Իրանի սահման։ Իսկ սրա հովանավորը Թուրքիայի կառավարությունն է իր նախագահ Էրդողանի գլխավորությամբ։ Բայց եկեք չմոռանանք Իսրայելի մասնակցությունը։ Այստեղ մի քանի շատ ազդեցիկ պետությունների գեոքաղաքական շահեր են համընկել։ Այդ շահերը ոչ թե Արցախի կամ Ադրբեջանի կամ Հայաստանի կոնֆլիկտի լուծումն է, այլ դրանք ավելի գլոբալ աշխարհաքաղաքական են և հասնում են Իրանի ու Ռուսաստանի սահմաններ։

-Այսինքն, այդ շահերի մեջ երկրորդական է Իսրայելի զե՞նքը։

-Ես կարծում եմ, քանի որ Իսրայելի կառավարությունը՝ զենք տալով Ադրբեջանին, Թուրքիայի մասնակցությամբ այդ զենքը բաժանելով ահաբեկիչներին, Իսրայելը ուզի-չուզի դառնալու է մասնակից։ Իսրայելը ադրբեջանական սպառազինության 60 տոկոսի մատակարարն է, դրանք գերժամանակակից, 5-րդ սերնդի, նաև անմարդկային զինատեսակներ են՝ սկսած կասետային ռումբերից, վերջացրած անօդաչուներով, որոնք ստեղծված են նաև քաղաքացիական բնակչությանը ոչնչացնելու համար։ Այսինքն, մենք այս պահին գործ ունենք ցեղասպանության հնարավորության հետ։ Եթե Հոլոքոստ տեսած Իսրայելը դարձել է մասնակից այդպիսի գործընթացի, նշանակում է ինքը մասնակից է ահաբեկչությանը, ցեղասպանության դրսևորումներին։ Ինքը պայքարել է նաև «Հզբոլլահի» դեմ և ցույց է տվել, որ իր համար ահաբեկչության դեմ պայքարն առաջնահերթ խնդիր է։ Բայց այսօր մենք տեսնում ենք երկակի ստանդարտ։

Մենք տեսնում ենք ինչ-որ անհասկանալի շահեր և այդ շահերում օգտագործվում են այլ ուժեր, որոնք այդ օգտագործման արդյունքում ուժեղանում են։ Նրանք ստանում են սպառազինություն, փող, իշխանություն։ Չմոռանանք, թե ինչպես տարիներ առաջ ձևավորվեց «Իսլամական պետությունը», որի հիմքում «Թալիբան» ահաբեկչական շարժումն էր։ «Թալիբանը» դարձավ «Իսլամական պետություն», խալիֆա, ցանցային կառավարում իսլամական աշխարհում։ Եվ հիմա այդ բոլոր գործընթացները եկել են Կովկաս։ Մենք դատապարտված ենք մեր գոյության խնդիրը լուծելով, պաշտպանելով մեր երկիրը, մեզ պաշտպանել նաև Կովկասը։ Ժամանակին Իսրայելը դարձավ Արևելքի համար կարևորագույն գործոն, մենք էլ դատապարտված ենք Հայաստանը Կովկասում դարձնել ամենակարևորագույն գործոնը հակատեռորիստական ուժերի ու պանթուրքիզմի դեմն առնելու համար։ Եվ դրա համար աշխարհը պարտավոր է նաև կանգնի մեր գոյապայքարի կամ մեր կողքին։ Այնուամենայնիվ, այսօր էլ մեր կռիվը գնում է Արցախում մեր հայրենակիցների համար, բայց այս կռիվը նաև աշխարհի անվտանգության համար է։ Եվ բոլոր այն երկրները, որոնք վտանգում են աշխարհի անվտանգությունը, դատապարտվելու են վաղ թե ուշ։ Իրենք դա չեն գիտակցում. հովանավորելով Էրդողանին, վախենալով Էրդողանից կամ Թուրքիայի հետ ընդհանուր շահեր ունենալով՝ մասնակից են դառնում միջազգային ահաբեկչությանը, իսկ դա աննկատ չի մնալու։

-Ձեր նշած մարտահրավերների հիմնական շահառուները Ռուսաստանն ու Իրանն են։ Իրանի պասիվությունն ինչ-որ կերպ հասկանալի է։ Ինչո՞վ բացատրել Ռուսաստանի գործնական պասիվությունը։

-Ես Ռուսաստանի պասիվություն չեմ տեսնում։ Ավելին, Ռուսաստանն առաջինը արձագանքեց։ Ուղղակի պետք է հասկանանք, որ նա բազմավեկտոր շահեր ունի այս մեծ գեոքաղաքական խաղի մեջ ներգրաված պետությունների հետ։ Բայց Ռուսաստանն ունի ստրատեգիական պարտավորություններ ՀԱՊԿ անդամ Հայաստանի հանդեպ։ Մենք նրա համար ստրատեգիական գործընկեր ենք։ Այսօր էլ Ռուսաստանի և մեր անվտանգության համակարգում նրա մասնակցության չափաբաժինն ինչ-որ չափով լուծում է մեր որոշակի խնդիրները։ Նույնը չեմ կարող ասել նույն ՆԱՏՕ-ի անդամ պետությունների խաղաղապահ գործունեության մասին, ինչպես նաև ԱՄՆ-ի։ Գլխավորը, որ մենք մեր վճռական գոյամարտը տանենք անկասելի, և ինչպես Վազգեն Սարգսյանը կասեր, «վճռական մենակը բոլոր հնարավոր ելքերը գտնում է, պարտվողը կարեկցանք է նվաճում, իսկ հաղթողը՝ բարեկամներ»։ Այնպես որ, մենք հաղթելով՝ ձեռք կբերենք բարեկամներ։ Իսկ հաղթողը այսօր ոչ թե լուծում է Հայաստանի ու Արցախի և այնտեղ բնակվող մեր ժողովրդի խնդիրը, այլև աշխարհի անվտանգության խնդիրը։ Աշխարհն օր-օրի դա հասկանում է, և մենք մենակ չենք մնա։ Մենք մեր խաչը տանում ենք։ Սա երևի մեր պատմության ամենակարևոր կռիվն է, գուցե Սարդարապատից էլ կարևոր, գուցե սա դեռ չենք գիտակցում, պատմաբանները գուցե ապագայում սա կհամեմատեն Սարդարապատի հետ, բայց այս գոյամարտն ավելի ընդգրկուն է, քան Սարդարապատը։

-Ինչպե՞ս կմեկնաբանեք ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոյի արտահայտությունը, որով նա հույս է հայտնում, որ Ղարաբաղում հայերը կպաշտպանվեն ադրբեջանցիների գործողություններից։ Այսինքն, դա չի՞ նշանակում, որ ԱՄՆ-ն պատրաստ է կողքից միայն դիտել, թե մենք ինչպես ենք դուրս գալիս ադրբեջանա-թուրքա-ահաբեկչական այս փորձությունից։

– Ես չէի ցանկանա Պոմպեոյի այդ տեսակետը մեկնաբանել։ Ես ձեզ նկարագրեցի, թե մենք ինչով ենք զբաղված։ ԱՄՆ-ն համանախագահ երկիր է, ինչպես Ռուսաստանը և Ֆրանսիան։ Դուք տեսաք, թե Ֆրանսիայի նախագահն ինչ արագ արձագանքեց այս պատերազմին ներգրավված ահաբեկչական խմբերի կանխարգելման կարևորությանը, տեսաք նաև Ռուսաստանի Դաշնության ակտիվ գործողությունները։ Սրանց ֆոնին իսկապես նկատելի է ԱՄՆ-ի առայժմ պասիվությունը։ Բայց կարծում եմ, որ եռանախագահությունը միայն երկուսով չի պայմանավորված, երրորդն էլ պետք է մասնակցի, որպեսզի աթոռը լինի կայուն։ Աթոռի կայունությունը շատ կարևոր է, երեք ոտքերը ամրացնում են բանակցային գործընթացը։ Եվ եթե մենք արագորեն չմտնենք բանակցային փուլ, կստացվի, որ այս պատերազմի դադարեցման թերացման մեջ համանախագահների մեղքն էլ կարելի է գտնել, որովհետև իրենք չեն գտել ճիշտ լուծումները։ Հիմա շատ են ասում, թե գիտե՞ք ինչ, անվտանգության գոտին ԼՂ տարածքը չէ, բայց էդ գոտին ինչպե՞ս է ձևավորվել, ինչի՞ արդյունքում։ Այդ գոտում ապրում էին ադրբեջանցիները, բայց երբ նրանք սկսեցին այդ գոտուց հարձակվել ու ռազմական ճանապարհով լուծել Արցախի հարցը, արցախցուն ոչինչ չէր մնում, քան այդտեղ բոլոր հենակետերը ոչնչացնելով՝ ձևավորել այդ անվտանգության գոտին։

94-ի հրադադարը միակ պայմանագիրն է, որ այսօր պետք է հիմք ընդունել ու գնալ հրադադարի, մինչև որ համանախագահները կողմնորոշվեն, թե ինչպես են Ադրբեջանին պարտադրում նստել սեղանի շուրջ բոլորովին այլ կոնցեպցիայով։ Ամբողջ աշխարհը տեսավ, և իրենք էլ՝ Ադրբեջանը, երեկ հայտարարեցին, ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի շրջանակում տեղի ունեցած սեմինարի ժամանակ իրենց ղեկավարը հստակ ձայնը բարձրացնելով գոռում էր, թե Ղարաբաղի հարցը պետք է լուծել ռազմական ճանապարհով։ Ես դրանից առաջ ասում էի, որ ռազմական ճանապարհով լուծում չկա, որովհետև ռազմական ճանապարհը ենթադրում է ցեղասպանություն։ Հայ ժողովուրդը հիմա գոյապայքարի է մտել իր իրավունքների համար։ Եթե հազարամյակներով հայ ժողովուրդն աշխարհում ունի դերակատարում, ուրեմն ինքը ունի իրեն պաշտպանելու բոլոր հնարավորությունները։

-Այսօր Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Հայաստանը հրթիռով խփել է Օրդուբադին։ Այս հայտարարությամբ ի՞նչ հարց են ուզում լուծել։

-Թող Ադրբեջանի պաշտպանության նախարարը գնա ու կառավարի իր հրթիռային զորքերի կառավարման կենտրոնները։ Հայաստանը այս պատերազմի հետ որևէ կապ չունի բացառապես այն պատճառով, որ Հայաստանը հարձակվելու որևէ խնդիր չունի։ Հայաստանը և Արցախն ապրում էին խաղաղ պայմաններում, և սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը ձեռնարկեց հարձակում բոլոր ուղղություններով։ Հայաստանն ինչու՞ պիտի խփեր Օրդուբադին, Օրդուբադը հարձակվե՞լ է մեր վրա։ Դա Հասանովի հերթական ախմախությունն է։ Երևի իրենց թվում է, թե Թուրքիային խաղի մեջ մտցնելու համար արժե այսպիսի թեմաներ մտցնել շրջանառության մեջ։ Իրենց գործն է, բայց թող չմոռանան, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է։

Զրուցեց Մհեր Արշակյանը

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել