1ԱրտաքինԳլխավորԼուրերՀարցազրույցՔաղաքականություն

Տպավորություն է, որ մեր դեմ պատերազմում է Թուրքիան, ոչ թե Ադրբեջանը․ Անի Սամսոնյան

365news-ի զրուցակիցն է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը

-Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է ժամանակավորապես արգելել թուրքական ծագման ապրանքների ներմուծումը Հայաստանի Հանրապետություն։ Դա ի՞նչ հարց պետք է լուծի։

-Այս հարցը պետք է ավելի խորապես վերլուծել և հասկանալ, թե Թուրքիայի հետ տնտեսական կապերն ու առևտուրն ինչ ծավալ է կազմում, ինչ ազդեցություն կարող է ունենալ Թուրքիայի տնտեսության վրա և կարող ենք դա որպես պատժամիջոց կիրառել, մյուսը՝ թե ինչ ազդեցություն դա կունենա մեր տնտեսության վրա։ Երկրորդ կարևոր գործոնն այն է, որ մենք եթե հրաժարվում ենք որևէ երկրի ապրանքների արտահանման ներմուծումից, մենք շատ արագ այդ բացը պետք է լրացնենք, որպեսզի չունենանք տնտեսական ու սոցիալական խնդիրներ։ Հետևաբար այս հարցը միայն հայտարարությունների մակարդակում չպետք է ասվի, սա պետք է շատ բազմակողմանի քննարկվի ու միջոցառումներ ձեռնարկելու հետ միաժամանակ պետք է բոլոր ուղղություններով աշխատել, որպեսզի կարողանանք այդ բացը լրացնել։

-Վերջն 30 տարիներին Հայաստանը հաճախ է ջանքեր գործադրել, փորձեր արել՝ կարգավորելու հայ-թուրքական հարաբերությունները տարբեր մակարդակներով։ Վերջինը Սերժ Սարգսյանի փորձն էր։ Ձեր կարծիքով՝ այս պատերազմը ինչքանո՞վ է անհնար դարձնելու այս երկխոսությունը առաջիկայում։

-Ոչ միայն այս պատերազմը, այլ առհասարակ ԼՂ հարցը միշտ էլ անհնար է դարձրել այդ երկխոսությունը։ Երբ 2009-ին ստեղծվեց հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովը, մինչ այդ էլ 2008-ին նախագահական մակարդակով սկսվեցին այցելություններ ու հանդիպումներ, արդեն իսկ թուրքական հասարակական-քաղաքական շրջանակներում դժգոհություններ բարձրացան, որ Հայաստանին դիտարկելով նոր գործընկեր, մենք՝ թուրքերս, կորցնելու ենք Ադրբեջանը։ Իսկ Ադրբեջանն իրենց համար շատ կարևոր է՝ մուսուլմանական երկիր է, եղբայր ժողովուրդ է, ունի չլուծված խնդիր ԼՂ հետ կապված։ Սա մեծապես նպաստեց այն բանին, որ հայ-թուրքական հաշտեցման բանակցությունները և դիվանագիտական շփումները մտան փակուղի։ Այսինքն, այն նախապայմանը, որ հայ-թուրքական հարաբերությունները պետք է զարգանային ու նոր որակ ստանային առանց նախապայմանների, չիրագործվեց։ Որովհետև նախապայմանն արդեն իսկ առկա էր, դրան նպաստեց նաև Ադրբեջանը, որովհետև այնտեղից հնչեցին դժգոհություններ, որ չեք կարող առանց մեր կարծիքը հաշվի առնելու և տարածաշրջանում չլուծված կոնֆլիկտ ունենալով՝ Հայաստանի առջև բացել ձեր դարպասները։

-Թուրքիան օգտվում է վերջին հնարավորությունից նույնիսկ Ադրբեջանի փոխարեն լուծելու Ղարաբաղի հարցը։ Ըստ ձեզ, դա վերջնականապես չի՞ ոչնչացնում հայ-թուրքական հնարավոր շփումների վերջին փշրանքները։

-Բնականաբար, այս իրավիճակում հաշվի առնելով երկու հանգամանք՝ այն, որ Թուրքիան ակտիվորեն միջամտում է այս պատերազմին՝ Ադրբեջանին տրամադրելով զինատեսակներ և տեխնիկական աջակցություն, և անընդհատ մենք հրադադարի ժամանակ ենք տեսնում, որ Թուրքիան ակտիվորեն սադրում է հայ-ադրբեջանական բախումներ, խոսել հայ-թուրքական հարաբերությունների մասին անհնար է։ Եվ երկրորդ խնդիրն այն է, որ այսօրվա Թուրքիան ուրիշ է 2008 թվականի Թուրքիայից։ Այսօրվա Թուրքիաայում ի դեմս Էրդողանի, իշխանության գլուխ է մի ուժ, որն ունի բոլորովին գլոբալ նպատակներ, ծավալապաշտական նպատակներ և իր առջև երկխոսության հարց չի դրել։ Կա ընդամենը Հայաստանի հարցը լուծելու խնդիր և նեոօսմանականությունը դեպի Արևելք հասցնելու։ Սա Էրդողանի պլանն է և այդ պլանում Հայաստանի հետ որևէ դիվանագիտական հարաբերության մասին քննարկում լինել չի կարող և դա է նաև ապացուցում այսօրվա պատերազմը։ Ինձ մոտ երբեմն տպավորություն է, որ մեր դեմ պատերազմում է Թուրքիան, ոչ թե Ադրբեջանը, Թուրքիան է մեզ սպառնում, ոչ թե Ադրբեջանը։ Այսինքն, Ալիևի լեզվով խոսում է Թուրքիան։ Եվ մի փոքր վերլուծելով Մոսկվայում տեղի ունեցած հանդիպումները, հրադադարի հետ կապված պայմանավորվածությունները, ես կարծում եմ, որ նույնիսկ Թուրքիայի մոտ զայրույթ է առաջացրել, որ Ադրբեջանը, Հայաստանը և Մոսկվան կարող են նստել ու խոսել հրադադարի մասին։

-Իր հարցազրույցներում Ալիևը հաճախ է ասում, որ Թուրքիան պետք է ակտիվորեն մասնակցի ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը՝ այսինքն, լինի բանակցային կողմ։ Հայաստանը պե՞տք է համաձայնվի սրա հետ։

-Հայաստանը սրա հետ չի համաձայնվել 1990-ականներին, երբ Թուրքիան նույնիսկ ակտիվ որևէ ռազմական միջամտություն չէր ցուցաբերում Ադրբեջանին, բայց փորձում էր խցկվել բանակցային ձևաչափի մեջ։ Եվ բնականաբար, դիվանագիտությունը և ԵԱՀԿ բանակցային ձևաչափը դասավորվեց այնպես, որ այդ ձևաչափում չի կարող լինել մեկ պետություն, որը կարող է կողմնակալ լինել հակամարտող երկրներից որևէ մեկի նկատմամբ։ Իսկ Թուրքիան, մենք գիտենք, որ լիարժեք պաշտպանում է Ադրբեջանին, սադրում է Ադրբեջանին և չի կարող կառուցողական մոտեցում ցուցաբերել բանակցություններում և չի կարող կառուցողական մոտեցում ունենալ կոնֆլիկտի լուծման մեջ։

-Որոշ վերլուծաբաններ կարծում են, որ լինելով բանակցային կողմ, Թուրքիան կարող է զսպող գործոն դառնալ Ադրբեջանի համար՝ Արցախի հարցի լուծումը չտեսնելու պատերազմի ճանապարհով։ Դուք համաձա՞յն եք։

-Ես չեմ կարծում, որ դա ողջամիտ կարծիք չէ, Թուրքիան սադրող ազդեցություն է ունենում, նրան նույնիսկ Ադրբեջանի շահերը հետաքրքիր չեն, Թուրքիան այստեղ իր շահերն ունի, տարածաշրջանում իր գերակայությունը, դերը վերագտնելու, եթե կարծում է, որ ժամանակին դեր ուներ պատմականորեն հաստատված։ Մենք հիշում ենք ռուս-թուրքական պատերազմները, այդ ամենը տեղի է ունեցել տարածաշրջանում իրենց ազդեցությունը հաստատելու համար։ Հիմա Թուրքիան՝ Էրդողանը փորձում է վերագտնել իր դերը տարածաշրջանում, ինչն այս պահին, ըստ իս, մեր բանակի վճռականության ու կամքի շնորհիվ իրականություն չեն դառնում ու, կարծում եմ, չեն էլ դառնա։

-Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ռուս լրագրողների հետ վերջին հանդիպմանը խոսում էր Արցախի հարցի կարգավորման իր պլանի մասին, ըստ որի՝ Արցախը վերադարձնում է ազատագրված 5 տարածքները, որից հետո միայն խոսում են Արցախի կարգավիճակի մասին։ Հայաստանը և Արցախը պե՞տք է համաձայնվեն լուծման այսպիսի տարբերակի հետ կամ ունե՞ն այլընտրանք։

-Ադրբեջանը այն հարևանն ու պետությունը չէ, որպեսզի նրա հետ բանակցվի այնպիսի փաստաթղթի շուրջ, որտեղ սկզբից իրականություն են դառնալու Ադրբեջանի շահերը պաշտպանող գործողությունները, հետո նոր մտածել Ղարաբաղի կարգավիճակի մասին։ Մենք գիտենք, որ ցանկացած քայլ, որ կիրագործվի այդ բանակցային սկզբունքների համաձայն, Ադրբեջանն օգտագործելու է իր օգտին, ինչպես նաև ռազմական գործողությունները վերսկսելու և իր շահերն առաջ տանելու համար։ Այսինքն, ես կարծում եմ, որ սա անընդունելի է, որովհետև օր առաջ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը պետք է ճանաչվի և ամրագրվի միջազգայնորեն։

-Որից հետո նոր կարելի է խոսել 5 տարածքները վերադարձնելու մասի՞ն։

-Այո, դրանից հետո մենք կարող ենք խոսել բանակցային մյուս սկզբունքների ու պլանների մասին։

Զրուցեց Մհեր Արշակյանը

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել