Լուրեր

3 անշարժ գույք, 90 հազար դոլար, 10 հազար եվրո․ ՀՔԾ պետի տեղակալի հայտարարագիրը. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է.                    

ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ Հովհաննես Ենոքյանը 2020 թվականի մայիսի 25-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել իր 2019-ի տարեկան հայտարարագիրը։

2019-ի սկզբում ՀՔԾ պետի տեղակալը միանձնյա սեփականության իրավունքով ունեցել է 1 առանձնատուն եւ 1 հասարակական նշանակության շինություն Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, ինչպես նաեւ համատեղ սեփականության իրավունքով հողամաս ՌԴ Ղրիմի Հանրապետության Սակի քաղաքում։ Տարեվերջում վերջինիս անշարժ գույքերը պահպանվել են։

Տարեսկզբում Ենոքյանն ունեցել է «VAZ» մակնիշի ավտոմեքենա, որը տարվա ընթացքում վաճառել է 500 հազար դրամով եւ արդյունքում տարեվերջում շարժական գույք չի ունեցել։

Նրա բանկային հաշիվներում տարեսկզբում եղել է՝ 102 հազար 30 դրամ, 99 դոլար եւ 1000 եվրո, իսկ տարեվերջում՝ 102 հազար 30 դրամ, 1132 դոլար եւ 20 հազար ռուբլի։

ՀՔԾ պետի տեղակալի կանխիկ միջոցները 2019-ի սկզբում եղել է՝ 90 հազար դոլար, 10 հազար եվրո եւ 2 մլն դրամ, որից տարեվերջում փոփոխության է ենթարկվել միայն դրամային միջոցները՝ դառնալով 3 մլն դրամ։

Նա 2019-ի ընթացքում 10 մլն 322 հազար 621 դրամի չափով եկամուտ է ստացել՝ ՀՔԾ-ից, որպես աշխատավարձ, ինչպես նաեւ 500 հազար դրամ ստացել է վաճառած ավտոմեքենայից։

Հովհաննես Ենոքյանի կինը՝ Մարիամ Գեւորգյանը 2019-ի սկզբում ունեցել է «HYUNDAI» մակնիշի ավտոմեքենա, որը տարվա ընթացքում վաճառել է 5 մլն 500 հազար դրամով։

Նրա բանկային հաշվին տարեսկզբում գումար չի եղել, փոխարենը տարեվերջում եղել է 5000 եվրո։

2019-ի սկզբում ՀՔԾ պետի տեղակալի կինը կանխիկ ունեցել է 36 մլն 60 հազար դրամ, 10 հազար դոլար եւ 20 հազար եվրո, որը տարեվերջում դարձել է՝ 43 մլն դրամ, 10 հազար դոլար եւ 15 հազար եվրո։ Գեւորգյանը 2019-ին եկամուտ է ստացել իր ավտոմեքենայի վաճառքից՝ 5 մլն 500 հազար դրամ, ինչպես նաեւ «Մարիամ Գեւորգյան» ԱՁ-ից ստացված աշխատավարձից՝ 2 մլն 500 հազար դրամ…

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել